Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մարտի 19-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանն և կառավարության իրականացրած քայլերին:
Բագրատյանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադրբեջանում:
«Ինչո՞ւ։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունն ավելի մեծ տեղ ունի քան մեր մոտ, անգամներ ավելի քիչ է վարակվել։ ՆՓ-ն (Նիկոլ Փաշինյան- խմբ․) պնդում է՝ դե կորոնավիրուս ամեն տեղ կա, մեզ մոտ էլ կա։ Ոչ եղբայր, խորամանկում ես, մեզ մոտ շատ կա հարևանի համեմատ և դրա համար հատուկ պատճառներ կան։ Որո՞նք։», — գրել է Բագրատյանը՝ 3 կետով ներկայացնելով, իր կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառները։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նախկին վարչապետի նշած պատճառները՝ հասկանալու, թե արդյո՞ք այդ փաստարկներն իրականությանը համապատասխանում են, թե՞ ոչ: Մենք չենք անդրադարձել նրա արտահայտած անձնական տեսակետներին, այլ միայն փորձել ենք վերհանել գրառման մեջ տեղ գտած փաստական սխալներն ու մանիպուլյացիաները:
Կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրությունը փետրվարի 9-ին և մարտի 7-ին
Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին պատճառ Բագրատյանը համարում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
«…Բայց երբ նախագահ ԱՍ-ն (Արմեն Սարգսյանը- խմբ.) փետրվարի 9-ին ստորագրում էր ՆՓ-ի նախաձեռնած ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու ԱԺ օրենքը, նա պետք է այնքան պրոֆեսիոնալ լիներ, որ ասեր եղբայր, աշխարհի շուրջ 6 տասնյակ երկրներում կորոնավիրուսով 39800 հիվանդ կա, ի՞նչ մի հանրահավաքի ժամանակ է։ … Ապա սկսվում է քարոզարշավը։ Երբ մարտի 7-ին ՆՓ-ն Գյուլագարակում քարոզարշավ էր անում, նա գիտեր, որ աշխարհի արդեն 110 երկրներում կա 106.2 հազ հիվանդ, մեկն էլ Հայաստանում է», — գրում է Բագրատյանը։
Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության փետրվարի 9-ի զեկույցի՝ այդ օրվա դրությամբ աշխարհում գրանցվել էր հիվանդացության 37 558 դեպք, որոնցից 99.1 տոկոսը՝ 37 251-ը, Չինաստանում։
Չինաստանից դուրս ընդամենը 307 դեպք էր գրանցվել: Վարակակիրներ կային 24 երկրում, իսկ հիվանդության պատճառով մահացել էր ընդամենը մեկ մարդ: Ամենից շատ թվով հիվանդներ կային Սինգապուրում (40), Թայլանդում (32), Հարավային Կորեայում (27), Ճապոնիայում (26), Մալայզիայում (17):
Իտալիայում այդ պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ էր 3, Ֆրանսիայում 11, Գերմանիայում 14, ԱՄՆ-ում 12 մարդ: Հայաստանի հարևան Իրանում հայտարարված դեպքեր չկային:
Ինչ վերաբերում է մարտի 7-ի վիճակագրությանը, ապա այդ օրվա դրությամբ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված էր 101 927 մարդ, որից 80,813-ը գտնվում էին Չինաստանում:
Վարակը տարածվել էր 93 երկրում՝ 21,110 մարդ: Չինաստանից դուրս հիվանդության զոհ էր դարձել 413 մարդ: Վարակվածության ամենաբարձր ցուցանիշներ էին գրանցել Իրանը՝ 4747 հիվանդ, Իտալիան՝ 4636, Հարավային Կորեան՝ 6767: Վրաստանում և Ադրբեջանում կային 9-ական հաստատված դեպքեր:
Փաստացի, Բագրատյանը խեղաթյուրում է կորոնավիրուսի մասին պաշտոնական վիճակագրությունը: Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, կորոնավիրուսի տարածման դեպքերը կենտրոնացած էին Հեռավոր Արևելքում: Իտալիայում հիվանդ էր ընդամենը երեք մարդ, իսկ հարևան Իրան հիվանդությունը դեռ չէր հասել:
Բագրատյանը նաև համարում է, որ Փաշինյանն ինքը նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:
«Շուտով ինքն է (Նիկոլ Փաշինյանը- խմբ․) խոստովանում, որ Մեղրու ճանապարհին շփվել է կորոնավիրուսով հիվանդ մեկի հետ։ Այդ մեկին ցույց են տալիս նրա հետ բեմահարթակին կանգնած։ ՆՓ-ն ստոպ չի տալիս, շարունակում է հավաքները՝ կորոնավիրուս տարածելով։ Եվ միայն ամսի 12-13-ին է նկատում, որ այս կետով վարակ է տարածում, ինքնամեկուսանում է Սևանում։ Այսպիսով, ԱՍ-ն և ՆՓ-ն քրեական պատասխանատվություն են կրում ՀՀ-ում վարակի տարածման դեմ պայքար չտանելու և մի բան էլ դրան նպաստելու համար»,- գրել է Բագրատյանը:
Սակայն Բագրատյանի ներկայացրածը կրկին պարունակում է փաստական սխալներ և հակասում է դեպքերի իրական ժամանակագրությանը:
Հայաստանում առաջին դեպքը գրանցվեց մարտի 1-ին: Թիվը կտրուկ աճեց մարտի 11-ին, երբ միանգամից հայտնաբերվեց հիվանդացության 3 դեպք:
Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերադառնում է արձակուրդից: Հատկանշական է, որ նա դրանից հետո որևէ հավաքի չմասնակցեց քարոզարշավի շրջանակում:
Մարտի 13-ին Փաշինյանը հայտարարեց, որ նա և Աննա Հակոբյանը թեսթ են հանձնել, քանի որ լուրեր կային, որ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է կասկածվել, իսկ Աննա Հակոբյանը դրանից որոշ ժամանակ առաջ հանդիպել էր նախագահի տիկնոջ հետ: Հաջորդ օրը նա հայտնեց, որ թեսթի արդյունքները բացասական են:
Մարտի 15-ին Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարեց, որ հանրահավաքներից մեկի ժամանակ շփվել է կորոնավիրուսով վարակակիր քաղաքացու հետ, ընդ որում՝ նրանք միասին բեմահարթակում չեն գտնվել: Իտալիայից վերադարձած Մեղրիի բնակիչ քաղաքացուն վարչապետը հանդիպել էր Վայքի սրճարաններից մեկում։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների դադարել է մասնակցել մինչև իր մոտ կորոնավիրուսի կասկածներ կլինեին, և Բագրատյանի պնդումներն այս առումով նույնպես մանիպուլյատիվ են:
Ryanair-ը նույնպես մեղավորների ցանկում է
Հրանտ Բագրատյանը մեղադրում է նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ryanair-ի թռիչքները չչեղարկելու մեջ:
«Փետրվարի կեսերին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախն աշխարհում ու հենց Միլան քաղաքը։ Ոչ ՏՌ-ն և ոչ էլ ՆՓ-ն մատ-մատներին չեն խփում չվերթները փակելու»,- գրել է նա։
Նշենք, որ ամբողջ Իտալիայում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք: Իրավիճակը կտրուկ սրվեց փետրվարի 23-ին, երբ մեկ օրում հայտնաբերվեց 67 նոր հիվանդ: Սակայն Իտալիան, այնուամենայնիվ, այդ շրջանում չէր ընկալվում որպես Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախ։
Ryanair ընկերությունը որոշում կայացրեց դադարեցնել Հայաստանից Իտալիա թռիչքները մարտ 10-ին:
Սակայն Հայաստանում արտակարգ դրության պայմաններում է միայն հնարավոր տրանսպորտային միջոցների սահմանափակում: Մասնավորապես, «Արտակարգ դրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ կետով որպես արտակարգ դրության պայմաններում իրականացվող գործողություն են նշված տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումն ու դրանց զննման իրականացումը:
Հատկանշական է նաև, որ օդանավերի թռիչքների սահմանափակումը կամ օդային տարածքի փակումը ծայրահեղ միջոց է, որին պետություններ գնում են արտակարգ պայմաններում։ Մասնավորապես, Եվրամիությունը փակեց սահմանները միայն մարտի 17-ին: Ավստրալիան որոշում է կայացրել արգելել օտարերկրացիների մուտքը երկիր մարտի 20-ից միայն:
Իսկ ահա Իտալիայում Չինաստանից թռիչքներն արգելվել էին հունվարի 31-ին, սակայն դա չէր խանգարել վարակի հետագա տարածմանը:
Ակնհայտ է, որ չնայած համընդհանուր համավարակային ծանր վիճակին, պետությունները չեն շտապել փակել օդային սահմանները և միայն վերջին շաբաթների ընթացքում են այդ որոշումը կայացրել;
Այսպիսով, Հրանտ Բագրատյանի՝ մարտի 19-ին Ֆեյսբուքում կատարած գրառումը լի է ապակողմնորոշիչ և փաստերը խեղաթյուրող պնդումներով:
Լուսինե Ոսկանյան