168.am-ին տված հարցազրույցում նախկին ԱԱԾ ղեկավար և նախկին ՀՀՇ-ական պատգամավոր Դավիթ Շահնազարյանը մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել:
Սկսենք նրա ամբողջովին կամ մասամբ անհիմն հայտարարություններից:
Ներդրումներ. Ըստ Շահնազարյանի, «ներդրումային ծրագիրն ամբողջապես տապալված է», քանի որ վարչապետ Փաշինյանը «հայտարարում է, որ ոչ թե օրենքը, ոչ թե անկախ դատարանները, այլ ինքն է անձամբ ներդրումների երաշխավորը, որ ամեն մի ներդրողի կկցվի անվտանգության մի սպա»: Նախ հիշեցնենք մի քանի խոշոր ներդրումների մասին, որոնք ըստ Շահնազարյանի չեն եղել:
Հետևյալ ներդրումներն արդեն իսկ իրականացել են Փաշինյանի կառավարման օրոք` ՏՏ ոլորտում (13.5 մլն դոլարի ներդրում, 30 աշխատատեղ), գյուղատնտեսության մեջ (բամբակի աճեցում` 300 աշխատատեղով), մոտ 3.9 մլն դոլար ներդրում` ինտենսիվ այգիների համար՝ մինչև 2024 թվականը: Ինչ վերաբերում է ԱԱԾ աշխատակիցներին ներդրողներին կցելու մասին Փաշինյանի հայտարարությանը` վարչապետը նշել է, որ այդ սպաները պետք են ներդրողների խնդիրներին և ահազանգերին արձագանքելու համար:
Շահնազարյանը նաև պնդում է, որ ՀՀ-ում ներդրումներ չեն լինում Փաշինյանի «փռել ասֆալտին» և «ծեփել պատին» «սպառնալիքների» պատճառով՝ պնդելով, որ «ներդրումների ի սպառ բացակայության» մեղավորը Փաշինյանի կառավարությունն է։ Հիշեցնենք Փաշինյանի այդ հայտարարությունը. «օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին»: Այն չէր վերաբերում օտար ներդրողների և չէր կարող սպառնալիք լինել նրանց համար:
Կոռուպցիա. Շահնազարյանը պնդում է, որ Փաշինյանի կառավարության կողմից «որևէ քայլ չի արվել» կոռուպցիայի դեմ պայքարում` կան «շոուի մեծ տարրեր պարունակող ձերբակալություններ, կալանավորումներ» և այդ ձերբակալություններից միայն Մանվել Գրիգորյանն է ազատազրկված, իսկ մնացածը «ազատ են արձակվել ինչ-ինչ պատճառներով»:
Հունիսից սկսած եղել են տասնյակ կոռուպցիոն դեպքերի և սխեմաների բացահայտումներ նոր իշխանությունների կողմից: Նշենք դրանցից մի քանիսը`
- «Հյուսիս-հարավ» ծրագրում առերևույթ չարաշահումներով հասցվել է 23,5 մլրդ դրամի վնաս, հարուցվել է քրեական գործ․ ԳԴ
- «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ
- 2 միլիարդ դրամի չարաշահում Հ1-ում. ինչպես է ծախսվել գումարը
- Սպայկայի հետ փոխկապակցված երկու ընկերություն պետբյուջե չեն վճարել 2 միլիարդ դրամ հարկ
- Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունում 5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել․ ՊԵԿ
Ձերբակալվածների մեծ մասը, այո, ազատության մեջ է, բայց նրանք ոչ արդարացվել են, ոչ էլ նրանցից մեղադրանքն է հանվել, այլ նրանց խափանման միջոցն է փոխվել:
Հեղափոխության և ահաբեկչության արտահանումն Արցախ. Շահնազարյանը պնդում է որ Փաշինյանի իշխանության կողմից «Անընդհատ փորձեր են արվում […] այսպես կոչված, հեղափոխությունն արտահանել Արցախ, փառք Աստծո, չի ստացվում, հիմա փորձում են ահաբեկչություն արտահանել Արցախ»: Նա հավելում է. «ահաբեկիչները («Սասնա ծռեր» — խմբ.) ոչ միայն ազատ են արձակվել, այլև կուսակցություն են ստեղծում, և ներկայումս էլ իշխանությունը փորձում է ահաբեկչությունն արտահանել Արցախ»:
Շահնազարյանի պնդումներն ամբողջովին անհիմն են: Փաշինյանը հունիսի 16-ին Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «անվերապահորեն աջակցություն» է հայտնել: Երկու օր անց Սահակյանը Փաշինյանին նամակ է ուղարկում, որում շնորհակալություն է հայտնում վերջինիս ցուցաբերած աջակցության համար և, իր հերթին, փոխադարձ աջակցություն հայտնում․ «Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները և անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը»: Հարկ է նաև նշել, որ Փաշինյանն աջակցություն ցույց չտվեց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին, ով հունիսին ղեկավարում էր Սահակյանի հրաժարականի պահանջով շարժումը:
Մարտի 1. Շահնազարյանը պնդում է, որ Մարտի 1-ի գործով միակ բանը, որ արվել է, 3 անձանց (Քոչարյան, Խաչատուրով, Հարությունյան) մեղադրանք առաջադրելն է: Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մասամբ գաղտնազերծեց հույժ գաղտնի 0038 հրամանը` օգոստոսի 3-ին Հանրային հեռուստատեսության եթերով և սեպտեմբերի 11-ին` ասուլիսի ժամանակ: Այս բացահայտումները լույս սփռեցին գործի վրա: Ավելին, նախաքննությունը դեռ շարունակվում է և, հասկանալի պատճառներով, գաղտնի է:
Ազգային ժողովի լեգիտիմությունը. Շահնազարյանը պնդում է, որ 2017թ. ԱԺ ընտրությունները խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը ընդունել էին և ձևավորված ԱԺ-ն համարում էին լեգիտիմ: Այդ ընտրություններից հետո «ԵԼՔ» դաշինքը հայտարարություն տարածեց, որի մեջ ասվում է, որ դաշինքին «հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե», բայց նշվում է, որ «քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների» և որ «ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն և ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ»:
Տարբերի կառույցների վրա հարձակում. Ըստ Շահնազարյանի, Փաշինյանի կառավարությունը հարձակումներ է գործում մի շարք կառույցների` «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նախկիններին պատկանող ամեն ինչի և բանակի վրա: Ըստ նրա, այս «հարձակումների» պատճառով «մեր պետությունը երբեք այսքան ծանր վտանգների առաջ չի եղել»:
Սկսենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Կառույցի վրա ոչ մի հարձակում չի եղել: Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հուլիսին ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից` հիմնադրամից յուրացումներ կատարելու կասկածանքով:
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն` վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը և ինքը՝ որպես վարչապետ, «չպետք է խառնվի եկեղեցու գործերին»: Իսկ կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Նյու Յորք մեկնելիս նա, իր որակմամբ, «պատմական լուսանկար» հրապարակեց վեհափառի հետ՝ բացատրելով, որ դա «հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է»:
ԲՀԿ գրասենյակի խուզարկում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին իրավապահների խուզարկումը, ըստ Շահնազարյանի, խնդրահարույց է` «Երևանի ընտրություններից մեկ օր առաջ մասնակից կուսակցություններից մեկի գրասենյակն է խուզարկվում… լռություն է բացարձակ, որովհետև բոլորը, այսպես կոչված, հեղափոխականներ են»: Խուզարկությունը իրավապահներն իրականացրել են ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով:
Վերոգրյալից բացի, Շահնազարյանն արել է ևս մի շարք վիճահարույց հայտարարություններ՝
- «Կառավարությունը և հատկապես վարչապետն անընդհատ հրահրում են անկայունություն ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այսինքն՝ անկայունության աղբյուրը, որը շատ բնական է, դարձել է ներկայիս կառավարությունը»։
- «Բոլորս էլ լավ գիտենք Մանվելին, շատ լավ գիտենք, անկախ նրանից, թե նա ինչ է արել, թե նա ինչում է մեղադրվում, Մանվել Գրիգորյանը մեր հայրենիքի առաջ մատուցել է այնքան ծառայություններ, որ այսօր գործող Կառավարությունը՝ բոլորը միասին վերցրած, դրա կեսն էլ չեն արել»:
- «Ընդհանրապես կուզեի ասել, որ այս 5 ամսվա ընթացքում մեր պետականությունը չափազանց թուլացել է»։
- «Որքան էլ քննադատենք ներկայիս խորհրդարանը, որը շատ հեռու է այն խորհրդարանից, որը ես կցանկանայի, որ ունենար իմ պետությունը, այն միակ պատնեշն է մեր և անխուսափելի դիկտատուրայի միջև, որովհետև վարչապետն առանց այն էլ անընդհատ բռնապետական հակումներ է ցուցադրում ու չի թաքցնում: Սա է իրականությունը, և սա պետք է հասկանանք»:
- «Դեկտեմբերին ընտրությունները կլինեն պարզապես ահավոր, մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի: Դրանում արդեն որևէ կասկած չունեմ և շատ լավ գիտեմ, որ հասարակության մի մասը բացարձակապես չի ընկալելու իմ ասածը»:
- «Գնում ենք բռնապետության ճանապարհով, միակուսակցական համակարգի ճանապարհով»։
- «Մի բան էլ ավելացնեմ, մենք խորհրդարանական պետություն ենք, չէ՞: Դա նշանակում է, որ խորհրդարանն է ամեն ինչ որոշողը, ամբողջ իշխանությունը խորհրդարանն է»:
- «Եթե դեկտեմբերին հանկարծ ընտրություններ եղան, կարծում եմ, որ չեն լինի, պառլամենտ ֆրանսերեն նշանակում է՝ խոսելու տեղ, խորհրդարանը կդառնա զուտ քվեարկելու տեղ»:
- «Սա էլ է չափազանց մտահոգիչ, երբ պատերազմի հավանականությունն ավելի քան բարձր է, իսկ վարչապետը «քլունգն առած խրամատներ է փորում», հասարակությունը բևեռացնում, կիսում, բաժանում է սևերի ու սպիտակների»:
- «Այսքան անհանդուրժող իշխանություն Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել»:
Հովհաննես Նազարեթյան