Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները լրագրողներին ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի արդյունքները, որի ավարտին լրագրողները հարցեր ուղղեցին պատգամավորներին։ Հարցերից մեկը վերաբերում էր կուսակցությունների արտաքին և ներքին ֆինանսավորման աղբյուրներին, ինչին ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց․ «Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն ա «Լուսավոր Հայաստանը», որ մեդիա չունի։ Հայաստանի պատմության մեջ չի եղել քաղաքական միավոր, որ գոնե մի հատ թերթ չունենա։ Միակ ուժն ա («Լուսավոր Հայաստանը»- խմբ․)»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե Հայաստանի երրորդ հանրապետությունում որ կուսակցություններին է հաջողվել մուտք գործել խորհրդարան, և որ լրատվամիջոցներն են այս կամ այն կերպ փոխկապակցված եղել որևէ խորհրդարանական ուժի հետ։ Ուսումնասիրության մեջ կնշենք ոչ միայն փաստական կապերը, այլ նաև այն դեպքերը, երբ մեդիան անուղղակի կերպով սատարել է քաղաքական ուժին։
Առաջին գումարման Գերագույն խորհուրդ
1990 թ․ ձևավորված առաջին խորհրդարանում ներկայացված էր ընդամենը երկու քաղաքական ուժ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն (ՀԿԿ) ու Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ)։
Կոմունիստական կուսակցության խոսափողը մամուլում «Սովետական Հայաստան» օրաթերթն էր, իսկ ՀՀՇ-ին սատարում էր «Հայք» պարբերականը։
Բացի սա, ՀՀՇ-ն, լինելով իշխող ուժ, փաստացի տնօրինում էր նաև հեռուստատեսությունը։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն էր ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ընդդիմադիրների՝ մեկ ժամ եթերաժամանակ ստանալու առաջարկին ի պատասխան՝ նախագահ Տեր-Պետրոսյանը երկու ժամ տվեց նրանց։
Առաջին գումարման Ազգային ժողով
Առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1995 թ․ հուլիսին, որի արդյունքում 5 տոկոսի սահմանագիծն անցան և խորհրդարան մտան 5 կուսակցություն՝ «Հանրապետություն» միավորումը, «Շամիրամ» կուսակցությունը, ՀԿԿ-ն, Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) և Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ)։
Հանրապետություն միավորումը կազմված էր գերազանցապես ՀՀՇ-ից ու Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)։
ՀՀԿ-ն ստեղծվել էր քաղաքական դաշտում ազդեցիկ գործիչների ջանքերով, սակայն սկզբնական շրջանում չուներ իրեն բացահայտ աջակցող մեդիա ռեսուրս։ Այս կուսակցության կայունացման և հետագայում խորհրդարանը «գրավելու» շնորհիվ վերջինս դարձավ հայաստանյան մեդիայի հիմնական «տնօրինողը»։ Այս կուսակցության կամ կուսակցության հետ փոխկապակցված անձանց միջոցով տնօրինվող լրատվամիջոցների ցանկը բավական մեծ է, և մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը ՀՀԿ-ին սատարող կամ ՀՀԿ-ի հետ փոխկապակցված անձանց պատկանող լրատվամիջոցներից, թերևս, արժե առանձնացնել «Արարատ» հեռուստաընկերությունը, որի գլխավոր բաժնետերերից էր ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Պողոսյանը։ Այս կուսակցության մեդիա ռեսուրսները, սակայն, սխալ կլինի սահմանափակել միայն «Արարատով»։ Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ են կապվել և կապվում բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ հեռուստաալիքներ, կայքեր, ռադիոալիքներ։
Շամիրամ կուսակցությունը ներկայացված էր Ազգային Ժողովում ութ անդամով։ Այս կուսակցությունը մյուսներից տարբերվում էր նրանով, որ կազմում բացառապես կանայք էին։ Կուսակցության ղեկավար Շողեր Մաթևոսյանը (գրող Հրանտ Մաթևոսյանի դուստրն ու Լևոն Զուրաբյանի կինը) հանդիսանում էր «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիրը։
ԱԺՄ կուսակցությունը ևս ուներ «սեփական» լրատվամիջոց։ Կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանը հանդիսանում էր «ԱՅԺՄ» թերթի գլխավոր խմբագիրը:
ԱԻՄ կուսակցությունը ևս ուներ իրեն բացահայտ սատարող հայկական մամուլում։ Վերջինիս կողմից հրատարակվում էր «Անկախություն» շաբաթաթերթը։
Երկրորդ գումարման Ազգային ժողով
Երկրորդ գումարման Ազգային ժողովը ձևավորվեց 1999 թվականին։ Անցողիկ շեմը հաղթահարեցին ու խորհրդարան մտան վեց կուսակցություն ու դաշինք։ Դրանք էին «Միասնություն» դաշինքը, ՀԿԿ-ն, «Իրավունք և Միաբանություն» դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցությունը և ԱԺՄ-ն։
Հայաստանի ժողովրդական կուսակցության և ՀՀԿ-ի միավորմամբ ստեղծված Միասնություն դաշինքն ունեցավ ժողովրդական մեծ աջակցություն և ստացավ ամենաշատ թվով ձայները։ Այս դաշինքին սատարող լրատվամիջոցներից, թերևս, ամենից հայտնին ընդդիմադիր «Ա1+» հեռուստաալիքն էր և «Հայաստան» թերթը, որի խմբագիրը ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն էր։
«Իրավունք և Միաբանություն» դաշինքին սատարում էր «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) ստեղծած «Իրավունք» թերթը։
«Օրինաց Երկիր» կուսակցությունը ևս համարվում էր ընդդիմադիր ուժ, իսկ կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիրն էր։ Հետագայում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ սկսեցին կապել «Հ3» հեռուստաալիքը, որը բացահայտ աջակցում էր կուսակցությանը, իսկ հեռուստաընկերությունը տեղակայված էր հենց ՕԵԿ գրասենյակի շենքում։
Երրորդ գումարման Ազգային ժողով
Երրորդ գումարման Ազգային Ժողովը ձևավորվեց 2003 թվականին։ Ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում հայտնվեցին 6 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։ Դրանք էին՝ ՀՀԿ-ն, «Արդարություն» դաշինքը, ՕԵԿ-ը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), Ազգային միաբանությունը և Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ)։
«Արդարություն» դաշինքի կազմում էին ներկայացուցիչներ ՀԺԿ, ՍԻՄ, ԱԺՄ, «Հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարների և «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունների ներկայացուցիչները։ Դաշինքն ուներ հանրության լայն շերտերի աջակցությունը, իսկ մեդիայում հիմնական սատարողներից էր «Իրավունք» թերթը։
Մեդիադաշտում ՀՅԴ-ն ուներ և մինչ օրս շարունակում է ունենալ մի քանի խոշոր մեդիա ռեսուրսի աջակցությունը։ Մասնավորապես, Դաշնակցությանն են պատկանում կամ կուսակցությանը բացահայտ սատարում են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, «Ազատամարտ» շաբաթաթերթը։ Իսկ կուսակցության պաշտոնական թերթը՝ «Դրոշակը», լույս է տեսնում բազմաթիվ երկրներում։
Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային Միաբանություն» կուսակցությունը ևս համարվում էր ընդդիմադիր ուժ և ընդդիմադիր մամուլում ուներ մեծ աջակցություն։ Եվ չնայած այս ամենին՝ մենք չկարողացանք գտնել որևէ զանգվածային լրատվության միջոց, որն ուղղակի կապ կունենար կամ բացահայտ կսատարեր այս կուսակցությանը։
ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին էր պատկանում «Կենտրոն» հեռուստաընկերությունը։
Չորրորդ գումարման Ազգային ժողով
Չորրորդ գումարման ազգային ժողովը ձևավորվեց 2007 թվականին։ Ազգային Ժողովում հայտնվեցին 5 կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»։
Առաջին անգամ խորհրդարանում հայտնված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գլխավորում էր գործարար Գագիկ Ծառուկյանը։ Այս կուսակցությունն ուներ բավականին մեծ ֆինանսական և մեդիա ռեսուրսներ։ Մեդիադաշտում կուսակցությանը սատարող ամենախոշոր ԶԼՄ-ն «Կենտրոն» հեռուստաալիքն էր։
Ազգային ժողովի, թերևս, ամենահամեստ կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգություն» կուսակցությունն էր։ Այս Կուսակցությունն աչքի չէր ընկնում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ մեդիա ռեսուրսներ տնօրինելու տեսանկյունից։ Փաստացի, «Ժառանգությունը» չուներ ոչ միայն «սեփական» ԶԼՄ, այլ նաև որևէ սատարող լրատվամիջոց։
Հինգերորդ գումարման Ազգային ժողով
Հինգերորդ գումարման Ազգային ժողովը կազմավորվեց 2012 թվականին։ Անցողիկ շեմը հաղթահարեցին և խորհրդարան մտան 6 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։
Առաջին անգամ խորհրդարանում հայտնված ՀԱԿ-ը կուսակցությունների դաշինք էր, որը գլխավորում էր 2007-ին քաղաքականություն վերադարձած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս դաշինքը մեդիադաշտում ուներ բավական մեծ աջակցություն, որոնցից էին «Չորրորդ ինքնիշխանությունն» ու «Հայկական ժամանակը»։ Առաջինի դեպքում գլխավոր խմբագիրը դաշինքի նախընտրական ցուցակի 5-րդ համար Լևոն Զուրաբյանի կինն էր՝ Շողեր Մաթևոսյանը, իսկ «ՀԺ»-ի խմբագիրը նույն ցուցակի 7-րդ համար Նիկոլ Փաշինյանն էր։
Վեցերորդ գումարման Ազգային ժողով
Վեցերորդ գումարման Ազգային Ժողովը ձևավորվեց 2017 թ․ ապրիլի երկուսին և դարձավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենակարճ կյանք ունեցած խորհրդարանը։
Ազգային ժողովում հայտնվեցին ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն։
«Ծառուկյան» դաշինքում հիմնականում ԲՀԿ կուսակցության անդամներն էին, և այս դաշինքին աջակցում էին այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ կապված էին Գագիկ Ծառուկյանի հետ։
«Ելքը» «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ), «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքն էր։ Այս դաշինքն ուներ ընդդիմադիրների մեծ աջակցություն ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ մեդիայում։ Դաշինքին բացահայտ սատարում էր «Հայկական Ժամանակ» օրաթերթը։
Յոթերորդ գումարման Ազգային ժողով
Յոթերորդ գումարման Ազգային ժողովը ձևավորվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով՝ 2018 թ․ դեկտեմբերին։ Ազգային Ժողովում հայտնվեցին ընդամենը երեք քաղաքական ուժեր՝ «Իմ Քայլը» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։
«Իմ Քայլը» դաշինքի հիմնական մասը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն են։ Դաշինքին սատարող ամենախոշոր մեդիա ռեսուրսը կրկին «Հայկական ժամանակ» օրաթերթն է, որի գլխավոր խմբագիրը ՔՊ կուսակցության հիմնադիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ակնհայտ սատարում էր էլեկտրոնային 1in.am լրատվական կայքը, որի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը կուսակցության նախընտրական ցուցակում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։ Հետագայում Արման Բաբաջանյանը դադարեցրեց իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և այժմ հանդես է գալիս անկախ պատգամավորի կարգավիճակով։
Ամփոփում
Այսպիսով, ուսումնասիրելով նորանկախ Հայաստանի պատմության բոլոր խորհրդարաններում ներկայացված քաղաքական ուժերն ու դրանց սատարող լրատվականները, կարող ենք փաստել, որ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և իր ղեկավարած կուսակցությունը մինչև վերջերս ուներ սատարող լրատվամիջոց՝ ի դեմս 1in.am-ի։ Իսկ ինչ վերաբերում է Մարուքյանի այն պնդմանը, թե ԼՀԿ-ն միակ քաղաքական ուժն է առանց սեփական մեդիայի, ապա պետք է հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքական կյանքում «Ազգային միաբանություն» և «Ժառանգություն» կուսակցությունները չեն ունեցել ոչ մի մեդիա ռեսուրս։
Սևադա Ղազարյան