Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ապրիլի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Նախիջևանից ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ սոցիալական մեդիայում տարածված տեսանյութին՝ համեմատելով այն հայ զինծառայողների խոշտանգումներ ու սպանություններ պատկերող տեսանյութերի հետ։
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը, որը մեղադրվում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության մեջ, հայտնաբերվել էր ապրիլի 13-ին Կապան համայնքում՝ տեղի քաղաքացիական անձանց կողմից։ Որոշ ժամանակ անց համացանցում տարածվեց տեսանյութ, որում Ախունդովը շրջապատված էր քաղաքացիականներով․ դեմքին առկա էին բռնության, արյան հետքեր։
Նույն օրը համացանցում տարածվել էր նաև Ախունդովի՝ հայտնաբերվելուց առաջ արված տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է՝ «հայի արյուն ենք թափել, հայի ենք գլխատել»։
Հանձնակատար Միյատովիչը լիագումար նիստում թեմային անդրադարձել է՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ Սեիդովի հարցին․ Սեիդովը հետաքրքրվում էր, թե ինչու հանձնակատարը չի արձագանքել, իր ձևակերպմամբ, «խոշտանգված ադրբեջանցի զինծառայողի» վերաբերյալ տեսանյութին։
Միյատովիչը հիշեցնում է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայերի խոշտանգումներ պատկերող տեսանյութերի մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով դրանց և ադրբեջանցի զինծառայողի պատկերող տեսանյութի նմանության մասին։
«Ինչ վերաբերում այդ տեսանյութին, ապա ամենայն հարգանքով, սըր (դիմում է Սեիդովին,-խմբ․), ես երբեք չեմ մեկնաբանել այդպիսի տեսանյութերը։ Նման մի տեսանյութ էլ տարածվել է նախորդ տարի, երբ ադրբեջանցի զինծառայողները նույնն են անում հայ զինծառայողների հետ։ Այս տեսանյութերը սահմռկեցուցիչ են․․․»,- ասել է Միյատովիչը։
Ինչ «նման» տեսանյութերի մասին է խոսքը
Անցած տարի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հերթական ագրեսիայի օրերին ամենատարածված տեսանյութերը պատկերում էին հայ զինծառայողներին խոշտանգելու, սպանելու կամ սպանելուց հետո դիակի անարգման տեսարաններ:
Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ զինծառայողներին։ Դեպքը լայն միջազգային արձագանք գտավ․ մի շարք միջազգային լրատվականներ ծավալուն հետաքննություններ հրապարակեցին։ Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն էլ ահազանգեց ռազմական հանցագործության մասին։
Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հաջորդ սահմռկեցուցիչ տեսանյութը պատկերում էր հայ կին զինծառայողի խոշտանգում, անարգում և սպանություն։
Այսպիսով, ՀՀ ներթափանցած և սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի և նախորդ տարի՝ հատկապես սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայ ռազմագերիների սպանություններ ու խոշտանգումներ պատկերող տեսանյութերը համարժեք չեն:
Նանե Մանասյան