Վերջերս Մասիսի քաղաքապետը վստահեցրել էր, որ Մասիսում թեժացած կրքեր չկան և այստեղ ընտրությունները անցնելու են «ակուրատնի»։ Այնինչ այսօր արդեն տեղեկանում ենք, որ Մասիս քաղաքում ընտրությունների շուրջ միջադեպ է եղել, ընդ որում Հանրապետական կուսակցության երկու շտաբերի միջև:
Սա, սակայն, չի եղել հասարակ բանավեճ իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև, այլ բանը հասել է այնպիսի «տուրուդմփոցի», որ անգամ ոստիկանությունն է խառնվել:
Միջադեպի բուն պատճառը եղել է հետևյալը․ «Ավշար» ընկերության տնօրեն Արայիկ Գրիգորյանը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը պայմանավորվածություն է ունեցել հանրապետական Մուրադ Մուրադյանի հետ այն մասին, որ ինքը չի միջամտելու Մասիս քաղաքում ընթացող ընտրապայքարին և կենտրոնացած է լինելու Արարատ քաղաքում քարոզարշավ իրականացնելու վրա: Ի հակառակ սրա, Մասիսում անմիջապես Մուրադյանի ՀՀԿ շտաբի կողքին բացվել է Գրիգորյանի ՀՀԿ շտաբը, ինչն էլ պատճառ է դարձել երկու ճամբարների բախման:
Հատկանշական է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հանդիսնում է Մասիսում ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավարը, և վերը նշված միջադեպը տեղի է ունեցել այսպես ասած իր ազդեցության գոտում:
Փաստացի ի հեճուկս Համբարձումյանի Մասիսում կրքերը մեղմ ասած թեժ են, իսկ նախընտրական գործընթացը բնավ էլ «ակուրատնի» չէ: