Ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը փետրվարի 14-ին հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, օտար երկրներին զենք չի վաճառում, հարևաններին իրար դեմ հանելու համար․ գրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մոտեցումների հարցում հիմնարար տարբերությունը սեփական անվտանգության ապահովման պատճառաբանմամբ գործընկերների կարիքների չարաշահումների կատեգորիկ մերժումն է»,- ասել է Փիլիպսոնը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը հաշվի է առնում այն երկրների հարաբերությունների համատեքստը, որտեղ զենք է մատակարարվում, և ունի գործնական նշանակություն։ Փիլիպսոնն ասել է, թե «Ռուսաստանն այնքան չի ցածրանում, որ ռազմատեխնիկական համագործակցության հարցում շանտաժի կամ սպառնալիքների կիրառմանը դիմի»։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ԼՂ հակամարտության գոտի ռուսական զենքի մատակարարման ծավալները՝ ըստ SIPRI-ի։
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գնումները՝ ըստ SIPRI-ի
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) 2020 թ․-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերին և հակամարտության գոտի հանդիսացող այս երկրներ զենքի մատակարարումներին։
SIPRI-ն նշում է, որ մինչև երկրորդ պատերազմը, 1990-ականներից շարունակվող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծում գտնելու միջնորդությունը վստահված էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը համանախագահում էին Ֆրանսիան, Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ռուսաստանը ԵԱՀԿ շրջանակներից դուրս ևս միջնորդական գործունեություն էր իրականացնում։ Կոնֆլիկտի լուծման մեջ ներգրավված ԵԱՀԿ-ն դեռ 1992-ին կոչ էր արել իր անդամ երկրներին Լեռնային Ղարաբաղի զինված բախումներում ներգրավված հայկական և ադրբեջանական ուժերին զենք և զինամթերք մատակարարելու էմբարգո մտցնել կամավոր ձևով:
«Մինչդեռ հակամարտությունը կարգավորելու միջազգային ապարդյուն փորձերին զուգահեռ, երկու երկրները առաջնահերթություն են համարել ռազմական հնարավորությունները զարգացնելը»,- ասվում է զեկույցում։
Ըստ հետազոտական ինստիտուտի՝ 2020 թ. Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4․9%-ը, իսկ Ադրբեջանինը՝ 5․4-ը: Սա այն դեպքում, երբ 2020 թ. ռազմական ծախսերի համաշխարհային միջինը եղել է 2․4%: Սակայն SIPRI-ն շեշտում է, որ բացարձակ թվերով Հայաստանի ու Ադրբեջանի տվյալները շատ տարբեր են. եթե 2020-ին Հայաստանը ռազմական ոլորտին հատկացրել է 634 մլն դոլար, ապա Ադրբեջանը՝ $2․238 մլրդ:
Ռուսաստանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարար
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտն առանձին ներկայացնում է երկու երկրներ զենքի հիմնական մատակարարներին, որոնց թվում են Ռուսաստանը, Իսրայելը, Բելառուսը և Թուրքիան։
Ըստ SIPRI-ի գնահատման՝ չնայած Մոսկվան հանդես է գալիս որպես հակամարտության լուծման հիմնական միջնորդ, այդուհանդերձ, 2011-2020 թթ․-ին թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան սպառազինության ամենախոշոր մատակարարը եղել է Ռուսաստանը: Նշված ժամանակահատվածում ՌԴ-ին է բաժին հասել Հայաստանի ռազմական գնումների 94%-ը և Ադրբեջանի՝ 60%-ը։
2011-2022 թթ․-ին Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել, մասնավորապես, զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, բազմաթիվ հրթիռային կայաններ, տանկեր, որոնք բոլորն էլ, ըստ աղբյուրի՝ կիրառվել են 2020 թ. պատերազմում:
2016-2017 թթ.-ին ՀՀ-ն Ռուսաստանից ձեռք է բերել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, ինչպես նաև «Սմերչ» ՀԿՌ համակարգեր։
Ռուսաստանը 2019-ին Հայաստանին է մատակարարել թվով 4 «Սու-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք ըստ հրապարկման՝ թեև կարող էին զգալիորեն ուժեղացնել Հայաստանի հարվածային ուժը, սակայն պատերազմում չեն կիրառվել:
Ադրբեջանին Ռուսաստանը մատակարարել է զրահափոխադրիչներ, ՀՕՊ համակարգեր, տրանսպորտային և հարվածային ուղղաթիռներ, հրետանի, տանկեր։ 2013 թ․-ին մատակարարել է նաև «Սմերչ» ՀԿՌ համակարգեր, որոնք ևս օգտագործվել են պատերազմում:
Ստոկհոլմի հետազոտական ինստիտուտը նշում է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ավելի լայն ռազմական համագործակցություն ունի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանում գործում է ռուսական ռազմաբազա և ՀՀ-ն ՌԴ-ից զենք է ձեռք բերում համեմատաբար էժան գներով: Ըստ SIPRI-ի գնահատման՝ Ռուսաստանը Հայաստանին հաճախ սպառազինություն է մատակարարում էժան գներով կամ ռազմական օգնության տեսքով՝ հավանաբար տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու նպատակով։
Իսկ Ադրբեջանի մասով նշվում է, որ Ադրբեջանը սովորաբար վճարել է Ռուսաստանից մատակարարվող իր սպառազինությունների ամբողջ գինը, և մեջբերվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2018 թ. հայտարարությունը, որ Ադրբեջանը Ռուսաստանից ռազմական տեխնիկայի վրա ծախսել է մոտ 5 միլիարդ դոլար։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ SIPRI նկատում է, որ ՌԴ-ի տնտեսական շահը, թերևս, կարևոր մոտիվ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնի հայտարարությունը, թե Ռուսաստանն օտար երկրներին զենք չի վաճառում հարևաններին իրար դեմ հանելու համար, ճիշտ չէ, և ԼՂ հակամարտության գոտում ՌԴ-ն հանդիսացել է կողմերի ամենախոշոր մատակարարը։
Նելլի Լազարյան