Հունվարի 26-ին Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի նիստում, անդրադառնալով կուսակցության շարքերը լքողներին՝ հայտարարեց, որ վերջին մի քանի ամիսներին 11 հազար քաղաքացի անդամագրվել է ՀՀԿ—ին։
Քանի որ սա Հանրապետական կուսակցության անդամների քանակի մասին առաջին կասկածահարույց հայտարարությունը չէ, մենք դեռևս դեկտեմբերից սկսել էինք գրություններով վերահսկել այդ (և ոչ միայն այդ) կուսակցության անդամների քանակը:
Այսպիսով, ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ստացած թիվ 12-012 գրության համաձայն, 2016 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ իշխող կուսակցության անդամների քանակը կազնում էր 158.406 մարդ: Համաձայն գրության, ևս մոտ 7000 քաղաքացիների դիմումներ ՀՀԿ տարածքային կազմակերպություններում քննարկման փուլում են: Հանրապետական կուսակցության նույն պաշտոնյայի մեկ այլ՝ թիվ 02-002 գրության համաձայն, 2017 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կուսակցության անդամների քանակը կազմել է 159.301 հոգի, իսկ քննարկման փուլում գտնվող դիմումների քանակը՝ 6000:
Այլ կերպ ասած, վերջին շուրջ մեկուկես ամսում ՀՀԿ-ին անդամագրվել է 895 մարդ:
Ու թեև դժվար է ասել, թե կոնկրետ ի՞նչ ժամկետ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ ասելով «վերջին մի քանի ամսում»: Հանրապետական պաշտոնյաները պնդում են, որ քաղաքացիների այդ հոսքը սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարությունից հետո: Իսկ դա մոտ երկու ամիս առաջ էր՝ 2016 թվականի նոյեմբերի 24-ին: Այդ երկու ամսվա մեկուկես ամսում, ինչպես նշեցինք, անգամ հազար մարդ չի անդամագրվել իշխող կուսակցությանը:
Անգամ ավելին՝ ՀՀԿ-ից ստացված գրությունների համաձայն կարելի է պնդել, որ վերջին մեկուկես ամսում ՀՀԿ-ին անդամագրվելու նոր դիմումներ համարյա չեն եղել… Մոտ 7000 դիմումներից շուրջ 900-ը բավարարվել է, 6 հազարն էլ դեռ քննարկվում է: Անդամների քանակն էլ ավելացել է 895-ով:
Հ.Գ. Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 26-ին ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո, այդ կուսակցությանը մեկ օրում որոշել է միանալ 7000 հոգի։ Սակայն շատ արագ պարզվեց, որ այդ 7000 դիմումները շատ ավելի երկար ժամանակահատվածում են ներկայացվել:
Ըստ էության, այժմ էլ պարզվում է, որ այդ 7 հազար դիմումներից դեռ մոտ 6 հազարը քննարկման փուլում են՝ համաձայն ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահից ստացված գրությունների: