Կառավարությունը մայիսի 23-ի նիստին մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։
Այս ընկերությունն առաջին անգամ չէ արտոնություն ստանում գործադիրից։ 2018 թ․ հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին և օգոստոսին։
Դավիթ Սուքիասյանը ՀՔԾ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017 թ. հուլիսի 1-ին։ Ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, 2017 թ. օգոստոսի 8-ին Սուքիասյանը դարձել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։
2017 թ. հոկտեմբերին «Հետքը» գրեց ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնեսների և ահռելի ունեցվածքի մասին։ Երկու ամիս անց՝ 2017 թ. դեկտեմբերին, ըստ ռեգիստրի, Սուքիասյանը դուրս է եկել «ՄԼ Մայնինգի» բաժնետերերի ցանկից։ Սակայն, զարմանալիորեն, Սուքիասյանի դուրս գալուց հետո նոր բաժնետերեր ընկերությունում չեն հայտնվել։
Սուքիասյանի ունեցվածքը
Սուքիասյանը, 2017-ին պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն, ունեցել է մեկ անհատական բնակելի տուն, մեկ Mercedes-Benz 500S, մեկ Range Rover Supercharged 5.0, մեկ Lexus GX460 և մեկ ZAZ 968 մակնիշի մեքենա։ Դավիթ Սուքիասյանը ունեցել է նաև երեք ընկերության բաժնեմասեր, 60 մլն դրամի, 1 մլրդ դրամի, 375 հազար դոլարի և 20 հազար եվրոյի չափով հանձնած 4 փոխառություն։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սուքիասյանի դրամական միջոցները կազմել են 120 մլն դրամ, 150 հազար դոլար և 80 հազար եվրո, իսկ եկամուտները ձևավորվել են աշխատանքի վարձատրությունից՝ 2,3 մլն դրամ, ստացված փոխառություններից՝ 20 հազար դոլար (վարկ)։ Ըստ 2017 թ. տարեկան հայտարարագրի, Սուքիասյանը վաճառել է LEXUS GX 460 մեքենան և ձեռք է բերել MERCEDES-BENZ G500:
2018 թ․ տարեկան հայտարարագրի համաձայն, Դավիթ Սուքիասյանը 38 մլն դրամով վաճառել է իր Range Rover ավտոմեքենան։ 2018 թ. ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը ձեռք է բերել 18,6 հազար դոլար արժողությամբ ժամացույց, հանձնել է 78,9 մլն դրամի և 80 հազար եվրոյի փոխառություն, իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 49 մլն դրամ։ Սուքիասյանը եկամտի միակ աղբյուր նշել է աշխատանքի վարձատրությունը՝ մոտ 4,7 մլն դրամ։
Սուքիասյանի նոր բիզնեսը Կարապետ Գուլոյանի հետ
Ըստ էլեկտրոնային ռեգիստրի, Դավիթ Սուքիասյանը եղել է մոտ 10 ընկերության բաժնետեր։ Դրանց մի մասը դադարեցրել է գործունեությունը կամ լուծարվել։
Սակայն մեկ ամիս առաջ՝ 2019 թ. ապրիլի 18-ին, ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր, գործարար Կարապետ Գուլոյանի հետ «Դակավա քոնսթրաքշն» անվամբ նոր ընկերություն է հիմնադրել։ 122 մլն դրամ կանոնադրական կապիտալով այս ընկերության բաժնետեր է նաև Իրանի քաղաքացի Վահեհ Թահմասիյանը։ Բաժնետերերն ունեն յուրաքանչյուրը 33.3 տոկոս բաժնեմաս։
Կանոնադրության մեջ նշվում է, որ «Դակավա քոնսթրաքշնը» ծավալելու է տնտեսական գործունեություն, սակայն կոնկրետ ուղղությունը չի նշվում։ Հատկանշական է, որ այս ընկերության տնօրեն է նշանակվել արտոնություն ստացած «ՄԼ Մայնինգի» ներկայիս տնօրեն Էդուարդ Հայրապետի Մարգարյանը։ Այս անձը մասնակցություն է ունեցել Դավիթ Սուքիասյանի այլ ընկերություններում ևս։
Փաստորեն, Դավիթ Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունը մայիսի 23-ին չորրորդ արտոնությունը ստացավ կառավարությունից։ Ավելին, ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը ոչ միայն չի հրաժարվել բիզնես գործունեությունից, այլև մեկ ամիս առաջ նախաձեռնել է նոր բիզնես՝ Կարապետ Գուլոյանի հետ։