Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակում, ինչպես նաև կրեմլյան քարոզիչների միջոցով սպառնում է միջուկային զենք կիրառել:
Իրավիճակն է՛լ ավելի սրվեց 2022 թ. սեպտեմբերին Ուկրաինայի չորս շրջանները բռնակցելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո, որի ընթացքում նա հայտարարեց՝ ՌԴ-ն պատրաստ է դիմելու իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներին՝ «երկրի անվտանգությունը պաշտպանելու նպատակով»:
«Մեր երկիրն ունի նաև ոչնչացման տարբեր միջոցներ, որոշ բաղադրիչներով՝ ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի անդամները: Երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է, Ռուսաստանին ու մեր ժողովրդին պաշտպանելու համար մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Սա բլեֆ չէ»,— ասել էր Պուտինը։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի 9 ամիսների ընթացքում միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ գեներացվող կեղծ թեզերը և քարոզչական պատմույթի զարգացումը։
Զելենսկու ելույթի աղավաղումը՝ որպես պատերազմի առիթ
2022 թ․ փետրվարի 21-ի իր ելույթում Վլադիմիր Պուտինը մեղադրել էր Ուկրաինային միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ:
«Մենք գիտենք, որ հնչել են հայտարարություններ այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է ստեղծել սեփական միջուկային զենքը, և դա պարզապես խոսքեր չեն: Ուկրաինան իսկապես դեռ ունի խորհրդային միջուկային տեխնոլոգիաներ և նման զենքի արձակման միջոցներ, այդ թվում՝ ավիացիա, ինչպես նաև «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռներ, որոնք նույնպես խորհրդային նախագծեր են՝ ավելի քան 100 կիլոմետր հեռահարությամբ»,— ասել էր Պուտինը՝ ընդգծելով, որ իրենք չեն կարող չարձագանքել այդ «իրական վտանգին»:
Արդեն փետրվարի 24-ին «ռազմական հատուկ գործողություն» սկսելու որոշման մասին ելույթում շահարկելով միջուկային զենքի սեփական պաշարները՝ Պուտինն սկսել էր սպառնալ դրանց օգտագործման վտանգով. «Ժամանակակից Ռուսաստանը, նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից և իր ներուժի զգալի մասի կորստից հետո, այսօր հանդիսանում է աշխարհի ամենահզոր միջուկային տերություններից մեկը և, ավելին, ունի որոշակի առավելություն նորագույն զենքերի ոլորտում: Այս առումով ոչ ոք չպետք է կասկածի, որ մեր երկրի վրա ուղղակի հարձակումը ցանկացած պոտենցիալ ագրեսորի համար կբերի ջախջախման և սարսափելի հետևանքների»։
Մարտի 1-ին էլ Պուտինի ներկայացրած մեղադրանքները զարգացրել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրների և ընդհանրապես միջազգային անվտանգության համար, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում գտնվող իշխանությունները սկսեցին վտանգավոր խաղեր խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ»,- նշել էր Լավրովը:
Ենթադրաբար, Ռուսաստանի ղեկավարի և ԱԳ նախարարի այս հայտարարությունների համար առիթ էր դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փետրվարի 19-ի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում:
Ուկրաինայի նախագահի ելույթը տեղի էր ունենում Ուկրաինայի սահմաններին աննախադեպ լարվածության և ռուսական զորքերի կուտակումների պայմաններում: Այդ ժամանակ Զելենսկին, հայտարարելով, որ աշխարհում հաստատված անվտանգության համակարգը ի վիճակի չեղավ պաշտպանել Ուկրաինան, քննադատել էր Բուդապեշտի հուշագիրը ստորագրած երկրներին՝ Կիևի կողմից խորհրդակցությունների հրավերները անտեսելու համար:
Տեղեկանք. Բուդապեշտի հուշագիրը ստորագրվել է 1994 թ.-ին Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից: Երկրները պարտավորվում էին հարգել Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և ստորագրման պահին գործող պետական սահմանները։ Հուշագիրը նաև վերահաստատում էր նշված երկրների պարտավորությունը՝ «ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախության դեմ դրա կիրառումից»: Դրա դիմաց Ուկրաինան համաձայնել էր հրաժարվել իր՝ ԽՍՀՄ-ից ժառանգած միջուկային պաշարներից, որոնք աշխարհում մեծությամբ երրորդն էին, և բոլոր միջուկային մարտագլխիկները փոխանցել Ռուսաստանին՝ շահագործումից հանելու համար:
«Աշխարհում երրորդ միջուկային ներուժից հրաժարվելու դիմաց Ուկրաինան անվտանգության երաշխիքներ ստացավ։ Մենք չունենք այդ զենքն այլևս: Սակայն անվտանգություն նույնպես չունենք: Չկա նաև մեր երկրի մի մասը, որը տարածքով գերազանցում է Շվեյցարիային, Նիդերլանդներին կամ Բելգիային: Եվ գլխավորը՝ չկան Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիները: Այս ամենը չկա»,— Մյունխենում հայտարարել էր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հայտարարել էր նաև, որ 2014 թ.-ից ի վեր երեք անհաջող փորձից հետո՝ չորրորդ և վերջին անգամ հրավիրում է հուշագրի պետություններին խոհրդակցության. «Նախաձեռնում եմ խորհրդակցություններ Բուդապեշտի հուշագրի շրջանակում։ … Եթե խորհրդակցությունը նորից չկայանա կամ դրա արդյունքում մեր պետության անվտանգության երաշխիքները չապահովվեն, ապա Ուկրաինան բոլոր իրավունքները կունենա համարելու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ են դրվում»։
Փաստացի, Պուտինը և Լավրովը աղավաղել են Զելենսկու ելույթի էությունը՝ ուղղակիորեն մեկնաբանելով այն որպես միջուկային զենք ստեղծելու սպառնալիք:
Բորիս Ջոնսոնի՝ գոյություն չունեցող հայտարարությունը և Կրեմլյան քարոզիչների սպառնալիքները
Ապրիլի 21-ին գրեթե միաժամանակ ռուսական և ուկրաինական կայքերը գրեցին, թե Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է՝ եթե Մոսկվան Ուկրաինայում կիրառի զանգվածային ոչնչացման զենքի գոնե մի մասը, ապա Մեծ Բրիտանիան, առանց ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելու, «ինքնուրույն պատասխան հարված հասցնելու իրավունք կվերապահի իրեն»։
Տեղեկությունը քննարկման թեմա դարձավ նաև «Ռոսիա-1»-ով հեռարձակվող «60 րոպե» հաղորդման ընթացքում, ինչից հետո Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ հերքելով, որ Ջոնսոնը նման հայտարարություն է արել: Ըստ դրա՝ դա Կրեմլի հերթական ապատեղեկատվության օրինակ էր:
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը լիովին միասնական է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ՝ աջակցելու Ուկրաինային Ռուսաստանի անօրինական ներխուժման դեմ»,- նշված էր հաղորդագրությունում:
Չնայած, որ Ջոնսոնի հայտարարության բնօրինակն ուղղակի չկա, փոխարենը կա պաշտոնական հերքում հերքում, այդուհանդերձ, ՌԴ պետական ֆինանսավորմամբ աշխատող հեռուստաընկերությունները շարունակեցին շահարկել Ջոնսոնի՝ գոյություն չունեցող հայտարարությունը՝ միջուկային հարվածներ հասցնելու սպառնալիքներով:
Մայիսին նույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Շաբաթվա նորությունները» հաղորդման վարող Դմիտրի Կիսելյովը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան այնքան փոքր է, որ ռուսական «Սարմատ» հրթիռը միայն բավական է կղզին մեկընդմիշտ ոչնչացնելու համար։
Կիսելովը նաև հայտարարեց «Պոսեյդոն» համակարգի կիրառման հնարավորության մասին, որը Մեծ Բրիտանիան կվերածի «ռադիոակտիվ անապատի»․ «Այս ստորջրյա անօդաչու սարքը կանգնեցնելու միջոց չկա: Դրա մարտագլխիկը մինչև 100 մեգատոննա է: Բրիտանիայի ափերի մոտ այս ջերմամիջուկային հրթիռի պայթյունը հսկա ալիք կբարձրացնի՝ մինչև 500 մետր բարձրությամբ ցունամի: Նման ջրային փոթորիկը նաև ճառագայթման ծայրահեղ մեծ չափաբաժինների կրող է… Ի՞նչ եք մտածում նման հեռանկարի մասին»:
Ապրիլին «Ռոսիա-1»-ում ելույթ ունենալիս միջուկային հարվածների օգտին հայտարարություններ արեց նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Ելույթ ունենալով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում՝ նա հայտարարեց, որ իրեն ավելի հավանական է թվում միջուկային պատերազմը, քան Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը:
Ուկրաինայի հակահարձակումը և միջուկային պատերազմի մասին նոր թեզերը
2022 թ. օգոստոսին ուկրաինական բանակն անցավ հակահարձակման և մի շարք հաջողություններ գրանցեց ռազմադաշտում, այդ թվում՝ Խարկովի և Խերսոնի շրջաններում:
Դրան ի պատասխան, Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հայտարարեց Ուկրաինայի 4 շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն, ՌԴ-ին կցելու հանրաքվեներ նախաձեռնելու, ինչպես նաև մասնակի զորահավաք սկսելու մասին:
Նույն ելույթում ՌԴ ղեկավարը հաստատեց, որ Ռուսաստանը և ռուս ժողովրդին պաշտպանելու համար իրենք կգործածեն բոլոր միջոցները, և դա բլեֆ չէ: Լարվածության այդ համատեքստում հավանական միջուկային պատերազմը համաշխարհային մեդիայի գլխավոր թեման դարձավ:
Զելենսկու հայտարարությունը՝ Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին
Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել միջուկային հարձակում ձեռնարկել Ռուսաստանի դեմ։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ Լավրովի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի նախագահը խոսել է կանխարգելիչ հարվածի մասին՝ բացառելու ՌԴ կողմից հնարավոր միջուկային հարձակումը։ Նա չի մասնավորեցրել, թե ինչպիսի զենքով կամ ինչ բնույթի պետք է լինի այդ կանխարգելիչ հարվածը։
Զապորոժիեի ատոմակայանի շուրջ թնջուկը
Հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբի համաժողովում Վլադիմիր Պուտինն անդրադարձավ Զապորոժիեի ատոմակայանում առաջացած իրավիճակին:
«Շարունակ խոսակցություններ են գնում այն մասին, թե ինչ ենք մենք անում Զապորոժիեի ատոմակայանում: Իսկ ի՞նչ ենք մենք այնտեղ անում: Ուղիղ ասում են, որ մենք կրակում ենք ատոմակայանի ուղղությամբ: Գժվել են, ինչ է: Մենք վերահսկում ենք այդ ատոմակայանը, մեր զորքերն են այնտեղ գտնվում»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ ծանր սպառազինություն չկա ատոմակայանի տարածքում:
Պուտինը նշել է, որ իրենք համաձայնել են, որ ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները տեղակայվեն ատոմակայանում, և «նրանք իրենց աչքով տեսնում են, թե ինչ է կատարվում»։ ՌԴ նախագահը նաև մեղադրել է Արևմուտքին ուկրաինացի զինվորականների կողմից ատոմակայանին հասցվող հարվածների մասին լռելու համար։
Զապորոժիեի ատոմակայանը ռուսական զինուժի վերահսկողության տակ է անցել մարտի 1-ին: Այդ օրվանից ի վեր կողմերը մեղադրում են միմյանց ատոմակայանը կրակի տակ պահելու համար:
Սեպտեմբերի 1-ին ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը այց կատարեց ատոմակայան: Առաքելության հաշվետվությունում նշվում էր, որ ատոմակայանի շուրջ խախտվել են միջուկային անվտանգության բոլոր 7 տարրերը: Հատկանշական է նաև, որ ատոմակայանում շարունակում են աշխատել ուկրաինացի մասնագետները, որոնք, ըստ ՄԱԳԱՏԵ-ի, գործում են հոգեբանական և ֆիզիկական լարվածության պայմաններում, ինչը նույնպես ռիսկային է ատոմակայանի գործունեության համար:
Արդյո՞ք ռուսական կողմը ծանր տեխնիկա է տեղակայել ատոմակայանի տարածքում՝ հաստատված չէ: Սակայն հեղինակավոր The Wall Street Journal-ը հուլիսին հայտնել էր, որ ռուսական զինուժը ատոմակայանի տարածքը վերածել է ռազմաբազայի։ BBC-ն էլ, հղում անելով ատոմակայանում աշխատող ուկրաինացի աշխատակցին, գրել է, որ ռուսական բանակը ռազմական տեխնիկա է տեղակայել ատոմակայանի տարածքում և դրա շուրջ: ՄԱԳԱՏԵ-ի հաշվետվությունում ևս արձանագրվել է, որ ատոմակայանի տարբեր հատվածներում առկա է ռուսական ռազմական տեխնիկա:
Զուգահեռներ՝ Ճապոնիայի վրա միջուկային հարձակման հետ
Պուտինը նաև ընդգծել է, որ միակ երկիրը, որ կիրառել է ատոմային զենք, եղել է ԱՄՆ-ն, և նշել է, որ դրա համար ոչ մի հիմք չի եղել. «Ի՞նչ է՝ ԱՄՆ-ի ամբողջականությանը վտա՞նգ է եղել: Իհարկե, ոչ: Ռազմական նպատակահարմարություն նույնպես չի եղել: Ռազմական մեքենան Ճապոնիայում ջախջախվել էր, դիմադրությունը գրեթե զրոյական էր. ինչի՞ էր պետք տապալել Ճապոնիան միջուկային հարվածով»:
Ատոմային ռումբերի կիրառման նպատակահարմարությունը մինչև այժմ վիճարկումների թեմա է, և Պուտինի հայտարարությունն այդ մասով փաստական ստուգման ենթակա չէ: Սակայն պնդումը, թե Ճապոնիայում ռումբերի կիրառումից առաջ դիմադրությունը զրոյական էր, կեղծ է: Չնայած նացիստական Գերմանիայի կապիտուլյացիային, Ճապոնիան շարունակում էր դիմադրություն ցուցաբերել: 1945 թ․ մայիսի 9-ից սկսած Ճապոնիան ենթարկվում էր ինտենսիվ հրթիռակոծությունների, ինչի հետևանքով 350-500 հազար ճապոնացի է զոհվել: Բացի այդ, 1945 թ. ամռանը Օկինավա կղզում ռազմական գործողությունների արդյունքում ամերիկյան կողմից 12,000 մարդ է զոհվել, 36,000-ը՝ վիրավորվել, 34 ռազմական նավ խորտակվել է: Ճապոնական կողմը 100,000 զոհ է ունեցել:
Սա նույնպես չստիպեց Ճապոնիային դադարեցնել ռազմական գործողությունները: 1945 թ. հուլիսի 26-ին Պոտսդամի կոնֆերանսից այդ երկրին վերջնագիր ներկայացվեց՝ պահանջելով անվերապահ հանձնվել, իսկ հակառակ դեպքում դաշնակիցները սպառնում էին ավելի ուժեղ օդային հարձակումներ սկսել։ Այն բանից հետո, երբ Ճապոնիան մերժեց այս վերջնագիրը, Միացյալ Նահանգները ատոմային ռումբեր նետեց Հիրոշիմայի և Նագասակիի վրա:
ԱՄՆ-ն միջուկային զենքը կիրառեց օգոստոսի 6-ին և 9-ին Ճապոնիայի Հիրոշիմա և Նագասակի քաղաքներում: Օգոստոսի 15-ին Ճապոնիան ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիրը։
Հետևաբար, Պուտինի պնդումը, թե Ճապոնիայի նկատմամբ ատոմային ռումբի կիրառումից առաջ Ճապոնիայում դիմադրություն չկար, կեղծ է և մանիպուլյատիվ:
Լուսինե Ոսկանյան