Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վերջին օրերին տարածվել է մի տեղեկություն, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են ապամոնտաժել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել արձանը, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:
Փետրվարի 11-ին ParaTV լրատվական կայքը տեսանյութ էր հրապարակել՝ արդեն պնդելով, որ ադրբեջանցիների պահանջն իբր բավարարվել է և Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվել է։
Թեև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, այդուհանդերձ սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում տեղեկությունը կրկին իբր հաստատվեց լուսանկարով՝ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով» վերտառությամբ:
Արցախի Մարտունի քաղաքի ավագանու անդամ Նվեր Դադամյանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Նժդեհի կիսանդրու լուսանկարը և տեսանյութ՝ գրելով, որ արձանն «ընդմիշտ կանգուն է մնալու, և վերջ»։
Fip.am-ի հետ զրույցում նա հաստատեց, որ տեսանյութն այսօր՝ փետրվարի 12-ին է նկարել, և արձանն իր տեղում կանգնած է։ Հարցին, թե իրո՞ք նման պահանջ է դրվել և արդյո՞ք հարցը քննարկվել է ավագանիում, Դադամյանը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել, թեև խոսակցություններ կան։ Իսկ թե ինչպիսի՞ որոշում կլինի, եթե նման հարց դրվի, պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ հայ կլինի, որ կհամաձայնվի նման որոշմանը»։
Նշենք, որ այսօր News.am-ի հետ զրույցում հարցին անդրադարձել է նաև Արցախի Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի իրենից նման բան պահանջել:
«Արձանը դեռ ավարտած չէ, վերջնական տեսքի բերված չէ, ինքնագլուխ եսիմ ով գնացել է, արձանը բացել է, ու նման խոսակցություններ են տարածվում, այս թեմայով մենք նաև հայտարարություն կտարածենք»,- ասել է քաղաքապետը։
Նշենք, որ Նժդեհի կիսանդրին այս տարվա հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն, սակայն, դեռ չի եղել: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է։
Նելլի Լազարյան