«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը պնդում է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինն Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում՝ պետական բյուջեից գումարներ ստանալով, միևնույն ժամանակ հիմնադրելով մասնավոր ընկերություն, որն ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:
Նարեկ Մալյանը մինչ այս պնդումը երեկ՝ հունվարի 9-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ռուստամ Բադասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը, հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն:
«Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես, Տաթևիկ Սարգսյանը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը»,- մասնավորապես, գրել էր նա:
Նարեկ Մալյանի գրառումը տարածում էր գտել մի շարք լրատվամիջոցներում՝ 168.am, tert.am, news.am, yerkir.am, yerevan.today.am, analitik.am և այլն։
Այս հայտարարությունից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հերքել էր Մալյանի այս պնդումը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «ՀՀ արդարադատության նախարարի կինն իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով անցած տարվա ամռանից այլևս չի աշխատում իմ գրասենյակում։ Բայց եթե աշխատեր էլ, դրա մեջ ոչ մի կոռուպցիա չկա»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս հերքել էր Մալյանի տեղեկությունը։ «Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում (տես Լենա Նազարյանի հերքումը): Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի արտոնագիրը ստացել է դեռևս 2015 թվականին, և այդ մասին տեղեկությունը հասանելի է advocates.am կայքում: Նույն ժամանակահատվածում տարբեր կարգավիճակներով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ)։
Ես ինքս եղել եմ այլ փաստաբանական գրասենյակի բաժնետեր, սակայն շահերի բախման իրավիճակներից խուսափելու համար, դեռևս ՊԵԿ-ում, հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից»։
Նարեկ Մալյանն այնուհետև մեկ այլ գրառում էր կատարել՝ նշելով, որ իր բարձրացրած աղմուկից հետո ԱԺ կայքից հեռացվել է Բադասյանի կնոջ մասին տեղեկությունը։
Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմից նշեցին, որ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի աշխատակազմի փորձագետ Տաթևիկ Սարգսյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2019 թվականի հուլիսի 9-ին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի՝ թիվ 641 հրամանի համաձայն, կից ներկայացնելով ազատման որոշումը։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ԱԺ կայքից միայն այսօր են հեռացրել արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը, ԱԺ աշխատակազմից պարզաբանում են, որ ԱԺ աշխատակազմի կառավարման վարչությունը պետք է ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժին ներկայացնի ԱԺ նախագահի, նրա տեղակալների, նրանց գրասենյակների աշխատողների, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, նրա տեղակալների, վարչության պետերի և բաժինների պետերի ազատման ու ընդունման մասին տեղեկատվություն՝ կայքում տեղադրելու համար։
«Սակայն անձնակազմի կառավարման վարչությունը Տաթևիկ Սարգսյանի ազատման մասին չի տեղեկացրել ինտերնետային կայքի սպասարկման բաժնին, ուստի Տաթևիկ Սարգսյանի տվյալները չեն հեռացվել կայքից»,- նշում են ԱԺ-ից։
Նշենք, որ էլեկտրոնային ռեգիստրում TR LAW FIRM («ԹԻ ԱՐ ԼՈ ՖԸՐՄ») ընկերությունը գրանցվել է 2019-ի մայիսի 7-ին: Ընկերության 60% բաժնետեր է եղել Տաթևիկ Սարգսյանը, 40% Ռաֆի Դուդակլյանը, որը 2019թ-ի դեկտեմբերի 19-ից այլևս բաժնեմաս չի ունեցել ընկերությունում, փոխարենը 40% բաժնեմաս է ձեռք բերել Լարա-Անի Չոլաքյանը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի պնդումը հիմնականում սխալ է, քանի որ Տաթևիկ Սարգսյանն ընդամենը 2 ամիս ժամկետում է միաժամանակ աշխատել որպես փորձագետ Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակում և հանդիսացել մասնավոր ընկերության բաժնետեր։ Ընդ որում, հանրային ծառայողի կողմից մասնավոր ընկերության բաժնետեր հանդիսանալու որևէ արգելք գոյություն չունի, և բազմաթիվ հանրային ծառայողներ հանդիսանում են տարբեր ընկերությունների բաժնետերեր։
Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց նաև Ռուստամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այն ընկերությունը, որտեղ ինքը մասնաբաժին ունի, գրանցվել է 2019 թվականի մայիսի 7-ին, բայց գործունեությունը, փաստացի, սկսել է ավելի ուշ։ «Գրանցման օրվանից ընկերությունը գործունեություն չի սկսել, և երկրորդ՝ ես ավելի վաղ եմ դիմում գրել, քանի որ ես ԱԺ փոխնախագահի գրասենյակի փորձագետն եմ եղել, աշխատանքից ազատման դիմումը պետք է հաստատվեր հենց Լենա Նազարյանի կողմից։ Իսկ Լենա Նազարյանն այդ շրջանում գործուղման մեջ էր, և այդ հիմքով ես չեմ հիշում, թե երբ է հաստատել, պետք է Ազգային Ժողովից ճշտեմ»,- մասնավորապես, նշեց Տաթևիկ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր կոռուպցիոն գործարքի մեղադրանքին, Տաթևիկ Սարգսյանն ասաց. «Պարոն Մալյանը կարող է նշել ինչ ուզում է, միաժամանակ Մալյանը նշում է, որ ես խորհրդական էի ու մինչ օրս եմ խորհրդական։ Նախ՝ ես խորհրդական չեմ եղել, ու խորհրդականի կարգավիճակը լրիվ այլ է ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ լինելուց, ու իրավական հիմքն էլ, որ նա վկայակոչել էր, բացարձակ չի վերաբերում փորձագետին։ Դրա համար նման անհիմն պնդումների շուրջ քննարկումն անիմաստ է։ Մալյանը գրում է այն, ինչն այս պահին ուզում է գրել ու ձեռնտու է իրեն»,- ասաց Սարգսյանը։
Նելլի Լազարյան