Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ Ազգային ժողովի նախագահի ապրիլի 2-ի կարգադրությունը՝ ԱԺ աշխատակազմի որոշ աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ։
Քննադատների ուշադրությունը գրավել էր հատկապես երկու հանգամանք․ նախ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները փոխանցվել են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ավելի ուշ՝ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ԱԺ տարեկան բյուջեի մի մասը՝ շուրջ 500 միլիոն դրամ՝ ներառյալ աշխատակազմի և պատգամավորների երկրորդ եռամսյակի պարգևատրումների ֆոնդը, հետ է ուղարկվել պետական բյուջե։
Եվ այս՝ առաջին հայացքից իրար հակասող լուրերը մեծ արագությամբ տարածվեցին լրատվամիջոցներում՝ ներառելով նաև մանիպուլյացիաներ և ապատեղեկատվություններ։
168․am կայքը, օրինակ, թեմային իր անդրադարձում գրեց. «․․.թեև նախկինում պարգևատրումների վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունների մեջ նշվում էր, թե աշխատավարձի քանի տոկոսով են պարգևատրումներ տրվելու, Միրզոյանի՝ ապրիլի 2-ի կարգադրության մեջ պարգևատրման չափը նշված չէ: Հիշեցնենք, որ պարգևատրման մասին մի կարգադրություն էլ Միրզոյանը ստորագրել էր մարտի 25-ին: Այս կարգադրությամբ պատգամավորները պարգևատրվել էին դրույքի 30%-ի չափով»:
Գրեթե նույն բովանդակությամբ նյութեր հրապարակեցին մի շարք կայքեր, այդ թվում՝ 7or.am-ը, gpnews.am-ը, live24.am-ը և այլն, քննարկումները շարունակվեցին նաև սոցիալական կայքերում։
«Փաստերի ստուգման հարթակը», ըստ այդմ, պարզաբանումներ ստացավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանից։ Վերջինս նշեց, որ կարգադրությունում նշված աշխատակիցները ստացել են մարտի պարգևավճարները՝ աշխատավարձի առավելագույնը 30 տոկոսի չափով՝ ըստ աշխատակիցների կատարողականի։ Մարտին պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել, իսկ պետական ծառայողների պարգևատրման այս չափը՝ մինչև 30 տոկոս, սահմանվում է օրենքով։ Այսինքն՝ 168.am-ի պնդումը, թե կարգադրությունում նշված չէ, թե որքան են պարգևատրվել աշխատակիցները, մանիպուլյատիվ է։ Մյուս կողմից՝ կայքը նշել է, որ Միրզոյանի՝ մարտի 25-ի հրամանով պատգամավորներին տրվել է աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևատրում, առանց, սակայն, գրելու, որ այդ գումարները փոխանցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված հաշվեհամարին։
Ըստ Լիլի Մինասյանի՝ մարտին պարգևատրում ստացել է ԱԺ շուրջ 600 աշխատակից։ Իսկ ԱԺ նախագահի գրառումը՝ գումարները հետ վերադարձնելու մասին, վերաբերում է երկրորդ եռամսյակին (սկսած ապրիլից)։ Իսկ մարտին պարգևավճար ստացել են ԱԺ աշխատակազմի բոլոր աշխատողները, իսկ պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է շուրջ 35 միլիոն դրամ։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվարին ԱԺ աշխատակազմի մի շարք աշխատողների աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևատրելու համար, Միրզոյանի կարգադրության համաձայն, փոխանցվել էր շուրջ 60 միլիոն դրամ։ 2019-ին ԱԺ աշխատակազմը պարգևատրվել էր 16 անգամ, իսկ ընդհանուր ֆոնդը կազմել էր ավելի քան 890 միլիոն դրամ կամ՝ յուրաքանչյուր անգամ հատկացված պարգևավճարների միջին գումարը եղել էր շուրջ 55 միլիոն դրամ։
Անի Ավետիսյան