Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Լոռու մարզի Ձորագետ գետի վրա երկու փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՓՀԷԿ)՝ «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» կառուցելու և ջրօգտագործման թույլտվություն ստանալու հարցով։
ՓՀԷԿ-երը նախատեսվում է կառուցել Ձորագետ գետի՝ Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքների հատվածում։
Ձորագետը Դեբեդի խոշոր վտակներից է՝ 67 կիլոմետր երկարությամբ, և սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Ներկայում Ձորագետի վրա շահագործվում է չորս ՓՀԷԿ, մեկ նոր ՓՀԷԿ-ի շինարարություն նախատեսվում է ավարտել այս տարի, և երկու ՓՀԷԿ-ի համար էլ, փաստորեն, թույլտվություն ստանալու դիմում է ներկայացվել։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե ովքեր են փոքր հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունների սեփականատերերը։
Նոր ՓՀԷԿ-ի նախագիծ՝ ընդդիմադիր գործչի մասնակցությամբ
Ինչպես նշեցինք, «Լոռվա ամրոց» ընկերությունը ցանկանում է կառուցել «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» ՓՀԷԿ-երը։ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգից պարզ է դառնում, որ ընկերության տնտեսական գործունեության տեսակը գրանցված է որպես «սպասարկման ծառայությունների մատուցող»։ «Լոռվա ամրոցը» հիմնվել է 2004-ին, ընկերության բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Սամվել Հունանյանին, 20 տոկոսը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանին։ Վերջինս իր բաժնեմասը ձեռք է բերել 2011-ին։ Մինչ այդ ընկերությունում բաժնեմասեր են ունեցել ու օտարել Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ Մեխակ Գաբրիելյանն ու Սմբատ Հակոբյանը (նա եղել է նաև Վազգեն Մանուկյանի օգնականը), 2000-2001 թթ. տրանսպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) և այլք։ Երկու նոր ՓՀԷԿ-եր կառուցելու շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են։
«Ձորահէկ»՝ Ձորագետի առաջին ՓՀԷԿ-ը
1932 թվականին Ձորագետի վրա կառուցվել է առաջին հիդրոէլեկտրակայանը՝ «Ձորահէկ» ՓՀԷԿ-ը։ Հիդրոէլեկտրակայանի առաջին ագրեգատը շահագործվել է 1931-ին, իսկ ամբողջական ՀԷԿ-ը՝ մեկ տարի անց։ Այս ՀԷԿ-ը ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրող է և կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգում։
«Ձորահէկը», որը խորհրդային տարիներից պետական սեփականություն էր, մասնավորեցվել է 2010-ին, իսկ մինչ այդ՝ 2002-ից, ՀԷԿ-ը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում էր։ 2010-ի դեկտեմբերի 16-ին կառավարությունը հավանություն տվեց գույքի օտարման նախագծին։ Գործարքի արժեքը կազմել էր 3 միլիարդ 600 միլիոն դրամ, իսկ գնորդը «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ն էր։ Մասնավորեցման գործընթացի առաջին պահից մամուլում հրապարակումներ են եղել, որ «Ձորագետ հիդրոյի» իրական սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն է։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի փաստաթղթերից պարզ է դառնում, որ ընկերությունում բաժնեմասեր են ունեցել Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերություն՝ «ՎՈԴ գրուպ» ՍՊԸ-ն և «Էմջիդիսի ինկ ԲՎԿ» ՍՊԸ-ն, ինչպես նաև ֆիզիկական անձինք՝ Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Արմեն Պետրոսյանը, ըստ էլեկտրոնային ռեգիստրի, «Ջազզվե» սրճարանների ցանցում 5 տոկոս բաժնեմաս ունի, ներգրաված է այլ բիզնեսներում ևս։
Լեոնիդ Արևշատյանը Միքայել Մինասյանի շրջապատից է։ «ՍիվիլՆեթը» պարզել էր, որ Արևշատյանը Միքայել Մինասյանի բիզնեսների կառավարիչներից է։
Ըստ պետական ռեգիստրի՝ 2016-ին «Ձորագետ հիդրոյի» 100 տոկոս բաժնետեր է դարձել «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն։ Վերջինիս միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որի բաժնետոմսերի սեփականատերն է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն։ Իսկ այս ընկերությունը, իր հերթին, պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին ու իր ընտանիքին։
Ձորագետի վրա կառուցված այս ՓՀԷԿ-ի մասնավորեցումը 2018 թ. հեղափոխությունից հետո հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ 2019 թ. սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Միքայել Մինասյանը, որպես մեղադրյալ, կարող է անցնել ստրատեգիական կարևորությամբ մի օբյեկտի սեփականաշնորհման գործով, ու մամուլի հրապարակումների համաձայն՝ խոսքը հենց «Ձորահէկի» օտարման գործարքի մասին էր։ Անցյալ տարվա մայիսի 7-ին գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ բարձր եկամտաբերությամբ, 12 միլիարդ դրամ շուկայական արժեք ունեցող այս ՓՀԷԿ-ը օտարվել է 4 անգամ ցածր գնով, հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է ՀՔԾ-ին։
Նախկին փոխքաղաքապետի փոքր ՀԷԿ-երը
Ձորագետի վրա 2012 թվականից Կաթնառատ համայնքի հատվածում գործում է «Կաթնառատ» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «Վանշայն» ՍՊԸ-ն։ 2011-ից ընկերության միակ բաժնետերը ՀՀԿ-ական Կարեն Դավթյանն է։ Վերջինս 2009-2013 թվականներին եղել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 2006-2009 թվականներին՝ Երևանի փոխքաղաքապետ, իսկ դրանից առաջ՝ Երևանի քաղաքապետարանի «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ պետական ոչ առևտրային ընկերության գործադիր տնօրեն։ Այս ԾԻԳ-ը զբաղվում էր Հյուսիսային պողոտայի կառուցապատման համակարգմամբ, տարածքների օտարման հետ կապված հարցերով, մրցույթների կազմակերպմամբ։ Ուշագրավ է, որ Կարեն Դավթյանը թե՛ կադաստրի կոմիտեում, թե՛ քաղաքապետարանում աշխատել է Երվանդ Զախարյանի հետ։ «Կաթնառատ» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարությունը 3450 մետր է, ընկերությանը տրված լիցենզիան մինչ 2027 թվականն է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2019-ի հոկտեմբերին հաղորդեց, որ ստուգումների, շրջայցերի արդյունքում իրավախախտման դեպքեր են հայտնաբերել. ըստ հաղորդագրության՝ մթնոլորտային օդի, ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման ոլորտում «Վանշայնը» թույլ է տվել իրավախախտում և տուգանվել 200,000 դրամով։ 2015-ին Կաթնառատի համայնքապետն ասել էր, որ ամառվա ամիսներին բնակիչները համարյա ջուր չեն ունենում։
Ձորագետի վրա գործող մեկ այլ՝ «Ձորագետ 5» ՓՀԷԿ-ը շահագործում է «Հազար ու մեկ» ՍՊԸ-ն։ Այս ՓՀԷԿ-ը ևս գտնվում է Կաթնառատ համայնքի տարածքում և շահագործվում է 2013 թվականից։ Դրվածքային հզորությունը 1.78 ՄՎտ է, դերիվացիայի երկարությունը՝ 1850 մետր, լիցենզիան տրված է մինչ 2027 թվականը։ «Հազար ու մեկը» հիմնադրվել է 1996 թվականին, 2014 թվականից ընկերության միակ մասնակիցը Մարիամ Հարությունյանն է՝ վերը նշված Կարեն Դավթյանի կինը։ Այս ընկերությունում ժամանակին բաժնեմասեր են ունեցել, ապա օտարել դրանք Կարեն Դավթյանի որդին՝ Վահե Դավթյանը, ու Երվանդ Զախարյանի դուստրը՝ Գայանե Զախարյանը։ Ներկայում ՓՀԷԿ-ը շահագործող այս ընկերությունը պատկանում է միայն Մարիամ Հարությունյանին։
«Ձորագետ 6» ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունը «Վի-Ար-Բի կոնցեռն» ՍՊԸ-ն է։ ՓՀԷԿ-ը շահագործվում է 2013 թվականից։ Ինչպես վերևը նշված երկու ընկերությունները, այս մեկը ևս պատկանում է Կարեն Դավթյանին։ 2012-2016 թթ. որպես ընկերության մասնակից ձևակերպված է եղել Կարեն Դավթյանի որդին՝ Վահե Դավթյանը։ «Էկոլուրը» տարիներ առաջ մոնիտորինգ էր արել «Ձորագետ 6» ՓՀԷԿ-ն ու արձանագրել, որ դրա գլխամասում ձկնապաշտպան կառույցը բացակայում է, նախատեսված 3 ագրեգատներից 2-ն են առկա։ Անցյալ տարի իրականացված ստուգումների արդյունքում «Վի-Ար-Բի կոնցեռնը» տուգանվել է 200,000 դրամով։
Հատկանշական է, որ Կարեն Դավթյանի անունը հանդիպում է մամուլի այլ հրապարակումներում ևս, որտեղ ամերիկահայ գործարար Պավել Անդերսոնը բացահայտում էր, որ կառուցապատման իրավունք ստանալու համար կաշառք է տրամադրել Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, Կարեն Դավթյանին, դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Վերը թվարկված ՓՀԷԿ-երն արդեն գործողներն էին։ Այս տարի նախատեսված է ավարտել «Ձորագետ 4» ՓՀԷԿ-ի շինարարությունը։ Այն կշահագործի «Ասինտար» ՍՊԸ-ն։ 2003 թվականից «Ասինտարի» միակ մասնակիցը Երևանի բնակիչ Պատվական Ասատրյանն է։
«Էկոլուրի» մոնիտորինգի տվյալներով՝ եթե ներկայում Ձորագետի 11 տոկոսն է վերցված խողովակների մեջ, ապա «Ձորագետ 4»-ի շահագործման դեպքում գետի ծանրաբեռնվածությունը կմեծանա ու կգերազանցի 20 տոկոսը։ Իսկ եթե թույլտվություն տրամադրվի «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2»-ին, ապա ծանրաբեռնվածությունն է՛լ ավելի կմեծանա։
Մկրտիչ Կարապետյան