Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն ակնհայտ ապօրինի կարգադրություններ է արձակել:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ղեկավար: Մեղրի խոշորացված համայնքի մաս են կազմում Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։ Մեղրի համայնքի պաշտոնական կայքում բնակավայրերի վարչական ղեկավարների մասին տեղեկությունը թերի է ներկայացված:
Մեղրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից հետաքրքրվեցինք, թե Մեղրի համայնքի մեջ մտնող համայքներից քանիսում վարչական ղեկավար կա: Նշենք, որ վարչական ղեկավարը համայնքի ղեկավարի ներկայացուցիչն է տվյալ բնակավայրում և ենթարկվում է համայնքի ղեկավարին:
Պարզվում է՝ Ագարակ քաղաքն ու Կուրիս գյուղն ունեն մեկ վարչական ղեկավար, որը Գևորգ Խաչատրյանն է: Ալվանք և Շվանիձոր գյուղերի վարչական ղեկավարն էլ Ալիկ Թումանյանն է: Բացի այդ, թվով 6 համայնքի՝ Վարդանիձորի, Այգեձորի, Թխկուտի, Լեհվազի, Վահրավարի և Գուդեմնիսի վարչական ղեկավար է Ռաֆիկ Մկրտչյանը:
Մեղրի համայնքի ղեկավարի մարտի 19-ի կարգադրության մեջ բառացիորեն ասված է. «Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178, 188 հոդվածներով. կարգադրում եմ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի վարչական ղեկավարի լիազորությունները 2018 թվականի ապրիլի 1-ից վերապահել Լեհվազ բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆիկ Մկրտչյանին: Ռաֆիկ Մկրտչյանին աշխատանքի ծավալի ավելացման համար վճարել լրավճար՝ ամսական 20 հազար դրամի չափով»:
Երբ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավական հիմքով է համայնքապետը մի քանի բնակավայրի մեկ վարչական ղեկավար նշանակել, մեզ ներկայացվեց ՏԻՄ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը: Նշված հոդվածը սահմանում է ընդամենը այն, որ համայնքի ղեկավարը իրավունք ունի կարգադրություն արձակելու:
Տեղական ինքնակառավարման հարցերով անկախ փորձագետ Վահագն Պետրոսյանը, հղում կատարելով ՏԻՄ օրենքին, նշում է, որ բոլոր բնակավայրերում համայնքի ղեկավարը պարտավոր է նշանակել վարչական ղեկավարներ: «Եթե Հայաստանում կան այնպիսի խոշորացված համայնքներ, որոնց կազմում ընդգրկված բնակավայրերից որևէ մեկում նշանակված չէ վարչական ղեկավար, կամ նրա պարտականությունների կատարումը դրված է մեկ այլ պաշտոնատար անձի վրա, ապա այդպիսի դեպքերում շրջանցվել է օրենքը»,- մեր զրույցում նշեց փորձագետն ու հավելեց, որ մեր մատնանշած խնդիրը կարգավորողը տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է, որն իրավասու է նման դեպքերում միջոցներ ձեռնարկելու: Նա կարող է առաջարկել համապատասխան համայնքի ղեկավարին՝ օրենքի հիման վրա ձևավորել վարչական ղեկավարի առանձին հաստիք:
Նրա խոսքով, եթե համայնքի ղեկավարը չի վերանայում իր որոշումը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջարկության հիման վրա, ապա նախարարությունը կարող է դիմել դատարան և պարտավորեցնել համայնքի ղեկավարին կատարելու իրեն օրենքով վերապահված պարտավորությունը:
Այդուհանդերձ փորձագետը գտնում է, որ բնակավայրերում պարտադիր վարչական ղեկավար ունենալու օրենսդրական պահանջը այդքան էլ տրամաբանական չէ: «Բազմաբնակավայր շատ համայնքներ կան, որոնց կազմում կան այնպիսի բնակավայրեր, որոնց բնակչության թիվը չի գերազանցում անգամ հարյուր բնակիչը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ և վարչական ղեկավարի պարտադիր հաստիք ունենալու պահանջը սահմանել 300 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի համար, իսկ մինչև 300 բնակիչ ունեցող բնակավայրերի մասով վարչական ղեկավարի նշանակման կամ նրա պարտականությունները այլ պաշտոնատար անձին վերապահելու իրավասությունը թողնել համայնքի ավագանուն»,- նկատեց Վահագն Պետրոսյանը:
Տիրայր Մուրադյան