News.am կայքը մայիսի 24-ին հրապարակում էր տարածել «Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվով 6-րդն է աշխարհում» վերնագրով:
Նյութի աղբյուրը Our World in Data հարթակն էր: Ըստ աղբյուրի՝ մայիսին Հայաստանում այդ ցուցանիշը 126 է: Հայաստանից առաջ են Քաթարը (601 դեպք), Բահրեյնը (228 դեպք), Քուվեյթը (210 դեպք), Չիլին (184 դեպք) և Սան Տոմե և Պրինսիպին (182 դեպք)։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված վիճակագրությունը։
Մեկ միլիոն բնակչության հաշվով դեպքերը Հայաստանում
Մայիսի 24-ի տվյալներով Հայաստանում արձանագրվել էր վարակի 359 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվը զգալի աճ է գրանցել հատկապես վերջին օրերին: Համեմատության համար նշենք, որ նույն օրվա տվյալներով վարակի պիկը հաղթահարած Գերմանիայում գրանցվել էր միայն 342 նոր դեպք կամ՝ մեկ միլիոն բնակչի հաշվով 5․14 դեպք (երկրի բնակչությունը շուրջ 83 միլիոն է):
Երեք միլիոնից քիչ բնակչություն ունեցող Հայաստանում 359 դեպքը կազմում է 126 դեպք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով: Մեկ միլիոնի հաշվով դեպքերի թիվը Հայաստանում զգալի աճել է սկսած մայիսի 22-ից: Մայիսի 21-ին այս ցուցանիշը Հայաստանում 77.6 էր:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում արձանագրված դեպքերը մեկ միլիոն բնակչության հաշվով մայիսի 25-ի դրությամբ 2401 են, ինչը 35-րդ ցուցանիշն է 215 երկրի շարքում:
Աշխարհում
Քաթարը, որտեղ մայիսի 24-ի դրությամբ 601 դեպք է գրանցվել՝ մեկ միլիոն բնակչության հաշվով, ունի շուրջ 2․7 միլիոն բնակիչ: Սա մայիսի 24-ի դրությամբ աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: Մայիսի 23-ի դրությամբ այս ցուցանիշը Քաթարում 635 էր:
News.am-ի նշած ցանկում բնակչության թվով ամենափոքրը Տոմե և Պրինսիպին է՝ շուրջ 211 հազար: Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով երկրի ցուցանիշը 182 է, ընդհանուր առմամբ՝ արձանագրված դեպքերի թիվը երկրում 251 է, մահերինը՝ 8:
Բնակչության հաշվով վարակվածների ընդհանուր թվով «առաջատարը» Սան Մարինոն է: Երկրի բնակչությունը 33 հազար է, վարակված է 665 մարդ: Երկրորդը Քաթարն է՝ 2․7 միլիոն բնակչությամբ և 43 հազարից ավելի վարակակիրներով: Ցուցանիշը բավական բարձր է նաև Իսպանիայում, որտեղ վարակված է շուրջ 282 հազար մարդ: Մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցված դեպքերի թիվն այստեղ 6050 է:
Այսպիսով, News.am-ի հրապարակումը, թե Հայաստանը գրանցված նոր դեպքերի թվով մեկ միլիոն բնակչության հաշվով աշխարհում 6-րդն է, ճիշտ է:
Անի Ավետիսյան