Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը փետրվարի 26-ին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Մարտի 1-ի 10 զոհերից 3-4-ի սպանության դեպքերը բացահայտվել են: «Մեր իշխանությունների օրոք, և ես դրանով հպարտանում եմ, 10 մահացության դեպքից 3-ը կամ 4-ը բացահայտվել են: Բուն մահվան դեպքերը: Եվ պատժվել են մեղավորները: ․․․ Եվ մենք, որ այդ մասին երբեք չենք խոսել, բայց փաստացի արել ենք ավելի շատ աշխատանք»,- ասել է Մամիջանյանը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարի պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը, և այս պահի դրությամբ Մարտի 1-ի սպանությունների գործով որևէ մեկը պատիժ չի կրել:
Հատուկ քննչական ծառայությունից «Փաստերի ստուգման հարթակին» հայտնեցին, որ դա ապատեղեկատվություն է, և Մարտի 1-ի զոհերի սպանությունների գործով բացահայտումներ, առավել ևս՝ պատիժ կրողներ չեն եղել:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների քննությունն ակտիվացավ:
Մասնավորապես, 2019 թվականի հունիսին ձերբակալվեց 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, որը կասկածվում էր 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար: Սակայն նա ազատ արձակվեց օգոստոսին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Սա առաջին և դեռևս միակ դեպքն էր, երբ Մարտի 1-ի գործով անձը ձերբակալվում էր հենց սպանության կասկածանքով:
Ի դեպ, խնդրահարույց է նաև Մամիջանյանի՝ Մարտի 1-ին 10 սպանությունների դեպքը «մահացություն» անվանելը, ինչը տվյալ համատեքստում տեղին չէ և ապակողմնորոշում է:
Այսպիսով, Հայկ Մամիջանյանի հայտարարությունը, թե նախորդ իշխանությունների օրոք Մարտի 1-ի զոհերից 3-4-ի սպանությունը բացահայտվել է, սխալ է:
Լուսինե Ոսկանյան