Երեկ՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը այսօր Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավար կուսակցությունն է:
Ժողովրդավարության դասական բնորոշումը ենթադրում է քաղաքական համակարգի տեսակ, որտեղ կառավարումը կատարվում է ժողովրդի կողմից՝ անմիջապես կամ նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների կողմից: Հետևաբար, ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն հենասյուններից են:
Ընտրություններ
ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում հերթական անգամ կուսակցության նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Թերևս, այս ընտրությունը տարօրինակ չթվար, եթե չլիներ մի հանգամանք՝ չկային այլ թեկնածուներ: Ժողովրդավարության տեսանկյունից, մեկ թեկանծուով ընտրություններ անցնակցնելն արդեն իսկ աբսուրդ է ու հիշեցնում է Հյուսիսային Կորեայի նախագահական ընտրությունները:
Եթե չկա քաղաքական այլընտրանք, ապա ընտրությունն արդեն իսկ ձևական բնույթ է կրում: Մինչդեռ, ի տարբերություն ՀՀԿ-ի, օրինակ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի ընտրությունների ժամանակ՝ հոկտեմբերին, կար երկու թեկնածու՝ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:
Նույն ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում ՀՀԿ-ն ընտրում էր գործադիր մարմնի անդամներ: Առաջադրվել էր 21 թեկնածու, և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց բոլոր 21 թեկնածուներին էլ դարձնել գործադիր մարմնի անդամներ՝ նախկին 19-ի փոխարեն: Փաստորեն, այս դեպքում ևս ընտրությունը ձևական բնույթ էր կրում:
Իշխանափոխություն
Ժողովրդավարության համար կարևոր է նաև պարբերաբար տեղի ունեցող իշխանափոխությունը: ՀՀԿ-ի դեպքում իշխանափոխություն չկա: Ավելին՝ գործադիր նոր մարմնի կազմը գրեթե նույնն է, ինչը որ նախկինում՝ նախկին 19 անդամներից միայն երեքը չեն անցել նոր կազմ, իսկ նոր ընտրված անդամների թիվը 5-ն է՝ այսինքն 21 անդամի 1/4-րդ մասը, ինչը բավարար հիմք չէ իշխանափոխություն համարելու համար:
Եթե համեմատենք Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամների վերջին ընտրության հետ, ապա այստեղ նախկին 11 անդամներից միայն մեկն է վերընտրվել նորի կազմ, այսինքն կա հստակ իշխանափոխություն՝ ի տարբերություն ՀՀԿ-ի:
Հետևաբար՝ պնդումները, թե Հանրապետական կուսակցությունը Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավարն է, մեղմ ասած, սուտ են: