Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը մի շարք խոստումներ էր տվել նոր իշխանությունների կողմից գործարարներին աջակցելու, բիզնեսի զարգացման «քաղաքական խոչընդոտները վերացնելու» և առհասարակ՝ գործարարներին «ցանկացած կոռուպցիոն պարտավորությունից» ազատելու մասին։
Վարչապետ Փաշինյանը 2018-ի հունիսին հայտարարել էր նաև, որ ինքն ազատել է գործարարներին «Բաղրամյան 26 ճամպրուկներով գումար բերելուց», ավելին՝ եզրակացրել, որ այդ գումարները չպահանջելը նշանակում է դրանք նվիրել գործարարներին։ «Ես նրանց ասել եմ՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից: Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են՝ այո, եղել է»,- ասել էր Փաշինյանը։
Հաշվի առնելով, որ վերջերս հրապարակվեցին կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախերի մասին 2020 թվականի հաշվետվությունները, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն արված նվիրատվությունները, ինչպես նաև նվիրատուների ուղղակի և անուղղակի կապերն իշխանությունների ու բիզնեսի հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտները
Ըստ ներկայացված հաշվետվության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտները 2020 թվականին կազմել են շուրջ 234 միլիոն դրամ։ 2019-ից կուսակցությունն իր հաշվին ուներ 16 միլիոն դրամ, շուրջ 164 միլիոն դրամ էլ ստացել է անդամավճարներից։ Քաղաքացիական անձանցից կուսակցությունը ստացել է շուրջ 102 միլիոն դրամ նվիրատվություն, իսկ իրավաբանական անձանցից՝ 36 միլիոն դրամ նվիրատվություն։ Կուսակցությունը ստացել է նաև շուրջ 78 միլիոն դրամի բյուջետային ֆինանսավորում։
Նվիրատվություններ կուսակցություններին
Նախքան իշխող կուսակցությանը կատարված նվիրատվություններին անցնելը, հասկանանք, թե որքա՞ն նվիրատվություն է թույլատրվում կատարել քաղաքական կուսակցություններին և ո՞ր դեպքերում են նվիրատվություններն արգելված։
Այսպես, ըստ «Կուսակցությունների մասին» օրենքի՝ մեկ տարվա ընթացքում կուսակցություններին տրվող նվիրատվության ընդհանուր չափը չի կարող գերազանցել մեկ միլիարդ դրամը։ Մեկ առևտրային կազմակերպությունը և մեկ ֆիզիկական անձը կարող է փոխանցել առավելագույնը տասը միլիոն դրամ, ոչ առևտրային կազմակերպությունը՝ 1 միլիոն դրամ։ Արգելվում են նվիրատվությունները նաև բարեգործական և կրոնական կազմակերպություններից։
60 միլիոն դրամ՝ 6 անձից
2020 թվականի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անհատներից ստացած շուրջ 102 միլիոն դրամի կեսից ավելին ստացել է վեց անձից։ Նրանցից յուրաքանչյուրը փոխանցել է օրենքով սահմանված առավելագույնը՝ 10 միլիոն դրամ գումար։
Այս շարքում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդին՝ Հրաչյա Շարոյանը։ Վերջինս «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Ուշագրավ է, որ այս ընկերությունը նաև 2019-ին Երևանի քաղաքապետարանին «Կամազներ» նվիրած ընկերությունների շարքում է։ Ալեքսանյանի հետ փոխկապակցած ընկերությունը քաղաքապետարանին նվիրել էր երեք «Կամազ» մակնիշի բեռնատար։
«Քաղաքացիական պայմանագրին» 10 մլն դրամ նվիրաբերողներից է տաշիրցի Սեմյոն Սուքիասյանը, որը «Սարդելա» ՍՊԸ-ի 19 տոկոս բաժնետեր է։ Այս ընկերությունը Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի (Tashir Group of Companies) երևանյան գրասենյակի հետ գրանցված է Տերյան 69 հասցեում։ Ընկերության սիմվոլիկ 1 տոկոս բաժնետեր է կառավարությունից շարունակ արտահանման արտոնություն ստացող «Արմհոլդինգ» ՍՊԸ տնօրեն ու սեփականատեր Ռազմիկ Չիտչյանը։ Արտահանման վերջին արտոնությունը «Արմհոլդինգը» ստացել է 2017-ին՝ չորս տարի ժամկետով, որն ավարտվում է 2021-ին։
ՔՊ-ին 10 միլիոն դրամի նվիրատվություն կատարածներից մեկի՝ Արթուր Պողոսյանի անունը կապվում է զենքի վաճառքով զբաղվող հայտնի Դավիթ Գալստյանի կամ «Պատրոն Դավոյի» անվան հետ։ Գալստյանին և Պողոսյանին պատկանող ընկերությունները գրանցված են նույն հասցեում։ Այս երկուսի կապի մասին ամիսներ առաջ գրել էր նաև «Հետք» պարբերականը։
Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Գալստյանը
Պողոսյանը հայկական Smart Airlines-ի 99 %-ի սեփականատեր «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ հիմնադիրն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին Երևանում և, ըստ բնութագրի, զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։ «Հետքն» իր աղբյուրի միջոցով հետաքրքրվել էր երկրում ԱԹՍ-ների ոլորտի ներկայացուցիչներից այս ընկերության և Պողոսյանի մասին, սակայն նրանք հայտնել էին, որ նման անունով ընկերություն և անձի չեն ճանաչում:
Հետաքրքիր է, որ «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Բագրատունյաց 73 հասցեում, որը «Պատրոն Դավոյին» պատկանող «Նեյտրոն» գործարանի («Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ) տարածքն է: Արթուր Պողոսյանի և Դավիթ Գալստյանի կապի մասին է խոսում նաև այն փաստը, որ Պողոսյանը տնօրեն ու բաժնետեր է այնպիսի ընկերություններում, որոնցում աշխատել կամ աշխատում են Գալստյանին պատկանող ընկերության աշխատակիցները:
Տասը միլիոն դրամ նվիրաբերողներից մեկը ոմն Անդրանիկ Սերգեյի Գասպարյանն է, որի մասին տեղեկություններ գտնել չհաջողվեց։
Մի քանի հետաքրքիր նվիրատվություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 5-ական միլիոն դրամ են փոխանցել նաև Գոհար Մուրադյանը և Գաբրիել Ջեմբերջյանը։ Վերջինս «Փյունիկ հիմնադրամի» հիմնադիր (Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լևոնի Սարգսյանի հետ համատեղ) և Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Ջեմբերջյանը, ընդհանուր առմամբ, երեք անգամ 25 հազար դոլար է (ընդհանուր՝ 75,000 դոլար) նվիրաբերել նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին։ Հաշվի առնելով, որ հաշվետվությունում առկա չեն նվիրատվություն կատարող անձանց մի մասի հայրանունները, հինգ միլիոն դրամ փոխանցած Գոհար Մուրադյանի մասին հիմնավոր տեղեկություններ գտնել չհաջողվեց։
Իշխող կուսակցության նվիրատուների ցանկում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որոնք նվիրաբերել են մեկական միլիոն դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար և «Իմ քայլի» ցուցակով պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը կուսակցությանն է փոխանցել 500 հազար դրամ։
Կուսակցությանը մեկ միլիոն դրամ է փոխանցել նաև 2020 թվականին և 2018 թվականի աշնանը ստեղծված «Ալֆա օյլ» և «Դանիել Էդմոն» ՍՊԸ-ների սեփականատեր Արամ Անդրանիկի Տեր-Ավագյանը։ Հատկանշական է, որ նույնքան գումար է փոխանցել նաև վերջինիս կինը՝ Գայանե Ղազարի Հովհաննիսյանը։
Ուշագրավ է նմանատիպ մեկ այլ նվիրատվություն ևս։ Այս դեպքում նվիրատվություն կատարել են երկու գործընկերների՝ Գագիկ Աղաջանյանին և Արսեն Ղազարյանին պատկանող երկու ընկերություններ՝ «Ապավենը» և «Եվրոքափը»։ Առաջին ընկերությունը ՔՊ-ին փոխանցել է 5 միլիոն դրամ, երկրորդը՝ 500 հազար դրամ։ Աղաջանյանն ու Ղազարյանը բիզնես կապեր են ունեցել «Բարգավաճ Հայաստան․ կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։
ՔՊ-ին 500 հազար դրամ է փոխանցել նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցող իտալական «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևը։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի աշնանը, ընկերությունը իշխանության հետ վերջնական համաձայնության էր եկել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցելու հարցում։ Կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2019-ին։
Հարավկովկասյան երկաթուղին, ՄԱՊ-ը և այլք
Իշխող կուսակցությունը ընդհանուր 36 միլիոն դրամ է ստացել տարբեր կազմակերպություններից։ Այս շարքում են ինչպես վերջերս ստեղծված, այնպես էլ կայացած կազմակերպություններ։ Այսպես, Հարավկովկասյան երկաթուղին ՔՊ-ին փոխանցել է 3 միլիոն դրամ, «Յունիքոմփ» ընկերությունը՝ 1․5 միլիոն դրամ, ՄԱՊ գինու և կոնյակի գործարանը՝ մեկ միլիոն դրամ, Պռոշյանի կոնյակի գործարանը՝ 500 հազար դրամ, և այլն։
Կուսակցությանը 5 միլիոն դրամ է նվիրաբերել նաև «Թի Էս Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը 2020-ի դեկտեմբերին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երեք տարով արդյունաբերական նպատակներով ջրօգտագործման թույլտվություն է ստացել։ Նշենք նաև, որ ընկերության տնօրեն Արսեն Միքայելյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համագյուղացին է։
Հինգ միլիոն դրամ նվիրաբերողների շարքում է նաև «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն, որը Ծաղկաձորում «Ալվինա» բնակելի համալիրի (ԱԱ) վերակառուցման աշխատանքների թույլտվություն էր ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից։ Հետաքրքիր է, որ 2019-ին Ծաղկաձորի քաղաքապետարանն ընկերությանը տուգանել էր չորս միլիոն դրամով՝ կառուցապատման աշխատանքները սահմանված ժամկետներում չավարտելու համար։
«Քաղաքացիական պայմանագրին» մեկ միլիոն դրամ է փոխանցել նաև «Հիտեքս պլաստիկ» ընկերությունը, որը պատկանում է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի որդի Սամվել Թումանյանին։
Հետաքրքիր է, որ 2020-ին ՔՊ-ին մեկ միլիոն դրամ է փոխանցել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին պատկանող «Առանցք» ՍՊԸ-ն։ Նույնքան գումար է փոխանցել նաև 2019 և 2020 թվականներին կառավարությունից արտոնություն ստացած «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ն։
Կուսակցությանը մեկ միլիոն դրամ է փոխանցել նաև Սևանի շաքարի գործարանը։ 2009-ին փակված գործարանը պատրաստ էր բացվել դեռ 2018-ին, հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ խոստացել էր աջակցել գործարանի բացմանը։
Կուսակցությանը 500 հազար դրամ է փոխանցել նաև «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն: 2019-ի օգոստոսին` Շինարարի տոնի կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Հրաչիկի Վարդանյանին պարգևատրել էր հուշամեդալով։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից երկու տարի անց նախկին իշխանությունների հետ ասոցացվող բազմաթիվ անձինք և կազմակերպություններ այժմ էլ նվիրատվություններ են կատարում իշխող կուսակցությանը։
Ուշագրավ է նաև, որ որոշ դեպքերում նվիրատվություններ կատարած կազմակերպությունները այս կամ այն տիպի արտոնություններ են ստացել կառավարությունից:
Անի Ավետիսյան
Սևադա Ղազարյան