Ֆեյսբուքի հայկական տիրույթում օգոստոսի 24-ի երեկոյան տարածվեց տեղեկություն, թե ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահվան առիթով։
Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Բալբաբյանը լրատվական կայքէջից արված սքրինշոթ հիշեցնող մի լուսանկար էր տարածել, որում երևում էր ՀՀ նախագահն ու, իբրև թե, Պուտինին ուղղված ցավակցական գրությունը՝ «Վահագն Խաչատուրյանը իր ցավակցությունն է հայտնել Վլադիմիր Պուտինի ավիավթարի և ՌԴ հերոս Պրիգոժինի անժամանակ մահվան կապակցությամբ, հույս հայտնելով, որ մեղավորները կպատժվեն»։
Այս գրառումը տարածել են սոցիալական մեդիայում հետևորդների մեծ թիվ ունեցող այլ օգտատերեր ևս, որոնց թվում են, օրինակ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը և բժիշկ Հայկ Մանասյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ու նման հաղորդագրություն չհայտնաբերեց այնտեղ։ Խաչատուրյանի՝ Պրիգոժինի մահվան կապակցությամբ Պուտինին ուղղված ցավակցական ուղերձի մասին տեղեկություն չկա նաև հայաստանյան որևէ լրատվական ռեսուրսում։
Այսպիսով, ֆեյսբուքյան տիրույթում մեծ լսարան ունեցող օգտատերերը որպես պաշտոնական տեղեկություն տարածել են ակնհայտ կեղծ ու չար կատակ հիշեցնող տեղեկությունը․ ՀՀ նախագահի՝ Պրիգոժինի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցական ուղերձ հղելու լուրը կեղծ է։
Նանե Մանասյան