Հոկտեմբերի 16-ին «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության սպառած բնական գազի դիմաց գոյացած «պարտքի հաշիվ է ներկայացնելու»։
«Մոտ ապագայում Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու Երևանին։ Մանրամասները չեմ բացահայտի։ Հուսամ Երևանը արժանիորեն կբանակցի խնդրո առարկայի շուրջ։ Սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ Հայաստանի առջև կանգնելու են էներգետիկ և գազային հիմնահարցեր»,- գրել էր Բաբաջանյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ-ն պարտք կուտակել է սպառած բնական գազի դիմաց և ինչ ծավալի։
FIP.am-ին նախարարությունից պատասխանեցին, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները ժամկետանց պարտքեր չունեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնեցին, որ ՀՀ մատակարարվող բնական գազի դիմաց պարտավորություններ առաջանում են «Գազպրոմ» ՀԲԸ-ի դուստր «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի հանդեպ․ ընթացիկ տարվա հոկտեմբերի դրությամբ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի հանդեպ ժամկետանց պարտավորություն չկա։
Այսպիսով, և՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, և՛ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հերքում են, որ ՀՀ-ն սպառած գազի դիմաց ժամկետանց պարտավորություններ ունի։
FIP.am-ը հարցմամբ խնդրել էր ներկայացնել նաև 2003-ից ի վեր բնական գազի ժամկետանց պարտքերը՝ ըստ տարեթվերի և ծավալի։ Ի պատասխան, նախարարությունից առաջարկեցին ստանալ հայցվող տեղեկատվությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Իր հերթին, ՓԲԸ-ն հայտնեց, որ նշված տեղեկատվությանն առնչվող փաստաթղթերը 1998-2016 ժամանակահատվածի համար ընդգրկվել են պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի կազմում, առանձնացվել են ոչնչացման համար:
Ընկերության տվյալների պահոցներում առկա տեղեկատվության համաձայն՝ 2011 թվականից սկսած և հետագա տարիներին ՓԲԸ-ն «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի հանդեպ ժամկետանց պարտավորություններ չի ունեցել։ Իսկ այն դեպքում, երբ հնարավորություն չի ունեցել պայմանագրով սահմանված ժամկետում մարել պարտավորությունը, կողմերի միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր՝ պարտավորության տարաժամկետման վերաբերյալ:
Նանե Մանասյան