Հունիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում չկա։
«Շաբաթներ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց ուսուցիչների աշխատավարձերի իբրև թե բարձրացման մասին։ Իսկ շատ չանցած պարզվեց, որ խոսքն ատեստավորումը գերազանց անցածների մասին է, որոնց թիվը ներկայումս կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել, և 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում պարզապես չկա»,- մասնավորապես, գրել էր թերթը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե քանի՞ ուսուցիչ է հայտագրվել 2021 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար և արդյո՞ք կան անցողիկ շեմը հաղթահարած ուսուցիչներ, որոնք ստանում են 400,000 դրամ։
Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցման՝ ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ «սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրով» առաջին տարում` 2021 թ. մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից կամավոր ատեստավորմանը մասնակցել է 996-ը։ Արդյունքում` 644 ուսուցիչ անցել է ատեստավորումը, որոնցից 475-ը ստանում են հավելավճար:
«Ներկայումս ունենք ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է մինչև 450 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ շուրջ 400 հազար դրամ ցուցանիշի հասնում է ավելի քան 2 տասնյակ ուսուցիչների աշխատավարձը»,- նշվում է պատասխանում:
ԿԳՄՍ-ից նշում են, որ հավելավճար ստացող ուսուցիչներից 130-ն ունեն տարակարգ, որը ևս հավելավճարի տրամադրման հիմք է:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ սահմանված կարգի համաձայն, 30-50 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: Նշված դրույքաչափի նկատմամբ 2022 թվականի մայիսի 1-ից կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը:
Ըստ այդմ` 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում 30-50 տոկոս հավելավճար ստացող 475 ուսուցիչները ևս վարձատրվում են բարձրացված 200 հազար դրամ դրույքաչափի և համապատասխան հավելավճարների հաշվարկով:
Հարկ է նշել, որ խոսքը «կեղտոտ» աշխատավարձի մասին է՝ հարկերը ներառյալ։ Եթե նշված առավելագույն 450,000 դրամ աշխատավարձը հարկվի ըստ հարկային շեմերի, ապա դրա «մաքուրը» կկազմի 329,750 դրամ։ Սա այն դեպքում, երբ աշխատողը կենսաթոշակային ծրագրի պարտադիր մասնակից է, այսինքն՝ ծնվել է 1974 թվականին և դրանից հետո։ Ծրագրի մասնակից չլինելու դեպքում աշխատողը «մաքուր» կստանա 350,000 դրամ աշխատավարձ։
Ի դեպ, ըստ ԿԳՄՍ-ի՝ 2021 թվականին իրականացված կամավոր ատեստավորմանը բարձր մասնակցություն են ունեցել «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչները:
2022 թվականին ատեստավորման գործընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ։
Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ այսօր ֏400 հազար և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը Հայաստանում շուրջ երկու տասնյակ է, պարզապես նրանք, հարկերը հանած, 400 հազարից պակաս են ստանում։
Նելլի Լազարյան
Մհեր Թարոյան