Ապրիլի 26-ի երեկոյան Facebook սոցիալական ցանցում լուր տարածվեց ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մասին։ Քիչ անց արդեն կայքերը գրեցին ու տեսանյութեր հրապարակեցին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայով հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին։
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաստատեց Ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ գտնվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթի դեպքը։ Քիչ անց տեղեկություն տարածվեց, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։
«Հետքի» հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենը հայտնեց, որ վրաերթի ենթարկված կինն իրենց մոտ տեղափոխվելու պահին արդեն մահացած է եղել, և որ «սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններն արդյունք չեն տվել»։ ԲԿ տնօրենը հաստատել է նաև կնոջ՝ հղի լինելու հանգամանքը։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է ողբերգական ավտովթարի վերաբերյալ մամուլում հրապարակված անճշտություններն ու մեկտեղել թեմայով իշխանական ռեսուրսների ու ընդդիմադիր գործիչների մանիպուլյացիաներն ու շահարկումները։
Զոհի տարիքն ու քաղաքական շահարկումները
Դեպքից որոշ ժամանակ անց 168.am-ը գրեց, որ տեղեկություն են ստացել, որ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված կինը 19 տարեկան է։
Ավելի ուշ, սակայն, ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վրաերթի ենթարկված կինը Արարատի մարզի 28-ամյա բնակչուհի է։
Կնոջ վրաերթի դեպքը ընդդիմության կողմից շահարկումների առարկա դարձավ՝ համեմված նրա տարիքի մասին սխալ տեղեկությամբ։ Օրինակ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում ակնարկելով Փաշինյանին, գրեց․ «Լավ, 18-19 տարեկանների էսքան արյուն խմե՞լ կլինի»։
Քիչ անց Զոհրաբյանը խմբագրեց իր գրառումը՝ հեռացնելով կնոջ տարիքի մասին սխալ տվյալը։
Ընդդիմադիր գործիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ապրիլի 26-ին Ֆրանսիայի հրապարակում բողոքի գործողության ընթացքում, քաղաքականացնելով ողբերգական վրաերթը, ասաց․ «19-ամյա հղի կինը հիվանդանոցում մահացել է։ Սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) ոչ միայն դավաճան է, այլև մարդասպան»։
Սոցիալական մեդիայում ավելի քան 15,000 հետևորդ ունեցող օգտատեր Էդգար Էլբակյանն իր հերթին ողբերգական դեպքը քաղաքական շահարկումների առարկա դարձրեց՝ այն կապելով 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ և կանխամտածված սպանություն որակելով։
«Հղի կնոջը սպանելը պատահական չէր։ Սրանով հակաՀայաստանը վրեժ է լուծում, որ 2008 թ․-ին իրեն թույլ չտվեցին զավթել Հայաստանի իշխանությունը և իրենց թուրք տերերին հանձնել Արցախը»,- գրել է նա։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հերքում է «մեղադրանքը», որը չի հնչել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը դեպքից որոշ ժամանակ անց ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց, որով հերքում էր «որոշ լրատվամիջոցների ու առանձին անհատների շահարկումներ»՝ մեղադրելով վերջիններիս վրաերթի պատասխանատվությունը վարչապետի վրա բարդելու մեջ։
«Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է»,- գրել է Չախոյանը։
FIP.am-ը, մոնիտորինգի ենթարկելով սոցիալական մեդիան ու լրատվամիջոցների համապատասխան հրապարակումները, չհայտնաբերեց Չախոյանի գրառումից առաջ կատարված որևէ հրապարակում կամ գրառում, որում նշված կլիներ, թե Փաշինյանն է վարել մեքենան, որով վրաերթի է ենթարկվել հղի կինը։
Հետևաբար, Չախոյանը հերքում է մի «տեղեկություն», որը որևէ տեղ չի հրապարակվել։ Ընդ որում, վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառման մեջ որևէ հիշատակում չկա այն մասին, որ վրաերթը տեղի է ունեցել վարչապետին ուղեկցող ոստիկանական մեքենայի մասնակցությամբ։
Նկատենք նաև, որ այս «հերքումը» ակտիվորեն տարածեց մերձիշխանական մամուլը՝ շեշտը դնելով հենց ղեկին վարչապետի չլինելու հանգամանքի վրա, իսկ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում մեկնաբանը ծայրից ծայր ընթերցեց Չախոյանի այդ գրառումը։
Հանրայինն ու ոստիկանությունը չեն ասում, որ ՃՈ մեքենան վարչապետին է ուղեկցելիս եղել
Վրաերթի դեպքի մասին պաշտոնական հայտարարություններում միայն Քննչական կոմիտեն է նշել, որ վրաերթը տեղի է ունեցել ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի մասնակցությամբ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ոստիկանական մեքենայի ծառայության տեսակի վերաբերյալ հիշատակում չկա։
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում մեկնաբանը թեմային անդրադառնալիս նույնպես շրջանցում է այն փաստը, որ ՃՈ ավտոմեքենան վարչապետին ուղեկցող ավտոշարասյան մաս է եղել։
Վարչապետին ու նրա ավտոշարասյունը չհիշատակելով հանդերձ՝ մեկնաբանը հաջորդիվ ընթերցում է Տարոն Չախոյանի վերոհիշյալ ֆեյսբուքյան գրառումը, որով հերքվում էր Փաշինյանի՝ մեքենայի ղեկին լինելու մասին չհրապարակված տեղեկությունը։
Փաստացի, թողարկման ընթացքում վարչապետի ավտոշարասյան մասնակցության հանգամանքը շրջանցելը, ապա վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկի պարզաբանում/հերքմանն անդրադառնալը տեղեկատվության տրամաբանական խզում է առաջացնում հեռուստադիտողի մոտ։ Հայաստանում տարեկան մոտ 370 մարդ է զոհվում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով՝ մոտավորապես օրական մեկ մարդ։ Հանրայինի լուրերով երեկվա վրաերթի մասին տեղեկություն ստացողը չի կարող ամբողջությամբ ընկալել, թե ինչու է ՃՏՊ-ներում տարվա հարյուրավոր ողբերգական մահերից լուսաբանվում հենց այդ մեկը։
Նանե Մանասյան