Մայիսի 5-ին հայկական գրեթե բոլոր լրատվականները գրեցին, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի սենատը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը:
Լրատվականներն իրենց հոդվածներում մեծամասամբ հղում էին տալիս Արցախի Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանին, որը լուրի մասին գրել էր Ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով նաև բանաձևը: Ղավալյանը հավելել էր, որ մայիսի 5-ը հռչակվել է Արցախի անկախության ճանաչման օր:
«Արտակարգ նորություն Միացյալ Նահանգներից: ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակել Արցախի Հանրապետության ճանաչման օր»,- գրել էր Ղավալյանը:
Տեղեկությունը տարածել էին «Արմենպրեսը», Հանրային ռադիոն, Հանրային հեռուստաընկերության՝ 1lurer.am-ը, tert.am-ը, Infocom-ը, A1+ը, 24news.am-ը, aravot.am-ը, panorama.am-ը, yerkir.am-ը և այլ լրատվամիջոցներ:
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Փաստացի՝ բանաձևը գոյություն ունի, սակայն դեռևս չի ընդունվել սենատի կողմից:
Հատկանշական է, որ այսօր արդեն լրատվականները կա՛մ հեռացրել են, կա՛մ ձևափոխել են թեմայի մասին իրենց հրապարակումները: Մասնավորապես, «Արմենպրեսն» ամբողջովին հեռացրել է նյութը, իսկ Հանրային ռադիոն խմբագրել է նյութը՝ Անուշ Ղավալյանի գրառման փոխարեն ներկայացնելով Ամերիկայի հայկական հանրագումարի գրառումը:
Ի՞նչ նախագծի մասին է խոսքը
Նախագծի հեղինակը Մինեսոտայի Սենատի անդամ Մերի Քիֆմեյերն է, որը սենատում համանման փաստաթուղթ ներկայացրել էր նաև 2019 թվականին, սակայն ինչպես տեղեկանում ենք սենատի պաշտոնական կայքից, այն չէր ընդունվել։
Fip.am-ը կապ հաստատեց Անուշ Ղավալյանի հետ՝ պարզելու վերջինիս գրառման հիմքերը: Նա նույնպես հաստատեց, որ բանաձևը դեռևս չի ընդունվել. «Այն բանաձևի նկարը, որը ես տարածել էի, ոչ թե Մինեսոտայի Սենատի կողմից վերջնական ընդունված տարբերակն էր, այլ բանաձևի հեղինակի կողմից ստորագրված հայտարարություն։ Սենատի կայքում դեռ բանաձևի նախագիծն է»,- նշեց նա։
Ամերիկայի հայկական համագումարը ևս անդրադարձել է բանաձևին՝ նշելով, որ ողջունելի և կարևոր խորհրդանշական ժեստ է, որն ընդունում և աջակցում է արցախցիների մարդու հիմնական իրավունքները՝ ապրելու, ինքնակառավարվելու և ազատորեն և ապահով կերպով բարգավաճելու և հարևանների հետ խաղաղության հաստատելու:
Այսպիսով, մայիսի 5-ին լայնորեն շրջանառված տեղեկությունը, թե իբր ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետությունը, չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա, Ջորջիա, Հավայի, Լուիզիանա, Մեյն, Մասաչուսեթս, Միչիգան և Ռոդ-Այլենդ նահանգները ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը:
Լուսինե Ոսկանյան