«Հրապարակ» օրաթերթը հուլիսի 4-ի համարում գրել էր քաղաքական ուժերի ու գործիչների վարկանիշի վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների մասին։ Թերթի ներկայացրած տվյալները, սակայն, չեն համապատասխանում հուլիսի 8-ին IRI-ի կողմից հրապարակված պաշտոնական թվերին։
Ըստ «Հրապարակի»՝ անցակցված հարցման արդյունքում՝ «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56% է, նախագահ Արմեն Սարգսյանինը՝ 61%:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52% է, ԲՀԿ-ինը՝ 12%, «Լուսավոր Հայաստանինը»՝ 5,8%, ՀՀԿ-ինը՝ 5,1%, Դաշնակցությանը՝ 3,5%»:
«Հրապարակի» հոդվածը վերահրապարակվել էին մի շարք լրատվական կայքերում՝ tert.am, kentron.am, mamul.am, panorama.am, news.am, 1in.am, armeniasputnik.am։
Ըստ հուլիսի 8-ին հրապարակված հարցման արդյունքների՝ վարչապետ Փաշինյանի վարկանիշը 72% է, իսկ նախագահ Սարգսյանինը՝ 81%։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի վարկանիշին, ապա «Իմ Քայլը»՝ 59%, ԲՀԿ՝ 12%, ՀՀԿ՝ 5%, ԼՀԿ՝ 4%, ՀՅԴ՝ 4%, «Սասնա Ծռեր»՝ 1%։
Ստորև ներկայացնում ենք «Հրապարակի» կողմից ներկայացված տվյալները և IRI-ի հարցման իրական թվերը։
Ինչպես տեսնում ենք, «Հրապարակ» օրաթերթի՝ IRI-ին վերագրվող տվյալները մեծամասամբ չեն համապատասխանում հրապարակված պաշտոնական տվյալներին։ Հատկապես մեծ տարբերություն կա Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և «Իմ Քայլը» դաշինքի տվյալների միջև։
Հատկանշական է, որ ըստ օրաթերթի՝ IRI-ի հարցման արդյունքները դեռ նախորդ շաբաթ էին (հունիսի վերջ) ամփոփվել և «օրերս դրանք տրամադրվել է մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռևս չեն հրապարակել այդ արդյունքները»: Անհասկանալի է, թե ինչու պետական գերատեսչությունները պետք է հրապարակեին այդ տվյալները։
Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտությունն անցկացվել է այս տարվա մայիսի 6-31-ը, դրան մասնակցել է ընտրական տարիքի ՀՀ 1200 քաղաքացի։
Հովհաննես Նազարեթյան