Նախընտրական շրջանում քաղաքական ուժերն ու գործիչները հաճախ են խոսում Հայաստանի ծանր սոցիալական իրավիճակի ու անվտանգային միջավայրի մասին և որպես դրա ապացույցներից մեկը՝ մատնանշում տարեսկզբից սկսված արտագաղթի տեմպերը։
Այս թեմայով խոսել են նաև Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր- Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը։
Հունիսի 5-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը հայտարարել էր, որ տարեսկզբից սկսված արտագաղթն աննախադեպ ծավալների է հասել։ «Վերջին 4 ամսում մենք ունեցել ենք արտագաղթ՝ 80 հազարից ավել մարդ։ Այդպիսի թվեր 4 ամսում Հայաստանը մեկ էլ ունեցել է 92, թե 93 թվականներին»,- նշել էր Քոչարյանը։
Նմանատիպ հայտարարություն արել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հունիսի 15-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում։ «Արտագաղթը ահավոր չափերի է հասել։ Վերջին 3-4 ամսում 70 հազար մարդ է հեռացել Հայաստանից»,- ասել է առաջին նախագահը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիճակագրական կոմիտեն միգրացիայի վերաբերյալ տվյալները հրապարակում է եռամսյակային պարբերականությամբ, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել վերջին 10 տարիների առաջին եռամսյակներում Հայաստանի միգրացիոն պատկերը և տեսնել, թե որքանով են ճշմարիտ նախկին նախագահների պնդումները կամ դրան ի պատասխան հնչող այն կարծիքները, թե Հայաստանում մշտապես տարվա առաջին հատվածում եղել է միգրացիայի բացասական սալդո։
Հայաստանի միգրացիոն պատկերը վերջին 10 տարիների առաջին եռամսյակներում
Այսպես, Հայաստանից մեկնողների և ժամանողների վիճակագրությունը տարվում է Հայաստանի սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների հիման վրա։
Ըստ այդմ՝ 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից դուրս է եկել 211,787 քաղաքացի, մուտք գործել՝ 186,393։ Բացասական սալդոն՝ 25,394 մարդ։ Հաջորդ՝ 2013 թվականին Հայաստանի քաղաքացիների կողմից սահմանային անցակետերով մուտքերի և ելքերի բացասական տարբերությունն աճել է՝ -35,500 մարդ:
Սկսած 2014 թվականից մեկնողների և ժամանողների բացասական տարբերությունը շարունակաբար նվազել է՝ 2014-ին՝ -28,447, 2015-ին՝ -27,114։ 2016 թվականի առաջին եռամսյակում մեկնողների և ժամանողների տարբերությունը է՛լ ավելի նվազեց՝ -16,588 մարդ, 2017-ին՝ -14,984, 2018-ին՝ -2695։
2019 և 2020 թվականների առաջին եռամսյակներում արձանագրվել է Հայաստանի քաղաքացիների միգրացիայի դրական սալդո։ 2019-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը գերազանցել է մեկնողների թիվը 2526-ով, իսկ 2020-ին՝ արդեն 18,609-ով։
Սակայն պետք է նշել, որ նախորդ տարվա սկզբից, կապված կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի հետ, գրեթե անհնար դարձավ Հայաստանի քաղաքացիների մուտքն այլ երկրներ, և դա էր հիմնական պատճառը, որ արդեն իսկ առաջին երեք ամիսների տվյալներով Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը մեկնողների թվից 18,600-ով ավել էր։
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա ինչպես նշեցինք, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է միայն առաջին եռամսյակի տվյալները, ըստ որի՝ Հայաստանը լքել է 127,338 քաղաքացի, վերադարձել՝ 63,625-ը։ Այսինքն՝ մեկնածների և վերադարձածների տարբերությունը 63,713 է։ Ակնհայտ է, որ վերջին տարիների համեմատ բացասական միգրացիայի այս ցուցանիշն աննախադեպ է։
Հաշվի առնելով այն փաստը, որ առաջին երեք ամիսներին Հայաստանը լքել է ավելի քան 63 հազար քաղաքացի, ապա 4 ամիսների արդյունքում նախկին նախագահների կողմից հնչեցված 70-80 հազարն ավելի քան իրատեսական է։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ անգամ հաշվի առնելով պնդումները, թե տարվա առաջին կեսին գրանցվող բացասական սալդոն ընդունված երևույթ է, պաշտոնական տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ անգամ տարվա առաջին եռամսյակում արտագաղթի նման տվյալներն աննախադեպ են։
Սևադա Ղազարյան