Մարտի 23-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց տվեց, թե ի՞նչ վավերացման գործընթաց պետք է անցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև ապագայում կնքվելիք փաստաթուղթը, արդյո՞ք այն կարող է դրվել հանրաքվեի։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, որ դրա մասին չի մտածել և չի կարող հստակ պատասխան տալ։
Հաջորդ հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցած արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաև Աղվան Վարդանյանի հարցին և հայտարարեց, որ միջպետական փաստաթղթերը հանրաքվեի դնելու ընթացակարգ նախատեսված չէ։ «Հանրաքվեի հետ կապված միջազգային որևէ համաձայնագրի, պայմանագրի հետ կապված մենք նման ընթացակարգեր չունենք»,- ասաց նախարարը։
Սակայն Հայաստանի Սահմանադրությունը հստակ նշում է մայր օրենքի այն հոդվածները, որոնց փոփոխության կամ վավերացման համար անհրաժեշտ է հանրաքվե։
Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:
Սա նշանակում է, որ եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի որևէ պայմանագիր, որն իրենից կենթադրի Հայաստանի սահմանների փոփոխություն, ապա այդ փաստաթուղթը, Սահմանադրական դատարանի եզրակացությունից ու Ազգային ժողովի կողմից վավերացումից զատ, պետք է դրվի նաև հանրաքվեի։
Այսպիսով փաստենք, որ Կարեն Անդրեասյանի պնդումը, թե միջազգային որևէ պայմանագիր կամ համաձայնագիր հանրաքվեի դնելու ընթացակարգեր չկան, սխալ է։
Սևադա Ղազարյան
Նարեկ Մարտիրոսյան