Օրերս, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հիմնական նորությունները լուսաբանող իր ծրագրերից մեկի շրջանակներում, անդրադարձ կատարելով հայ-չինական տնտեսական հարաբերությունների արդի իրավիճակին, որոշ ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել երկու երկրների առևտրային հարաբերությունների դինամիկայի վերաբերյալ:
Այսպես, հաղորդման շրջանակներում Հանրայինը ներկայացրել է, որ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, ինչը սակայն ճշգրիտ չէ: Բանն այն է, որ հեռուստաընկերությունը այստեղ հիմնվել է Չինաստանից կատարվող ներմուծման այն ցուցանիշի վրա, որը հաշվարկվում է ըստ ապրանքների ծագման երկրի դասակարգմամբ: Սակայն, այս դասակարգմամբ ներմուծման ընդհանուր ծավալում ներառվում են չինական ծագում ունեցող բոլոր ապրանքները՝ անկախ այն հանգամանքից, թե ո՞ր երկրից են այդ ապրանքները ներմուծվել: Այդպիսով, այս ցուցանիշը ներառում է նաև երրորդ երկրներից ներմուծված չինական ծագմամբ ապրանքների արժեքը, և հետևաբար այն չի արտացոլում Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերությունների ճշգրիտ մակարդակը և որակը: Այդ տեսակետից, երկկողմ հարաբերությունների կոռեկտ գնահատման համար անհրաժեշտ է հիմնվել ներմուծման՝ ըստ առևտուր կատարող երկրների դասակարգման վրա:
Ըստ այս վերջին դասակարգման՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտահանման գծով ՀՀ խոշորագույն առևտրային գործընկեր է հանդիսացել Ռուսաստանը, որին բաժին է ընկնում ՀՀ ընդհանուր արտահանման 21.6%-ը: Գլխավոր գործընկերների շարքում Չինաստանը զիջում է նաև Շվեյցարիային, որն ունի 13.6% մասնաբաժին, Բուլղարիային (13%), Գերմանիային (7.3%), Վրաստանին (7.3%) և անգամ Իրաքին (5.9%): Այդպիսով, արտահանման գծով Չինաստանը Հայաստանի ոչ թե երկրորդ, այլ յոթերորդ առևտրային գործընկերն է՝ ընդհանուր արտահանման մեջ ունենալով 5% մասնաբաժին:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ ևս ՀՀ խոշորագույն գործընկեր երկիրը Ռուսաստանն է՝ 24.9% մասնաբաժնով, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (6.4%), Վրաստանը (6.2%) և Շվեյցարիան (5.5%): Իսկ ահա Չինաստանը կատարվող ներմուծումների ծավալով միայն հինգերորդն է՝ ընդհանուր ներմուծման մեջ ունենալով 5.2% մասնաբաժին:
Անդրադառնալով երկկողմ առևտրի դինամիկային՝ հեռուստաընկերությունը փաստել է նաև, որ Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառության ծավալները աճի միտումներ են ցուցաբերում: Ինչ խոսք, 2017թ. առաջին չորս ամիսների ընթացքում երկկողմ առևտուրը 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է մոտ 28.5% աճ, սակայն այս աճը գրանցվել է 2016թ. կտրուկ անկման ֆոնին, երբ երկկողմ առևտուրը նվազել է 23 մլն դոլարով: Արդյունքում, ընթացիկ տարում երկկողմ առևտուրը դեռևս չի կարողացել վերականգնվել և հասնել 2015թ. գրանցած ցուցանիշին: Կից ներկայացված գծապատկերում արտացոլված է նաև նախորդ յոթ տարիների ընթացքում ՀՀ-Չինաստան երկկողմ առևտրի դինամիկան, որը, ինչպես պատկերված է, վերջին տարիներին ընդհանուր գծերով ցուցաբերել է նվազման միտումներ: