Հունվարի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ 2016 թվականի ամփոփիչ ասուլիսով, որի ժամանակ խոսեց նաև այլ երկրների հետ հարաբերությունների խորացման վրա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցության մասին:
«ԵԱՏՄ վերաբերյալ. գիտեք, հոռետեսներ կային, որ պնդում էին, թե ԵԱՏՄ—ին մեր անդամակցությունը որոշ խնդիրներ կստեղծի այլ ձևաչափերում և այլ երկրների հետ տնտեսական և այլ հարաբերությունների զարգացման իմաստով: Բայց մենք հայտարարարել էինք, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ—ին չի նշանակում, որ նվազեցնելու ենք մեր ներգրավվածությունը կամ համագործակցությունը այլ կառույցների կամ երկրների հետ: Եվ փաստերը խոսում են հենց դրա մասին:
ԵԱՏՄ—ին անդամակցությունից անմիջապես հետո և դրան հետևած ժամանակահատվածում, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք կնքեցինք կարևորագույն՝ առևտրի և ներդրումների համապարփակ համաձայնագիրը…»:
Ու թեև այսպիսով նախարար Նալբանդյանը փորձում է ներկայցնել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի՝ այլ երկրների հետ հարաբերությունների խորացումը չի տուժել, սակայն, իրականությունը այլ է:
Համաձայնագրի տապալումը
Հայաստանը 2010 թվականից բանակցություններ էր վարում Եվրոպական Միության հետ` Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ: 2013 թվականի հուլիսին բանակցությունները ավարտվեցին և պայմանագիրը պատրաստ էր նախաստորագրման համար: Այդ պայմանագրով Հայաստանը ԵՄ-ի հետ փոխադարձաբար չեղարկում էր մաքսային դրույքաչափերը և ստանում լայն հնարավորություններ եվրոպական շուկա դուրս գալու համար:
Սակայն 2013 թվականի սեպտեմբերին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման արդյունքում ԵՄ-ի հետ բանակցված համաձայնագիրը տապալվեց, քանի որ համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, դրա անդամ պետությունները չեն կարող երրորդ երկրների հետ մաքսային կամ փոխադարձ առևտուրը կարգավորող որևէ այլ համաձայնագրեր կնքել… Երկրները, ըստ էության, կորցնում են արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու իրենց անկախությունը:
Այսինքն, ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում Հայաստանը զրկվեց Եվրոպական Միության 28 երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունից:
Ու թեև, ինչպես Էդվարդ Նալբանդյանն է նշում, առաջիկայում հավանաբար կստորագրվի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, սակայն այն չի ներառի ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը կարգավորող բազմաթիվ դրույթներ (քանի որ կհակասի ԵԱՏՄ-ին):
Կորուստը
Հիշեցնենք, որ ըստ աշխարհահռչակ Ecorys կազմակերպության հետազոտության, ԵՄ ասոցացման արդյունքում, մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն կունենար լրացուցիչ 2,3 տոկոսանոց աճ, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային լրացուցիչ 146 միլիոն դոլարով, 15 տոկոսով ավելանալու էին նաև Հայաստանից արտահանման ծավալները։
Ըստ զեկույցի, Հայաստանի ներսում շուկայական մրցակցության ուժեղացումը հանգեցնելու էր նաև աշխատավարձերի 2,7 տոկոսանոց լրացուցիչ բարձրացմանը։ Իսկ աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակը կավելանար լրացուցիչ 7 տոկոսով: Աղքատությունը, ինչպես ծայրահեղ, այնպես էլ՝ ընդհանուր, էական սղաճ կապրեր։