Օրերս «Փաստերի ստուգման հարթակը» «Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է» վերնագրով հրապարակում էր արել, որտեղ պնդել էինք, որ նախկին նախագահը սխալ է թույլ տվել՝ պնդելով, թե հնարավոր է պատգամավորների ⅔-րդի նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և երկքաղաքացիություն ունեցող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանին նշանակել վարչապետ:
«Փաստերի ստուգման հարթակը» դիտարկել էր ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները» գլխի 48-րդ հոդվածը, որի համաձայն՝ ինչպես ՀՀ վարչապետին, այնպես էլ ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջները նույնն են՝ թեկնածուն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է հանդիսանա, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում պետք է մշտապես բնակվի։ Այս գլխում փոփոխություն հնարավոր է կատարել միայն համընդհանուր հանրաքվեի միջոցով։
«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, հաշվի չէր առել ՀՀ կառավարության անդամին ներկայացվող պահանջի մասին 148-րդ հոդվածը՝ համոզված լինելով, որ եթե օրենսդրի ներկայացուցչին առաջադրվող պահանջը գրեթե անձեռնմխելի է, ապա այդպիսին կլինի նաև կառավարության անդամի դեպքում։ Մինչդեռ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը կառավարության անդամին ներկայացվող պահանջների մասին է, կարող է փոփոխվել պատգամավորների ⅔-րդի նախաձեռնությամբ։ Այս հոդվածը, հիշեցնենք, սահմանում է՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները և կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:
Այո, Սերժ Սարգսյանը գուցե տեխնիկական առումով ճիշտ է․ մանևրելու տեղ թողնված է, բայց տրամաբանորեն դա հակասում է ՀՀ Սահմանադրության տառին ու ոգուն, քանի որ եթե բարձրագույն մարմնի ներկայացուցչին՝ ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջները կարող են փոխվել միայն հանրաքվեի միջոցով, ապա ինչո՞ւ է պատգամավորներին թույլատրվում փոխել մեկ այլ բարձրագույն մարմնի՝ գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվող պահանջները։
Ինչևէ, «Փաստերի ստուգման հարթակը» «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանին խնդրել է բացատրել այս տրամաբանական հակասությունը․
«Սահմանադրության 48-րդ հոդվածը, որը կարգավորում է ակտիվ ու պասիվ ընտրական իրավունքը, սահմանում է ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջները։ Այդ պահանջներն են՝ ունենալ ընտրելու իրավունք, 25 տարին լրացած լինել և վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունենալ և վերջին 4 տարում մշտապես բնակվել Հայաստանում։ Այս պահանջները բավարարող անձը կարող է ընտրվել ԱԺ պատգամավոր։ 148-րդ հոդվածը հղում է պարունակում 48-րդ հոդվածին և ասում, որ կառավարության անդամին ներկայացվող պահանջները նույնն են, ինչ ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջները։ Այսինքն՝ այս երկու հոդվածները համակարգային փոխկապակցվածության մեջ են։ Ճիշտ է՝ Սահմանադրության՝ սահմանադրական փոփոխությունների մասին 202-րդ հոդվածում չի նշվում 148-րդ հոդվածը հանրաքվեով փոխելու մասին, բայց դրանք Սահմանադրության նպատակի շրջանակներում են։ Սահմանադրության 48-րդ և 148-րդ հոդվածները համակարգային փոխկապակցվածություն ունեն, ինչո՞ւ, որովհետև չի կարող ԱԺ շարքային պատգամավորին առաջադրվել ավելի խիստ պահանջ, քան ՀՀ վարչապետին։ Չի կարող վարչապետը բավարարի ավելի նվազ խիստ ցենզերի, քան ԱԺ սովորական պատգամավորը։
Միգուցե այն ժամանակ Սահմանադրության հեղինակները փորձել են այնպես անել, որ ինչ-որ պահի խախտվի այդ համակարգային տրամաբանությունը՝ հարմարեցնելով իրավիճակը ինչ-որ անձանց, բայց իրականում այդ հոդվածների համակարգային փոխկապակցվածությունը հուշում է, որ չեն կարող դրանցից մեկը փոխել ու համապատասխան պահանջներից զերծ դարձնեն, օրինակ, վարչապետի թեկնածուին»։
Աշխարհում երկքաղաքացիություն թույլատրվում է շուրջ 135 երկրներում ու տարածքներում։ Հայաստանում այն օրենսդրորեն թույլատրվում է 2007 թվականից։
Ինչ վերաբերում է պաշտոնյաների երկքաղաքացի լինելուն, ապա տարբեր երկրներում կարգավորումները տարբեր են։ Օրինակ, 2020-ին Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր արգելել պաշտոնյաներին ու դատավորներին ունենալ այլ երկրի քաղաքացիություն կամ կեցության իրավունք։ ՌԴ նախագահի առաջարկից հետո՝ 2021-ի հուլիսի 1-ից սկսած, ՌԴ պաշտոնյաներին արգելվել է ունենալ երկքաղաքացիություն։
Երկքաղաքացիությունը խնդիր չէ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների պաշտոնյաների համար։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, ոչինչ չի խանգարում երկքաղաքացիություն ունեցող անձին առաջադրվել խորհրդարանական ընտրություններում։ Ըստ Forbes-ի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ուներ, բայց 2016 թվականից նա հրաժարվել էր ԱՄՆ քաղաքացիությունից՝ բացառապես ամերիկյան հարկային դաշտից դուրս գտնվելու պատճառաբանությամբ։
Երկքաղաքացիությունը խնդիր չէ Գերմանիայում, Ֆրանսիայում, որտեղ, օրինակ, 2014-16 թթ․ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Մանուել Վալսը ծնվել է Բարսելոնայում։ Այդ հանգամանքը չի խանգարել նրան նաև Բարսելոնայում, և նա ֆրանսիական անձնագրով մասնակցել է Բարսելոնայի քաղաքապետի պաշտոնի համար մրցավազքին։
Իսկ ահա Չինաստանում, Ճապոնիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ավստրիայում երկքաղաքացիությունն ընդհանրապես արգելված է։
Հասմիկ Համբարձումյան