Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը։
Այս առումով Հայաստանն ու իր երկու հարևան պետությունները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, գրեթե նույն մակարդակի վրա են՝ չնայած 2010 թվականից սկսած Հայաստանն այս ցուցանիշով մշտապես զիջել է հարևան երկու պետություններին։
Սակայն 2019-ի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախնական հաշվարկներով՝ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով առաջ է անցել Վրաստանից և ըստ կանխատեսումների՝ 2020-ին առաջ կանցնի նաև Ադրբեջանից։
Սակայն դեռևս 2021-ին ցույց էինք տվել, որ վարչապետի «կանխատեսումը» իրականում արվել էր Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների հիման վրա և հակասում էր այս երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։
Այժմ տեսնենք, թե ինչպես է փոխվել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը երեք երկրներում վերջին մի քանի տարիներին։
Ուսումնասիրել ենք ինչպես երեք երկրների վիճակագրական ծառայությունների, այնպես էլ Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի տվյալները։
Եվ այսպես, ըստ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների՝ Հայաստանը վերջին 5 տարիներին այս ցուցանիշով հարևան պետություններին զիջել է ։ Բացառություն է կազմում 2020 թվականը, երբ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով փոքր-ինչ առաջ էր անցել Վրաստանից։
2022 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 6569 դոլար, Վրաստանում՝ 6671 դոլար, Ադրբեջանում՝ 7819 դոլար։
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները գրեթե նույնական են այս երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հետ։ Բացառություն է 2020 թվականը, ըստ որի՝ Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցել է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։
Համաշխարհային բանկի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2019-20 թթ․-ին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը գերազանցել է մյուս երկու երկրների ցուցանիշին։ Սակայն այս տվյալներն այնքան էլ ճշգրիտ չեն, քանի որ, օրինակ, ըստ նույն ՀԲ տվյալների՝ 2019-ին Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելին էր, քան հարևան երկու երկրներինը, ինչը չի հաստատվում ո՛չ ազգային վիճակագրական ծառայությունների, ո՛չ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով։
Դա ավել ակնհայտ է դառնում արդեն 2020 թվականի հետ համեմատության ժամանակ։ Հայաստանն այդ տարի կովկասյան երեք երկրներում ամենամեծ անկում գրանցած տնտեսությամբ պետությունն էր, սակայն դա չի խանգարել ՀԲ մասնագետներին, որպեսզի նրանց ներկայացրած զեկույցում այս ցուցանիշով Հայաստանը ոչ միայն շարունակի գերազանցել մյուս երկու երկրներին, այլ նաև մեծացնի այդ առավելությունը։
Տեղեկացնենք, որ ըստ նույն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2020-ին տնտեսական անկումը Հայաստանում կազմեց -6․7 տոկոս, Ադրբեջանում՝ -5 տոկոս։ Հետևաբար, ըստ տրամաբանության, բնակչության թվի գրեթե անփոփոխ մնալու պարագայում Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ոչ միայն չպետք է զիջեր Հայաստանին, այլ նաև գերազանցեր։
Այս տարբերությունը պայմանավորված է ՀՆԱ-ի հաշվարկի տարբեր մեթոդաբանությամբ։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Համաշխարհային բանկի փորձագետների վերլուծություններն ու կանխատեսումները չեն իրականացել։ Օրինակ, Համաշխարհային բանկը հրապարակել էր երկրների միջև իրականացվող տրանսֆերտների վերաբերյալ զեկույց, ըստ որի՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան էր փոխանցվել ավելի քան 200 մլն դոլար։ Արդյունքում պարզվեց, որ հաշվարկի հիմքում ընկած էին Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունները, մինչդեռ, իրականում, Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում։
Այսպիսով փաստենք, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծությամբ Հայաստանը գերազանցել է հարևան երկրներին (կամ դրանցից մեկին) միայն 2020 թվականին, իսկ դրանից հետո կրկին շարունակում է Հվ. Կովկասի հետնապահը մնալ։
Սևադա Ղազարյան