Մինչև 2022 թ․ դեկտեմբեր Հայաստանում ներդրվելու է «Միասնական երթուղային ցանցի» միջոցառումների ծրագիրը։
Միջմարզային երթուղային ցանցն իր մեջ ամբողջությամբ ներառելու է միջմարզային և ներմարզային երթուղիները, բացառությամբ ներհամայնքային երթուղիների, որոնց սպասարկումը կազմակերպելու են համայնքները։
FIP.am-ը փորձել է Կոտայքի և Արարատի մարզերի օրինակով հասկանալ՝ ինչո՞ւ է որոշվել ներդնել այս ծրագիրը, ո՞ր ընկերություններն են հաղթել միասնական երթուղային ցանցի համար հայտարարված մրցույթներում և որքանո՞վ են բավարարում ուղևորներին ուղևորափոխադրման գներն ու պայմանները։
Միասնական երթուղու ներդրման համար մարզերը, ըստ խոշոր քաղաքների, բաժանվել են տարածաշրջանների, և յուրաքանչյուր մարզ սպասարկելու է մեկ օպերատոր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ մարզերը տարածաշրջանների բաժանելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նախկինում հայտարարված մրցույթում հայտերի, մեծ ծավալների ներդրումների բացակայության հանգամանքով։
Այս պահի դրությամբ իրականացվել է երեք մարզի մրցույթ՝ Արմավիրի, Կոտայքի, Արարատի․ միայն Արմավիրի մարզն է բաժանվել երկու տարածաշրջանների՝ Վաղարշապատի և Արմավիրի։
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած ընկերությունը։ Գնահատման չափորոշիչների մեջ են մտնում մեքենայի մակնիշը, օդորակիչի առկայությունը, արտադրության տարեթիվը, ուղեվարձի գինը և այլն։
Սպասարկման փոխադրավարձը ներկայացվում է փակ ծրարով, որը բացվում է մրցույթի արդյունքներն ամփոփելու ժամանակ, և մրցույթի մասնակիցները գնառաջարկի համար ևս միավորներ են ստանում։
Երթուղիների սպասարկման իրավունքը հաղթող ճանաչված կազմակերպություններին տրվում է 10 տարի ժամկետով։
Կոտայքի մարզում հաղթող է ճանաչվել «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որը մրցույթի միակ մասնակիցն է եղել։ Ընկերությունն արդեն սկսել է ուղևորափոխադրումներ իրականացնել՝ բարձրացնելով ուղեվարձի գինը նախկինի համեմատ։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն փոխադրումներն իրականացնում է «Յութոնգ ZK6852HG» մակնիշի, 2022 թ․ արտադրության՝ 30, «Յութոնգ ZK6729D» 2021 թ․ արտադրության՝ 40 և «ԳԱԶ A65R36» մակնիշի 80 ավտոբուսներով։
Կոտայքի մարզի բնակիչները տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում ուղեվարձի թանկացման դեմ՝ նշելով նաև, որ թանկացմանը զուգահեռ՝ սպասարկման որակը առանձնապես չի բարձրացել․ հիմա ավելի երկար են սպասում կանգառներում։
Նոր Հաճնի բնակիչ Մարտին Գևորգյանի խոսքով՝ մինչ օրս երթուղիների սպասարկման չվացուցակ չկա, ընկերությունը պայմանագիր չունի ՏԿԵՆ-ի հետ։ Բնակիչներն այս հարցով դիմել են նախարարություն, որտեղից պատասխանել են, որ պայմանագիրը կնքվելու է այն ժամանակ, երբ համալրվեն բոլոր մեքենաները։
Դժգոհությունները կապված են ոչ միայն ուղեվարձի գնի, կանգառում սպասելու ժամանակի, այլ նաև երթուղին սպասարկող մեքենաների հետ։
«Օրինակ՝ Չարենցավանի նախկին ավտոբուսները հազար անգամ ավելի դիմացկուն մեծ ավտոբուսներ էին, կանաչ ավտոբուսները, ճապոնական ընտիր ավտոբուսները հանեցին արանքից, հիմա գազելներ են բերել ավտոբուսների տեղը»,- ասում է Նոր Հաճնի բնակիչ Մարտին Գևորգյանը։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի վարորդի խոսքով՝ ընկերության ավտոբուսները կանգնած են ավտոկայանում, բայց վարորդներ չկան։
«Ավտոբուսները պարապ կանգնած են ավտոկայանում, մեր վարորդներից վերջին մեկ-երկու ամսում արդեն 7 հոգի գնացել են Ջրվեժի պարկ, այնտեղ քարտով են ստանում, ով չի կարողանում, մնում է։ Աշխատանքային պայմանագիր չունենք, համոզելու վրա է, համոզում են, որ մնանք»,- ասում է ընկերության վարորդը։
Ընկերության վարորդը նշում է, որ երթուղիներ կան, որոնք 40 րոպե միջակայքով են սպասարկվում, քանի որ վարորդ չկա։ Վարորդներն ընդմիջման ֆիքսված ժամեր չունեն, աշխատում են առավոտյան 7։30-ից մինչև 21։30-ը։
«Ես ամեն օր 75 հազար դրամ դուրս եմ տալիս, էս ամիս ոչ մի բան չեմ առել (վաստակել)։ Ֆիքսված ընդմիջում չկա, ասենք՝ հիմա նայի, էն ավտոն գնաց, ես 15-20 րոպե կանգնել եմ, էդ ընթացքում ընդմիջում անեմ, թե չէ»,- ասում է վարորդը։
Ուկրաինական պատերազմի ազդեցությունը Կոտայքի տրանսպորտի վրա
ՏԿԵ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ երթուղու չվացուցակը հաստատվելուց հետո փոխադրողը պարտավոր է ապահովել չվացուցակով սահմանված երթերը՝ ըստ ժամերի, սակայն Կոտայքի մարզի ուղեգծերը հիմա վերանայվում են։
«Կոտայքի մարզինը դեռևս լրամշակվում է, որովհետև մրցույթից հետո պարզվեց, որ որոշ համայնքների երթուղիներ պետք է փոփոխվեն, մոտ ժամանակներս պատրաստ կլինի։ Կոտայքի մարզի երթուղիները բավականին խիտ չվացուցակ ունեն, ուղղակի այս պահի դրությամբ փոխադրողը չի կարողացել բոլոր տրանսպորտային միջոցները ներկրի Հայաստան՝ ռուսական արտադրության տրանսպորտային միջոցներ են, և խնդիր կա ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, վերջնական ներկրելուց հետո ուղեգծերում այլևս խնդիրներ չեն առաջանա»,- նշում է Ռուզաննա Այվազյանը։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021-ի սեպտեմբերին։ Սեփականատերը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին է՝ Նվեր Ծառուկյանը, տնօրենը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։
FIP.am-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հաշվի առել են այն վտանգը, որ միասնական օպերատորի առկայության դեպքում, եթե սպասարկող ընկերությունում գործադուլ լինի, ամբողջ մարզում ուղևորափոխադրումները կարող են կաթվածահար լինել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ երթուղիները չսպասարկելու դեպքում ընկերությունը կզրկվի սպասարկման իրավունքից։ Ըստ այդմ, գործադուլը տրանսպորտային փոխադրումներ իրականացնող կազմակերպության ներքին խնդիրն է, իսկ ընկերությունը պայմանագիր է կնքում պետության հետ և պարտավոր է փոխադրումներ իրականացնել։
Նախարարությունից փոխանցում են, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ ընկերությունը նախազգուշացվում է, որից հետո, 15-օրյա ժամկետում, խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:
Արարատի մարզ
Արարատի մարզում ուղևորափոխադրումներն իրականացնելու է «Ռեգնում» ՍՊԸ-ն, որը հաղթել է մրցույթում։ Սակայն հաղթող ճանաչված ընկերությունը դեռևս չի սպասարկում երթուղին, քանի որ մրցույթի մյուս մասնակիցը՝ «Լիգա» ՍՊԸ-ն, վիճարկել է մրցույթի արդյունքները դատարանում։
«Ռեգնում» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել հետևյալ տրանսպորտային միջոցներով․ 15 հատ 2022-ի արտադրության «ՊԱԶ Վեկտոր Նեքստ 8․8» մակնիշի և 72 հատ «Պազ 3203» մակնիշի մեքենաներ։ Սպասարկման իրավունքն ընկերությանը տրվել է 10 տարի ժամկետով։
«Լիգա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Գագիկ Գրիգորյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանում վիճարկել են արդյունքները, քանի որ գտել են, որ խախտվել է մրցույթի անցկացման կարգը։ Նրա խոսքով, ընկերությունը մրցույթում ցածր բալեր է ստացել ավելի բարձր սակագին առաջարկելու և շարժակազմում օդորակիչների բացակայության պատճառով։
Արմավիրի մարզում ևս մրցույթ է անցկացվել, սակայն մրցույթի արդյունքում հաղթող ի հայտ չի եկել։ Մրցույթին մասնակցել են «Ընկերներ Տրանս» ՍՊԸ-ն և «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն․ վերջինս վարչական դատարանում վիճարկել է մրցույթի արդյունքները։
«Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն ևս հիմնադրվել է 2021-ին, ընկերության 50%-ը մինչև 2021-ի հուլիսը պատկանել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Քաջիկ Գևորգյանին, նրա փոխարեն 50% սեփականատեր է դարձել Էդգար Անտոնյանը, մյուս 50%-ը պատկանում է Հովհաննես Սիմոնյանին։
«Ընկերներ Տրանս» ՍՊԸ-ի բաժնետեր Էդգար Անտոնյանը Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Ալեքս տեքստիլ», «Ալեքս Ալկո» ընկերությունների սեփականատերն է, նա նաև 10% բաժնեմաս ունի «Լավէռ» ՍՊԸ-ում, որի 60%-ը պատկանում է Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Լուսինե Ալեքսանյանին, այստեղ 10-ական տոկոս բաժնեմաս ունեն Արթուր Պետրոսյանը, Ռոբերտ Ղարիբյանը, Վիկտր Մանուկյանը։
«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն, ըստ երևույթին, ընտանեկան բիզնես է։ Ընկերության 50%-ը պատկանում է Հասմիկ Ավոյանին, մյուս 50 %-ը՝ Սյուզաննա Խաչատրյանին, ընկերության տնօրենը Սյուզաննա Խաչատրյանի քույրն է՝ Շուշանիկ Խաչատրյանը, Հասմիկ Ավոյանը, ենթադրաբար, Սյուզաննա և Շուշանիկ Խաչատրյանների մայրն է։
Մինչև դատարանի կողմից վճռի կայացումը վերը նշված երկու մարզերում կանոնավոր երթուղիների սպասարկումը շարունակում են իրականացնել նախկինում ընտրված կազմակերպությունները։
Շուշան Ստեփանյան