Վերջին օրերին հարավասիական Մյանմար պետությունում տեղի ուցող իրադարձությունները գտնվում են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Հենց այդ ուշադրության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Մյանմարի թեմայի հարցում մարդկանց շատ հաճախ մոլորեցնում են և մատուցում ոչ ստույգ տեղեկատվություն:
Այսպես, BBC-ի կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ համացանցում տարածվում են դաժանություններ պատկերող լուսանկարներ, որոնցում իբր բուդդիստները խոշտանգումների են ենթարկում մահմեդական ռոհինջաներին:
Նման լուսանկարներ իր էջում հրապարակել էր նույնիսկ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շեշմեքը՝ կոչ անելով դադարեցնել էթնիկ զտումները Մյանմարում:
Իրականում, սակայն, Շեշմեքը հրապարակել էր 2008 թվականին Մյանմարում տեղի ունեցած Նարգիս ցիկլոնի հետևանքով զոհվածների, 2003 թվականին Ինդոնեզիայում ծառից կախված տղամարդու, 1994 թվականին իրենց մոր մահացած մարմնի մոտ լացող երեխաների լուսանկարներ:
Մյանմարի շուրջ ստեղծված իրավիճակին զուգահեռ մահմեդական ծագում ունեցող բազմաթիվ աղբյուրներ տարածում են տարբեր տարիների, աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցած բազմաթիվ վայրագությունների լուսանկարներ` ներկայացնելով դրաք որպես «բուդդիստ ահաբեկիչների» հանցագործություններ ընդդեմ Մյանմարում փոքրամասնություն կազմող ռոհինջա մահմեդականների: Հանրության կրքերը բորբոքելու այս փորձերը, թերևս, հանդիսանում են լուսանկարների միջոցով մարդկանց մանիպուլացնելու և մոլորության մատնելու վառ օրինակներ:
Ավելացնենք, որ Մյանմարում ներքին հակամարտության ներկա էսկալացիան սկիզբ է առել, երբ ռոհինջաների զինված խմբավորումները հարձակումներ են իրականացրել Մյանմարի կառավարական ուժերի դեմ, իսկ վերջիններս դիմել են պատասխան գործողությունների:
Ընդհանուր առմամբ, սկսած 1948 թվականից Մյանմարի՝ այն ժամանակ Բիրմայի անկախացումից հետո, կենտրոնական իշխանությունները մշտապես դժկամությամբ են հանդես եկել ռոհինջաներին սեփական երկրի քաղաքացիներ համարելու հարցում և ձգտել են քշել նրանց դեպի հարևան Բանգլադեշ: Արդյունքում այդ տարածաշրջանում պարբերաբար կատարվել են էթնիկ զտումներ, որոնց ի պատասխան ռոհինջաներն ինքնակազմակերպվել են առանձին խմբերով և դիմել պատասխան գործողությունների: