Հոկտեմբերին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ թեկնածուներից մեկի՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանի օգտին կիրառվում է վարչական ռեսուրս։
Տեղեկության համաձայն, Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը Միքայելյանի նախընտրական հանրահավաքներին էր ներգրավում դպրոցի անձնակազմին և աշակերտներին։ Տեղեկությունը ստուգելու համար «Իրազեկ քաղաքացիներ միավորման» ՀԿ-ի fip.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանը զանգահարել էր այդ տնօրենին և ներկայանալով որպես Սասուն Միքայելյանի օգնական՝ հետաքրքրվել, թե վերջինս քանի՞ անձ է պատրաստվում բերել այդ օրը կայանալիք հանրահավաքին։ Հեռախոսազրույցում, որի ձայնագրությունը նույնը օրը հրապարակվեց fip.am կայքում, տնօրենը հայտնեց 9-րդ դասարանի աշակերտներին ներգրավելու իր ցանկության մասին։
Օրեր անց հրապարակմանը արձագանքեց Քննչական կոմիտեն՝ ԻՔՄ աշխատակցին հրավիրելով հարցաքննության՝ իբրև վկա։ Պարզեց, որ հարուցվել է քրեական գործ, սակայն ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման, այլ հեռախոսային զրույցների գաղտնիությունը խախտելու վերաբերյալ, փաստացի՝ լրագրողի և կազմակերպության դեմ։
Դեպքի առիթով aysor.am կայքը մեկնաբանություն խնդրեց Դանիել Իոաննիսյանից, որը իր վրդովմունքը հայտնեց կատարվածի շուրջ՝ ասելով, որ անգամ նախորդ տարի, երբ կազմակերպությունը հրապարակել էր Հանրապետական կուսակցության համար աշխատող 114 դպրոցների տնօրենների հետ հեռախոսազրույցները, քրեական գործ հարուցվել էր ոչ թե կազմակերպության, այլ տնօրենների դեմ։
«Հրազդանի ընտրությունների հետ կապված իրավապահ մարմինների գործունեությունը չի փոխվել հին Հայաստանի համեմատ, անգամ դեպի վատն է փոխվել»,- ասել է Իոաննիսյանը։
Կայքը, սակայն, նենգափոխելով այս խոսքերը, հրապարակել է «Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան» գլխագրով հոդված, որը ոչ միայն չի արտացոլում բուն խոսքում տեղ գտած հայտարարությունները, այլև թյուրիմացության մեջ է գցում ընթերցողին։
Նկատենք, որ այսպիսի վերնագրով հրապարակում են կատարել slaq.am, blognews.am և iravunk.com կայքերը։ Վերջիններս տարբեր եղանակներով կապված են նախկին իշխանություններին և ՀՀԿ-ին։ Ինչ վերաբերում է aysor.am կայքին, ապա, ըստ մամուլի հրապարակումների, այն կապված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ։