Հոկտեմբերի 16-ին «Թիվի 5»-ի եթերում «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հաղորդավար Ագնեսա Խամոյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, «Բաց հասարակության հիմնադրամներին» և մի շարք այլ թեմաների, հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով։
ԲՀՀ գրասենյակի և հեղափոխության կապի մասին
Նարեկ Մալյանը, խոսելով «Բաց հասարակության հիմնադրամների» (ԲՀՀ) մասին, որը հաճախ անվանում են «Սորոսի հիմնադրամ» և կապում ՀՀ իշխանությունների հետ, հայտարարեց․ «Տիկին Լարիսա Մինասյանն իր բոլոր ելույթներում անընդհատ շեշտադրում է, որ եթե չլիներ Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում, ապա որևէ հեղափոխություն չէր կարող տեղի ունենալ»։ (9:02-9:16)
Իրականում «Բաց հասարակության հիմնադրամների» ղեկավար Լարիսա Մինասյանը մշտապես հերքել է տարածված լուրերը, թե հիմնադրամը օժանդակել է կամ որևէ կապ է ունեցել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։ Դեռևս անցած տարի Մինասյանը հայտարարել էր. «Հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, և ժողովուրդն այնքան միանշանակ տեր էր կանգնել այդ փոփոխություններին, որ ոչ մի բանական մարդ չէր կարող դա չտեսնել։ Եթե որոշ մարդիկ փորձում են տեսնել Սորոսին, գործում են ակնհայտ իրողությունների դեմ։ Հնարավոր չէ հարյուր-հազարավոր մարդկանց ասել, թե իրենք դուրս են եկել, որովհետև Ջորջ Սորոսն է ասել, որ իրենք դուրս գան»։
«ՎԵՏՕ» շարժման դեմ ոստիկանություն ուղարկված հաղորդման մասին
Մալյանը, անդրադառնալով «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակի կողմից «ՎԵՏՕ» նախաձեռնության դեմ ոստիկանությանն ուղղված դիմումին, նշում է.
«Սորոսի ամբողջ գրասենյակը, Ագնեսա ջան, զբաղված է թղթաբանությամբ ապացուցելով, որ «Սորոսի վաստակներ» արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է։ Ես չեմ ուզում այդ հայհոյանքը կրկնել, բայց էտ դիմումի մեջ հայհոյանք է գրված։ «Սորոսի վաստակները» «անբարոյականի վաստակների» պես հայհոյանք է, դա իրենց դիմումի մեջ է գրված»,- հայտարարում է Մալյանը։
Հիշեցնենք, որ ԲՀՀ գրասենյակը սեպտեմբերի 30-ին դիմում էր ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով վանդալիզմի հատկանիշներով քրեական գործ հարուցել «ՎԵՏՕ» խմբի անդամների դեմ՝ հիմնադրամի հարակից տարածքում «Սորոսի վաստակներ» գրառումներ անելու և գույքը վնասելու համար։
ԲՀՀ-Ն «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրել է ոստիկանություն ուղղված դիմումը, որում, սակայն, որևէ պնդում չկա, որ «Սորոսի վաստակներ» արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է, ինչպես հայտարարում է Մալյանը, դիմումի մեջ ընդհանրապես հայհոյանք բառը չի օգտագործվել։ Դիմումը ներկայացնում ենք ստորև։
Բռնության ձայնի ու անանուն նամակների մասին
Խոսելով ֆեյսբուքյան օգտատեր Լյուսի Քոչարյանի կողմից սեռական բռնության ենթարկված անձանց նամակների տարածման մասին՝ Մալյանը հայտարարել է, որ նամակները կեղծիք էին։ «Դա հաստատվել է ոստիկանության պաշտոնական հաղորդագրությամբ։ Ոստիկանությունը որևէ փաստական ապացույց չլինելու պատճառաբանությամբ հրաժարվել է 200 բռնաբարության նամակներից որևէ մեկով քրեական գործ հարուցել։ Դա նշանակում է, որ 200 նամակներն էլ սուտ էին»— ասել է Մալյանը։
Իրականում, սակայն, Լյուսի Քոչարյանի կողմից հրապարակված նամակներն անանուն էին, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ: Որպես հանցագործության մասին հաղորդում գնահատական և ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին: Ըստ այդմ՝ միանգամայն տրամաբանական է, որ ոստիկանությունը չէր կարող քրեական գործեր հարուցել անանուն նամակների հիման վրա։ Ոստիկանությունը տարածած պարզաբանման մեջ նշել էր. «Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ նրանք բանավոր կամ գրավոր ոստիկանությանը տեղեկություններ տրամադրեն հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ»: Այսինքն՝ ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել ոչ թե նամակների սուտ լինելու, այլ դրանցում առկա տվյալների անբավարար լինելու հիմքով։
Ստամբուլյան կոնվենցիայով ապաստարաններ ստեղծելու մասին
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին խոսելով՝ հաղորդավար Ագնեսա Խամոյանը հայտարարում է, որ կոնվենցիան ենթադրում է ապաստարանների ստեղծում։ Մալյանն էլ արձագանքում է. «Բայց էտ ապաստարանները ովքե՞ր են տալու։ Դրանք ՀԿ-ներն են, ո՞ր ՀԿ-ները՝ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը որոշելու ա, թե որտեղից որ երեխուն վերցնեն…»։
Այստեղ և՛ Ագնեսա Խամոյանը, և՛ Նարեկ Մալյանը մանիպուլյացիա են անում, քանի որ Հայաստանում ապաստարանները նոր չեն ստեղծվելու։ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն սկսած 2006-ից Հայաստանում բացել է երկու ապաստարան։ Արմավիրի մարզում գործում է նաև «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի ապաստարանը։ Այս ապաստարանները նախատեսված են ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար։ Բացի այդ, 2017-ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով արդեն իսկ կառավարությունը պարտավորվել է հիմնել ապաստարաններ։ Իսկ դրանց շահառուներին որոշում են ոչ թե Նարեկ Մալյանի նշած անձինք կամ ՀԿ-ները, այլ պետության կողմից ստեղծված հատուկ լիազոր մարմինը (հոդված 14-ի 4-րդ և 5-րդ կետ)։
Պատգամավորի կողմից «դրսից» փող ստանալու մասին
Մալյանը հարցազրույցի ժամանակ հայտարարում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ներկայում վարձատրվում է Սորոսի գրասենյակից։
«Ես նշեցի, որ Ազգային ժողովի պատգամավորները, որոնք վարձատրվել են և վարձատրվում են, մինչև հիմա վարձատրվում են՝ Գայանե Աբրահամյանի մասին է խոսքը, Սորոսի գրասենյակի կողմից, այստեղ հարց է առաջանում՝ այդ պատգամավորը ֆինանսավորվում է դրսից, սա շատ… հասկանո՞ւմ եք էտի ինչ է…»,- հայտարարում է Մալյանը։ Այնուհետև Մալյանը հակասում է իր խոսքին՝ նշելով, որ ընտրությունից առաջ է պատգամավորը գումար ստացել ու մինչև հիմա ծախսում է։ (18:28-18:55)
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Աբրահամյանը հերքեց այս լուրերը։ Պատգամավորը նշեց, որ ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում սառեցրել է իր գործունեությունը «Հանուն հավասար հնարավորությունների» ՀԿ-ի ստեղծած «Հոդված 3» ակումբում և աշխատավարձ չի ստացել։ Իսկ արդեն պատգամավորական մանդատը ստանալուց անմիջապես հետո դուրս է եկել կազմակերպությունից և ԲՀՀ գրասենյակից որևէ ֆինանսավորում չի ստացել։
Պետության զավթման և միջազգային պայմանագրերի չեղարկման մասին
Կրկին անդրադառնալով թավշյա հեղափոխության և Ջորջ Սորոսի միջևի կապի թեմային՝ Մալյանը հայտարարել է․ «Նպատակը պետության զավթման անվան տակ զրոյացնելն է բոլոր այն պետական պայմանագրերը, որոնք վերջին 10 տարի և ավել ժամանակահատվածում մեր երկիրը կնքել է։ Այսինքն՝ եթե պետությունը զավթված է եղել, ապա առ ոչինչ է ճանաչվում, օրինակ, ցանկացած հայ-ռուսական պայմանագիր»։ Մալյանի խոսքով` «պետության զավթում» կիրառվել է Վրաստանում, Ուկրաինայում, և դրա հետևանքով երկու երկրներն էլ ունեցել են տարածքային կորուստներ, իսկ Ուկրաինան այդ թեզի պատճառով ունեցել է մոտ 20 հազար զոհ։
Իրականում, շատ քիչ են այնպիսի երկրները, որոնք հայտարարություն են ընդունել «պետության զավթման» մասին։ Նման հայտարարություն ընդունվել է, օրինակ, Մոլդովայում։ 2018 թ․ նոյեմբերին այս երկիրը Եվրախորհրդարանի կողմից ճանաչվել էր որպես «օլիգարխիայի շահերով զավթված պետություն» (state captured by oligarchic interests)։ Իսկ արդեն այս տարվա հունիսին Մոլդովայի խորհրդարանը հայտարարություն էր ընդունել, որով երկիրը բնութագրել էր որպես «զավթված պետություն»։ Դրանից հետո երկրի կառավարությունը և Սահմանադրական դատարանը ամբողջ կազմով հրաժարական են տվել։ Եվ չնայած դրան՝ նախկինում կնքված միջազգային պայմանագրերը չեն վերանայվել կամ չեղարկվել։
Ինչ վերաբերում է Վրաստանին ու Ուկրաինային, ապա փաստենք, որ այս երկրներում իշխանության եկած ուժերը հայտարարություն չեն ընդունել պետության զավթման մասին, և Մալյանի այս հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը։
Միայն այս տարվա մայիսի 31-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրանք առաջադրվեց իշխանության զավթման հոդվածով։ Սա նշանակում է, որ Մալյանի այն հայտարարությունը, որ Ուկրաինայում պետության զավթման թեզը հանգեցրել է տարածքների կորստի և 20 հազար մարդու մահվան, ևս սուտ է, քանի որ Ուկրաինայի արևելքում պատերազմի և Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցելու ժամանակ գրանցված զոհերը եղել էին մինչև Պորոշենկոյին նման մեղադրանք առաջադրելը։
Այսպիսով, «Թիվի 5»-ի եթերում Նարեկ Մալյանի հնչեցրած վերոնշյալ հայտարարություններ սխալ էին և մանիպուլյատիվ։