Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանն անդրադարձող թողարկմանը տասնյակ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ են արվել, որոնք «Փաստերի ստուգման հարթակը» արդեն ամփոփել է ծավալուն հոդվածով։
FIP.am-ն ուշագրավ մանրամասներ է պարզել նաև թողարկման որոշ բանախոսների հրապարակային գործունեության վերաբերյալ։
Օլեգ Բառաբանով․ ադրբեջանամետը
Ռուսական «Առաջին ալիքի» վերոհիշյալ թողարկման ընթացքում, ի թիվս մյուս փորձագետների, կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներով աչքի ընկավ նաև Օլեգ Բառաբանովը, որը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր է, «Վալդայ» ակումբի տնօրենը։
Բառաբանովը 2021 թվականի նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով մասնակցել է «Կովկասում խաղաղության հաստատման խնդիրները» թեմայով կոնֆերանսին․ այն կայացել էր ադրբեջանական վերահսկողության տակ անցած Շուշիում։
Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված իր մեկնաբանության մեջ Բառաբանովը հայերին մեղադրել է «երբեմնի ծաղկուն Շուշան ավերակների վերածելու մեջ», որին Ալիևի կողմից «ազատագրվելուց հետո պայծառ ապագա է սպասվում»։
Բառաբանով․ «Ցավոք, վերջին մոտ 30 տարվա ընթացքում ավերածություններ շատ են եղել, բայց հսկայական շինարարություն է ընթանում, հիանալի ճանապարհ է կառուցվել, ենթակառուցվածքներ են մշակվում․․․ Երկրի (Ադրբեջանի,-խմբ․) ղեկավարության ջանքերը թույլ կտան Շուշան և ազատագրված մյուս քաղաքները շատ արագ կյանքի վերադարձնել»: |
FIP.am-ը հայտնաբերեց Բառաբանովի հակահայկական հրապարակային խոսքի բազմաթիվ այլ օրինակներ ևս․ այսպես, 2022 թվականի հունիսին «Մոսկվա-Բաքու» հարթակի հանդիմանը Բառաբանովը հայտարարել էր՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» և «ՌԴ-ն ճանաչում է այն Ադրբեջանի կազմում»։
«Ադրբեջանցիները պետք է վերադառան «Արևմտյան Ադրբեջան»
Թողարկման բանախոսներից քաղաքագետ ներկայացող Ալեքսանդր Արտամոնովը «Ռուս-ադրբեջանական փորձագիտական համայնքի» (РАЭС) անդամ է և նույնպես հայտնի է ռուսական քարոզչական տիրույթում ադրբեջանամետ թեզեր սպասարկելով։
Արտամոնով․«Ինչ էլ որ լինի, ակնհայտ է, որ մինչև ութ սահմանամերձ գյուղերը Զանգեզուրում չվերադարձվեն Ադրբեջանին և արևմտյան ադրբեջանցիները չվերադառնան իրենց պապենական հողերը, խաղաղության մասին խոսելն ավելորդ է»: |
Փորձագետը նաև պարբերաբար, ի հակադրություն Հայաստանի, կարևորում է Ադրբեջանը՝ որպես ՌԴ ռազմավարական վստահելի դաշնակցի, ու ներկայացնում երկիրը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կառուցողական կողմ։
Այսպիսով, ռուսական «Առաջին ալիքի» եթերում ընդդեմ Հայաստանի թոք-շոուին մասնակցել են ռուսաստանյան տեղեկատվական տիրույթում ադրբեջանական թեզերը սպասարկող փորձագետներ։
Նանե Մանասյան