Verelq.am կայքը «Նախարարը Նիկոլ Փաշինյանի քթի տակ բացահայտ չարաշահում է վարչական ռեսուրսը (լուսանկար)» գլխագրով նյութ է հրապարակել, որում տեղեկություն է ներկայացնում տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կողմից իբր վարչական ռեսուրսի չարաշահման մասին։
Կայքի տվյալներով, նախարարության աշխատակիցների շրջանում տարածվել է ինչ-որ գաղտնի հարցաթերթիկ։ Վերջիններս, ըստ կայքի, պարտավոր են այն լրացնել՝ նշելով, թե ի՞նչ աջակցություն են պատրաստվում ցուցաբերել նախարարին առաջիկա արտահերթ խորհրդրանականան ընտրություններում։
Հրապարակմանը, իբրև ապացույց, կցված է նաև այդ հարցաթերթիկի լուսապատճենը։
Նախ նշենք, որ այս հարցաթերթիկը գաղտնի չէ, այն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է անձամբ նախարարը՝ կցելով հետևյալ գրառումը․
«Սիրելի ընկերներ, բարեկամներ, աջակիցներ: Առաջադրվել եմ որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու թիվ 2 (Դավթաշեն, Արաբկիր, Աջափնյակ) ընտրատարածքում: Սիրով, հպարտությամբ և մեծագույն պատասխանատվությամբ կընդունեմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը: Խնդրում եմ հետևել այս հղմանը և լրացնել հարցաթերթիկը»։
Արշակյանը նաև խնդրել է կիսվել հղումով՝ առավել շատ աջակիցներ ներգրավելու համար։
Այլ կերպ ասած, հարցաթերթիկը գաղտնի չէ, իսկ դրանում նշված հարցերը ոչ թե նախարարության աշխատակիցների համար են, ինչպես պնդում է կայքը, այլ բոլոր ցանկացողների։ Ուստի, որևէ վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսք չի գնում:
Ռաֆայել Աֆրիկյան