Կառավարության փետրվարի 13-ի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով ձվի ինքնարժեքի շեշտակի անկման հարցին, հայտարարեց, որ դա ներքին գերարտադրության հետևանք է և պայմանավորված չէ ձվի ներմուծման ծավալների աճով։ «Ուզում եմ հստակ ասել, որ էս պահին որևէ պաշտոնական տվյալ չի ասում, որ Հայաստանի Հանրապետություն ձու է ներմուծվել։ Չկա տենց բան»․- հայտարարեց Գևորգյանը։
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՏՄՊՊՀ ղեկավարը վերահաստատեց կառավարության նիստում իր կողմից հնչեցրած միտքը. «Հայաստանի Հանրապետություն վերջին ամիսներին ձու չի ներմուծվել։ Եթե չեմ սխալվում, վերջին ներմուծումը եղել է մարտին կամ էտ կողմերը»։
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, պարզեց, որ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել ավելի քան 13 տոննա թռչնի ձու։ Եթե դիտարկենք այս ցուցանիշն ըստ ամիսների, ապա պարզ է դառնում, որ ձու ներմուծվել է բոլոր ամիսներին՝ բացառությամբ հունվար և հոկտեմբեր ամիսների։
Գեղամ Գևորգյանի և Վիճակագրական կոմիտեի տվյալների տարբերությունը հասկանալու համար հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել Հայաստան ներմուծված ձվի մասին տեղեկատվություն։
ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ 2019-ին սովորական սպառման համար ձվի ներմուծում չի իրականացվել, իսկ 13 տոննա թռչնի ձուն ներմուծվել է ինկուբացիայի համար։
Հավելենք նաև, որ 2019-ին, 2018-ի համեմատ, մոտ 4 անգամ քիչ ձու է ներմուծվել Հայաստան։ 2018-ին ներմուծվել էր ավելի քան 50 տոննա թռչնի ձու։
Այսպիսով, արձանագրենք, որ չնայած նախորդ տարի թռչնի ձու ներմուծվել է, սակայն դա նախատեսված է եղել ինկուբացիայի համար, իսկ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հայտարարությունը վերաբերում էր հավկիթին՝ սովորական օգտագործման համար նախատեսված ձվին, և ճիշտ էր՝ 2019-ին դրանից Հայաստան չի ներմուծվել։
Սևադա Ղազարյան