Սեպտեմբերի 29-ին հայկական կողմը պաշտոնական տեղեկություններ հրապարակեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
Տեղեկացվեց, որ հրետակոծության հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներն այսօր այցելել էին Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ համայնք, որի մոտակայքում ընկել էին ադրբեջանական զինուժի կողմից կիրառված ավիառումբերը։
FIP.am-ն արձանագրել է երկու ավիառումբերից առաջացած հսկայական փոսեր, որից մեկը բավական մոտ է երկաթգծին:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ենթադրելի է, որ հարվածի նպատակն է եղել խփել երկաթգծին, սակայն վրիպել են, քանի որ մոտ մի քանի հարյուր մետր տարբերությամբ է ընկել ավիառումբը։
Մյուս ավիառումբը ընկել է գյուղի ջրատարից քիչ հեռու, որի նպատակը հավանաբար հենց ջրատարը վնասելն էր։
Ըստ Արծրուն Հովհանիսյանի՝ առկա հետքերը վկայում են, որ հակառակորդը կիրառել է 50-ից 100 կգ ավիառումբեր։
Հիշեցնենք, որ Վարդենիսի շրջանը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և նշյալ ռազմական գործողությունները վկայում են, որ Ադրբեջանը ընդլայնել է ռազմական գործողությունների գոտին` դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
Անի Գրիգորյան