Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ նպաստառուներ իրենց տրվող սոցիալական վճարներով խաղադրույքներ են կատարում։
«Մենք նաև սարսափով ենք արձանագրում, որ օրինակ՝ ընտանեկան և սոցիալական նպաստներ ունեցող շատ քաղաքացիներ իրենց ստացած սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա»,- ասել էր վարչապետը։
Այնուհետև Փաշինյանն ասել էր, որ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն այդ ամենին վերջ տալու համար, «որովհետև, եթե քաղաքացին կարող է տարվա ընթացքում իր ստացած նպաստի 90%-ը վատնել խաղադրույքներ կատարելու վրա, հարց՝ իսկ ինչո՞ւ է կառավարությունը․․․ Հայաստանի Հանրապետությունը նրանց վճարում»։
«Համաձայնեք՝ շատ տարօրինակ տրամաբանություն է աջակցել քաղաքացուն, վճարել քաղաքացուն, որպեսզի ինքն իր հերթին վճարի շահումով խաղերին մասնակցելու համար»,- եզրափակել էր նա։
«Փաստերի ստուգման հարթակը» պաշտոնական հարցմամբ դիմեց վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ վիճակագրական տվյալներ էր ներկայացնում վարչապետը և ինչպես են հավաքագրվել խաղադրույք իրականացնող նպաստառուների տվյալները։
FIP.am-ը, վարչապետի աշխատակազմից բացի, պաշտոնական հարցմամբ դիմել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Գերատեսչությունից ստացված պատասխանի համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա համար նպաստ ստացող ընտանիքների թիվը կազմել է 76,275: Նախարարությունից տեղեկացնում են, որ նշված ընտանիքներից խաղադրույք կատարող անձանց վերաբերյալ իրենք տեղեկատվության չեն տիրապետում։
Վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանում նշվում է, որ վարչապետի հնչեցրած տեղեկությունները «ստացվել են քաղաքացիների հետ մասնավոր զրույցներում, որոնք անձնական տվյալ են»։
Այսպիսով, նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում վարչապետի ներկայացրած տվյալները ստացվել են միայն քաղաքացիների հետ մասնավոր զրույցներում։
Նարեկ Մարտիրոսյան