Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 ժամ» թերթի հետ զրույցում, մեկնաբանելով 2019 թվականի հունվարի 22-ին Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտարարել էր, որ ընթացիկ տարվա հունիսին կողմերը համաձայնագիր են ստորագրելու, հայկական կողմը Ադրբեջանին է զիջելու Արցախի մի քանի շրջան։
«Քաղաքագետը նաև հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»,- գրել էր թերթը՝ վկայակոչելով Տարասովի հետ զրույցը:
Հարցազրույցը 168.am կայքում հրապարակվել էր 2019 թվականի հունվարի 24-ին։ Այսօրվա՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Արցախյան հակամարտության վերաբերյալ որևէ համաձայնագիր չի ստորագրվել, որով հայկական կողմը, մասնավորապես, կպարտավորվեր տարածքային զիջումների գնալ։
Նկատենք, որ լրատվամիջոցը Տարասովի հետ հունիս ամսից հետո ունեցած տասնյակ հարցազրույցներում այդպես էլ անդրադարձ չի կատարում «տարածքներ հանձնելու մասին հունիսյան համաձայնագրին»։ Ինքը՝ Տարասովը, նույնպես նշված ժամկետից հետո երբևէ այլ լրատվական ռեսուրսով չի անդրադարձել իր այդ հայտարարությունը։
Նշենք, որ ռուս քաղաքական վերլուծաբանը նույն լրատվամիջոցին ավելի վաղ տված մեկ այլ հարցազրույցում, որը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին, նշել էր, որ «կարծում է՝ 5 շրջանի հանձնման պրոյեկտ կա»։
«Ադրբեջանը հրաժարվում է պատերազմից, Երևանի կոմպրոմիսը հստակ է, Բաքվի հնարավոր կոմպրոմիսների մասին կարելի է ենթադրություններ անել։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ է ստանում՝ ԼՂՀ անկախությո՞ւն, կասկածում եմ, Արցախի միջանկյալ կարգավիճա՞կ՝ Մադրիդյան սկզբունքների համաձայն, դա ձեռնտու է Ադրբեջանին», — ասել էր Տարասովն իր ենթադրյալ պլանի մասին։
Քաղաքական վերլուծաբանը նույն ենթադրություններն արել է նաև 2018 թվականի նոյեմբերի 3-ին և 2019-ի մայիսի 21-ին հրապարակված հարցազրույցներում՝ խոսելով Փաշինյանի և Ալիևի միջև կուլիսներում «լուրջ պայմանավորվածությունների» և «Ղարաբաղի թիկունքում ծավալվող գործընթացների մասին»։
Նանե Մանասյան