168 TV-ի տաղավարում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդել է, թե իբր Հայաստանը չի դատապարտել մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկությունը, որի հետևանքով ավելի քան 140 մարդ էր զոհվել։
«Դիմում է ՀԱՊԿ-ը Հայաստանին` միանալու ահաբեկչությանը (նկատի ունի՝ ահաբեկությունը դատապարտելուն,-խմբ․), սակայն Հայաստանը հրաժարվում ա։ Սա ինչ ա նշանակում, որ, ըստ էության, Հայաստանը արդարացնում ա նաև ահաբեկչությունը։ Էդ դեպքում մենք ինչ բոնուսներով կարող ենք դիմել միջազգային հանրությանը նույն Ադրբեջանին ահաբեկիչ ճանաչելու համար, եթե մենք չենք դատապարտում, ավելին՝ հրաժարվում ենք միանալ հայտարարությանը»,- ասել է Զոհրաբյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց հայկական կողմի՝ ահաբեկությանը հաջորդած արձագանքը։
Երևանը դատապարտել ու ցավակցել է Մոսկվային
Այսպես, մարտի 23-ին՝ ահաբեկության հաջորդ օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հեռագրում ասված է. «Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։ Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։
Նույն օրը հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ խստորեն դատապարտելով հարձակումը․ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»։
Шокированы ужасающими новостями о бесчеловечном теракте в #Москве, который мы решительно осуждаем. Выражаем глубокие соболезнования семьям погибших невинных людей и желаем скорейшего выздоровления всем пострадавшим.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) March 22, 2024
ՀՀ ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությանն արձագանքել էր անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ «Երևանն աջակցության խոսքեր է հայտնել Մոսկվային»։
Հայկական կողմը պարզաբանել է ՀԱՊԿ ԽՎ հայտարարությանը չմիանալը
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկությունը։
Լրատվամիջոցներին տրված պարզաբանման մեջ Հայաստանի ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը նշել է, որ «ՀԱՊԿ-ի կողմից հայկական կողմին եղել է հայտարարությանը միանալու առաջարկ, ինչը մերժվել է, քանի որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»։
Նա նաև հայտնել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ահաբեկությունից հետո ցավակցական նամակներ է հղել Մոսկվա։ Սիմոնյանը, միևնույն ժամանակ, տելեգրամյան իր ալիքում դատապարտել է ավելի քան 140 մարդու կյանք խլած հարձակումը։
Այսպիսով, Նաիրա Զոհրաբյանը, հայկական կողմի՝ կառույցում անդամակցության «սառեցմամբ» պայմանավորված ՀԱՊԿ ԽՎ դատապարտող հայտարարությանը չմիանալու փաստը օգտագործելով, կեղծ պնդում է անում, թե իբր Երևանը չի դատապարտել ահաբեկչական հարձակումը․ մինչդեռ, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ԱԳՆ-ն և թե՛ ՀՀ ԱԺ նախագահը դատապարտել են հարձակումն ու ցավակցել իրենց ռուսաստանցի գործընկերներին։
Նանե Մանասյան