- Սեպտեմբերի 4-ին հայաստանյան (1, 2, 3) ու ռուսաստանյան (1, 2, 3) լրատվամիջոցները, արտատպելով X-ում (նախկինում՝ Twitter) ավստրիացի գործիչ, «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի գրառումը, պնդել են, թե ՆԱՏՕ-ն Հայաստանին ռազմական դաշինքին անդամակցության հրավեր է արել։
Ավստրիացի գործիչը, մասնավորապես, գրել էր. «Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին»։ Նույն գրառման մեջ նա նաև կոչ էր արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պաշտպանել Հայաստանը։
I call Armenia 🇦🇲 to join NATO @NikolPashinyan
Protect Armenia 🇦🇲 @POTUS pic.twitter.com/4eZs3PAYzH— Gunther Fehlinger (@GunterFehlinger) September 3, 2023
Ֆեհլինգերն X-ի իր միկրոբլոգում ՆԱՏՕ-ին միանալու ևս մեկ կոչ է արել․ «Հայաստա՛ն, միացի՛ր ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, հեռացրո՛ւ Ռուսաստանը Կովկասից»։
Armenia, join NATO and EU
Cancel Russia from Caucasus https://t.co/AmyGe7FGCg— Gunther Fehlinger (@GunterFehlinger) September 4, 2023
Թե՛ հայաստանյան, և թե՛ ռուսաստանյան լրատվամիջոցները, հիմնվելով Ֆեհլինգերի այս գրառումների վրա, ապատեղեկատվություն են տարածել՝ պնդելով թե ՆԱՏՕ-ն է ՀՀ-ին անդամակցության կոչ անում։
Մինչդեռ, Գյունթեր Ֆեհլինգերը Հյուսիս-ատլանտյան դաշինքում որևէ պաշտոն չի զբաղեցնում․ դաշինքի կառուցվածքում էլ գոյություն չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե։
Իսկ Ֆեհլինգերի գլխավորած «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» կազմակերպությունը ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է։
Առավել հետաքրքիր է, սակայն, Ֆեհլինգերի գրառման կայծակնային ու մանիպուլյատիվ տարածումը ռուսական մամուլում: Ռուսական լրատվականներից տեղեկությունը մանիպուլյատիվ գլխագրերով տարածել են հայտնի քարոզչական ռեսուրսներ РИА Новости-ն, ТАСС-ը, Интерфакс-ը, Lenta.ru-ն և Gazeta.ru-ն:
Ուշագրավ է, որ Ֆեհլինգերը նախկինում ևս հայտնվել է ռուսական քարոզչական մեդիայի ուշադրության կենտրոնում՝ կրկին «սկանդալային» գլխագրերով: Մասնավորապես, 2023 թ․ օգոստոսին ռուսական մամուլում, նորից ներկայացնելով Ֆեհլինգերի տեսակետը իբրև ՆԱՏՕ-ի տեսակետ, տարածվել էր նրա կարծիքը, թե Ռուսաստանին աջակցելու դեպքում Բրազիլիան փուլ կգա:
Նանե Մանասյան