Հուլիսի 28-ին Թուրքիայի Ռիզե քաղաքում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ ուղղելով Իսրայելին, հայտարարել էր՝ «Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց (Իսրայել — խմբ․) հետ»։
Ադրբեջանում` 44-օրյա պատերազմին որևէ այլ երկրի զինծառայողի մասնակցության մասին հայտարարություններն անհիմն են որակել։ 1news.az լրատվամիջոցի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել է․ «44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչի առնչությամբ Ադրբեջանի նախագահն իր ելույթներում քանիցս երախտագիտություն է հայտնել այդ երկրներին։ 2020-ի պատերազմում որևէ երկրի անձնակազմ չի մասնակցել ռազմական գործողություններին»։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյո՞ք Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայից միայն քաղաքական աջակցություն է ստացել, թե՞ նաև ռազմական։
Թուրքիայի ներգրավվածությունը 44-օրյա պատերազմում
Դեռևս 2020 թվականի պատերազմից շաբաթներ առաջ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան մինչև վերջ Ադրբեջանի հետ է։
«Մեր բոլոր միջոցներով մենք մինչև վերջ Ադրբեջանի, ադրբեջանցի զինծառայողների կողքին ենք ընդդեմ Հայաստանի։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին իր արդար պայքարում։ «Օկուպացված» տարածքների «ազատագրման» պայքարում մենք՝ 83 միլիոնանոց Թուրքիան, մեր եղբայրների կողքին է»,— ասել էր Աքարը։
Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույն օրը իր հերթին հայտարարել էր՝ «Այսօր Թուրքիայի ԶՈՒ-ն իր ուժը ցույց է տվել ամբողջ աշխարհին Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Աստված տա, Ադրբեջանի ԶՈՒ-ն Թուրքիայի բանակի աջակցությամբ կկատարի իր սուրբ պարտքը։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ-երը իրենց պարտքը կկատարեն, երբ ժամանակը գա»։ Թերևս նկատի ունենալով այն, որ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան ներգրավված կլինի դրանց մեջ։
Պատերազմի հենց առաջին օրերին Թուրքիան աջակցություն էր հայտնել Ադրբեջանին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևելյան Միջերկրականի թեմայով սեպտեմբերի 28-ին կայացած գիտաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել էր՝ «Եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում սկսված ճգնաժամին», ու պնդել, թե «տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, եթե Հայաստանը դուրս գա «օկուպացված» տարածքներից»։
ՀՀ արտգործնախարարությունն էլ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարություն էր տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, նշելով, որ Ադրբեջանը խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով և այդ նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։
«Այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ:
Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին», — ասված էր Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Տարբեր գործոններ են բացատրում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմական հաղթանակը, որոնցից երկուսը հետազոտողների կողմից համարվում են «կախարդական փամփուշտներ»՝ Թուրքիայից և Իսրայելից ստացված անօդաչու թռչող սարքերի դերը և թուրք բարձրաստիճան զինվորականների խորհրդատվական դերը Ադրբեջանի օպերատիվ պլաններում և հրամանատարությունում:
Ռուսական «Կոմերսանտ»-ի ռազմադիվանագիտական աղբյուրների համաձայն, 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանի տարածքում իբր մնացել էր Թուրքիայի ԶՈՒ զգալի խմբավորում, որն էլ կոչված էր համակարգող և ուղղորդող դեր խաղալ Արցախում հարձակողական գործողության պլանավորման և անցկացման գործում: Ըստ կայքի, խոսքը 600 զինվորականի մասին է, այդ թվում՝ 200 հոգանոց գումարտակային մարտավարական խումբ, 50 հրահանգիչ՝ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական՝ Բաքվում (բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբի շղթայում մարտական գործողությունների անցկացման կապի ապահովման համար), 120 հոգուց բաղկացած թռիչքային-տեխնիկական խումբը՝ Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատոր՝ Դալյարի ավիաբազայում, 50 հրահանգիչ՝ Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչ՝ 4-րդ բանակային կորպուսում և 20 հրահանգիչ՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմածովային բազայում և զորավարժարանում։
Ենթադրվում էր, որ այդ խմբավորումն ներառում էր 18 ՀՄՄ, մեկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, տասը միավոր ավտոտեխնիկա և մինչև 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին իրականացնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարածքում։
2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ «Կոմերսանտ»-ի տվյալների, կտրուկ աճել էր Թուրքիայի ռազմատրանսպորտային ավիացիոն թռիչքների թիվը դեպի Ադրբեջան (հիմնականում Վրաստանի տարածքով):
Մասնավորապես, մարդկանց և զինամթերքի մատակարարումներ իբր իրականացվել են սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին՝ CN-235 ինքնաթիռով, իսկ սեպտեմբերի 25-ին՝ A400M ինքնաթիռով։ Ռազմական գործողությունների թեժ պահին` սեպտեմբերի 28-30-ը, բացի նախկինում ժամանած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան էին ժամանել ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ նրանք տեղում ղեկավարել են ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ու 3-ին Թուրքիայից Ադրբեջան կատարած ավիաչվերթով տեղափոխվել էին բժշկական պարագաներ ու հրաձգային զենք, հոկտեմբերի 7-ին` զինվորական անձնակազմ ու ռազմամթերք։ Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ամման-Բաքու երթուղով Վրաստանի տարածքով տարանցմամբ իրականացվել էր 200 միավոր գնդացիրների և ռազմամթերքի մատակարարում:
Թուրքական «Բայրաքթարներ»
2020-ի պատերազմի առանձնահատկություններից էր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լայն կիրառումը Ադրբեջանի կողմից։
2020 թվականի հունիսին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանը պատրաստվում է «Բայրաքթարներ» ձեռք բերել։ «Մարտական անօդաչու թռչող սարքերի գնման ուղղությամբ ջանքերը շարունակվում են։ Հիմա մենք արդյունքներ ունենք»,- 2020 թվականի հունիսի 22-ին Թուրքիայի մայրաքաղաքում լրագրողներին ասել էր Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը։ Նախարարը չէր հստակեցրել, թե անօդաչու սարքերի որ համակարգերն էր մտադիր գնել կառավարությունը։ Սակայն թուրքական աղբյուրները նշում էին, որ Ադրբեջանը հետաքրքրված է Bayraktar TB2 միջին բարձրության և հեռահար մարտավարական անօդաչու թռչող սարքով:
Այդուհանդերձ, գործարքի կնքման մասին հետագա հաղորդումներ չկային: Թերևս դա արվել է անաղմուկ, կամ հնարավոր է, որ Թուրքիան ուղղակիորեն Բայրաքթարները փոխանցել էր ադրբեջանական բանակին՝ հարձակմանը աջակցելու համար: Վերջին տարբերակը այն էր, որ թուրք զինվորականները անձամբ էին ղեկավարում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը՝ աջակցելով ադրբեջանական զինուժին:
«Կոմերսանտը» վկայակոչելով ռազմական և դիվանագիտական աղբյուրները` 2020-ի հոկտեմբերի 10-ին գրել էր, որ 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսների թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորներ էին մնացել Ադրբեջանի Դալյարի ավիաբազայում։
Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր տասնյակ տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես են հայկական զինտեխնիկան և անձնակազմը ոչնչացվում Bayraktar TB2 հարվածներից։
2020 թվականի հոկտեմբերի 20-ին հայկական կողմը հայտարարել էր, որ մոտ տասը Բայրաքթար է խոցել։ Հրապարակվել էին նաև խոցված Բայրաքթարների լուսանկարները (1, 2,):
F-16 կործանիչներ
F-16 կործանիչների պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում առկայության մասին փաստել էին արբանյակային լուսանկարները (1,2), որոնց համաձայն, թուրքական կործանիչները հոկտեմբերի դրությամբ առկա էին Գյանջայում և Գաբալայում։ Դրանք Ադրբեջան էին տեղափոխվել պատերազմից առաջ՝ հուլիս-օգոստոս ամիսներին, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ։
F16-ների արբանյակային լուսանկարները
Գյանջայում թուրքական F-16-ների հնարավոր առկայության և ռազմական գործողություններում դրանց հնարավոր ներգրավվածության հարցը առաջին անգամ բարձրացվեց 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Մարտերում Թուրքիայի F-16 -երի ներգրավվածության մասին հայկական կողմը նաև փաստեր էր ներկայացրել։
Վարձկաններ
2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը սեփական զինված ուժերից բացի, լայնորեն կիրառել էր նաև Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջան տեղափոխված վարձկանների։
«Կոմերսանտ»-ի աղբյուրների տվյալներով, 2020-ի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում մինչև 1,3 հազար սիրիացի մարտիկ և լիբիացի վարձկանների առնվազն մեկ խումբ՝ 150 մարդ, տեղափոխվել էին հակամարտության գոտի։ Վարձկանների հավաքագրումը կազմակերպվում էր Աֆրինում, որտեղից թուրքական տրանսպորտային ընկերությունների օգնությամբ նրանց տեղափոխում են Շանլըուրֆա (Թուրքիա) քաղաք՝ Սիրիայի հետ սահմանից 40 կմ հեռավորության վրա։ Այնուհետև վարձկանները չարտերային թռիչքներով տեղափոխվում էին հակամարտության գոտի։
2020 թվականի սեպտեմբերի 21-ին ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թվիթերում հրապարակել էր մի ձայնագրություն, որտեղ, ըստ Սնելի, Սիրիացի զինյալը պատմում էր, որ սեպտեմբերի 27-30-ը նրանց տեղափոխելու են Ադրբեջան։ Սնելը նաև նշել էր՝ բազմաթիվ աղբյուրներից լսել էր, որ Ադրբեջանում արդեն կան զինյալներ Սիրիայից։
Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել էր, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ են կռվել, որոնք տեղափոխվել էին Սիրիայից։ Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված էր հրապարակել և հերքել պաշտոնական Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր, ԼՂ հակամարտության գոտում վարձկաններ չեն օգտագործվում։
Պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև նախքան այդ, վարձկանների ներգրավման, նրանց քանակի և զոհվածների թվի մասին օպերատիվ տեղեկություններ էր տարածում Մեծ Բրիտանիայում գործող «SOHR»-ը՝ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։ Դեռ սեպտեմբերի 24-ին SOHR-ը հայտնել էր, որ Թուրքիան Աֆրին շրջանից տեղափոխում է հիմնականում «Սուլթան Մուրադ» և «Ալ-Ամշաթ» խմբավորումներից շուրջ 300 վարձկան։
ՀՀ գլխավոր դատախազության 2020 թվականի նոյեմբերի 27-ի հաղորդագրության համաձայն՝ արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանը ներգրավել է տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամներ։ 44-օրյա պատերազմին վարձկան-ահաբեկիչների ներգրավման մասին գրել էին նաև մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող լրատվականներ, ինչպիսիք են՝ BBC-ն, Washington Post-ը, The Wall Street Journal-ը, The Guardian-ը և այլն։
Թուրք գեներալների մասնակցությունը ռազմական գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանի ԶՈւ-ում թուրք գեներալների ներգրավվածության և նրանց կողմից ռազմական գործողությունները ղեկավարվելու մասին տեղեկություններ էին տարածվում։
Սերբական «Պրավդա» պարբերականը հոդված էր հրապարակել, ըստ որի ադրբեջանական բանակն ու ռազմական գործողությունները ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ չեն ղեկավարել ու պլանավորել։ Ըստ պարբերականի՝ տարբեր աղբյուրներում, այդ թվում և միջազգային, նյութեր էին հայտնվել այն մասին, որ ռազմական գործողությունների պլանավորման ու իրականացման գործում թուրք գեներալները կարևոր դերակատարում են ունեցել։ Երկու անուն էր շրջանառվում՝ գեներալներ Բահտիյար Էրսայ և Գյոքսել Քահյա։ Սերբական պարբերականը նաև նշել էր թուրք գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգային, որպես ռազմական գործողությունների անմիջական մշակող։ Նույն գեներալների մասին հոդված էր գրել նաև ռուսական «Վզգլյադ»-ը։
Իսկ ռուսական «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրների համաձայն Արցախի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ամենանշանակալի աջակցություններից էր նաև երեք տասնամյակներ տևած բանակաշինությունը։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ուսուցման համագործակցության մասին առաջին համաձայնագիրը ստորագրվել էր 1992թ.-ին, որը վավերացվել էր Թուրքիայի խորհրդարանում հաջորդ տարի և եռանդուն գործադրվել էր։ Այդ համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի զինված ուժերի կուրսանտները, երիտասարդ սպաները և միջին մակարդակի հրամանատարական կազմը կրթություն էին ստանում Թուրքիայի ռազմական ակադեմիաներում։
Այս համագործակցությունն իր ամենաբարձր կետին հասավ 2010 թվականի Ռազմավարական գործընկերության և փոխադարձ աջակցության համաձայնագրով: Այդ պահից ի վեր ադրբեջանական զինուժը մասնակցում էր թուրքական զորավարժություններին և ռազմական այցեր էր կատարում Թուրքիա և հակառակը:
Ադրբեջանում Թուրքիայի բանակաշինության գործընթացը համահունչ էր գործընկեր երկրների նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականությանը։
Այսպիսով, չնայած Ադրբեջանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ակնհայտ է, որ բացի դրանից, Թուրքիան նաև ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչն էլ ակնհայտորեն եղել է պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նպաստող առաջատար գործոններից մեկը։
Սյուզաննա Համբարձումյան