Հոկտեմբերի 21-ին ռուսալեզու «Վեստնիկ Կավկազա» (“Вестник Кавказа”) առցանց լրատվականը հրապարակել է սյունակագիր Մամիկոն Բաբայանի հեղինակած «Քոչարյանը մարտահրավեր է նետում Փաշինյանին» (“Кочарян бросает вызов Пашиняну”) վերնագրով հոդվածը։ Այս հոդվածը «Հրապարակը» արտատպել է հետևյալ վերնագրով՝ «Եթե Փաշինյանը տապալի Ղարաբաղը, Քոչարյանը նրան հավիտենական անգոյության գիրկը կուղարկի․ Վեստնիկ Կավկազա»՝ չնշելով հեղինակի անունը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «․․․Փաշինյանն ունի մեկ գերխնդիր։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Եթե Փաշինյանն այս հարցը չկարողանա լուծել, ապա Քոչարյանը նրան կուղարկի հավիտենական քաղաքական մոռացության և չգոյության գիրկը»։
Նյութի հեղինակը, սակայն, իր հոդվածում այդպիսի բան չի գրել։ Ահա թե ինչ է նա գրում․ «Փաշինյանի համար հիմա կենսական նշանակություն ունի թույլ չտալ ճգնաժամ Մոսկվայի հետ հարաբերություններում և էսկալացիա` ղարաբաղյան հակամարտությունում, քանի որ միայն Ղարաբաղի հարցում վարչապետի հնարավոր ձախողումով կարող է Քոչարյանը Փաշինյանին քաղաքական անգոյության մղել»։ (“Поэтому сейчас Пашиняну жизненно важно не допустить кризиса в отношениях с Москвой и эскалации карабахского конфликта, ведь только через возможный провал “необстрелянного” премьера в Карабахе Кочарян сможет столкнуть Пашиняна в политическое небытие.”)
Փաստորեն, «Հրապարակը» խեղաթյուրում է «Վեստնիկ Կավկազա»-ում Մամիկոն Բաբայանի արտահայտած միտքը։ Վերջինս նշում է, որ Քոչարյանը հնարավորություն կունենա Փաշինյանին հեռացնել քաղաքականությունից, եթե գործող վարչապետի օրոք ճգնաժամ գրանցվի հայ-ռուսական հարաբերություններում և էսկալացիա (ենթադրաբար, նկատի ունի լայնամասշտաբ պատերազմ) Արցախում, այլ ոչ թե չկարողանա «լուծել» Ղարաբաղի հարցը։
Հավելենք նաև, որ «Վեստնիկ Կավկազա»-ն հայտի է որպես ադրբեջանամետ կայք, որն առավելապես հակահայկական քարոզչություն է իրականացնում Հարավային Կովկասում բնակվող ռուսախոս բնակիչների համար։ Հայաստանին վերաբերող հոդվածները հիմնականում քննադատական են։
Հովհաննես Նազարեթյան