Օրերս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Զինված խմբի» գործով հերթական դատական նիստը։ Գործով մեղադրվող Նելլի Մինասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը շինծու է։ «Ընդամենը այնտեղ խնջույք էի անում, բայց դա դեռ չի նշանակում, որ ես այնտեղ հանցագործությամբ էի զբաղված», — ասել է քաղաքացիական ակտիվիստը։
Վերջինիս այս խոսքերը, սակայն, աղավաղվել են որոշ լրատվականների կողմից՝ «խնջույք էի անում»-ից դարձնելով «հաճույք էի անում»։
Օրինակ Operativ.am կայքը, տեղադրելով Առավոտի-ի տեսանյութը, հրապարակել է «Նորքի տանը հաճույք էի անում. Նելլի Մինասյանը՝ իրենց խմբավորման մասին» նյութը։ Թեպետ տեսանյութում հստակ լսվում է «խնջույք» բառը, որն առկա է նաև դրա վերնագում, այնուամենայնիվ, կայքը հաջողացրել է այդչափ աղավաղել Մինասյանի խոսքերը։ Ամեն դեպքում, մենք չենք կարող պնդել, որ Operativ.am կայքը ապատեղեկատվությունը միտումնավոր է տարածել։
Կեղծիքը տարածել են նաև hayeli.am և fbh.am կայքերը, իսկ Mamul.am կայքը հետագայում ուղղել է սխալը՝ «հաճույքը» փոխարինելով «խնջույքի»։