Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ին անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024», այնուհետև՝ սեպտեմբերի 3–15–ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։
Մինչ այդ հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանը չէր մասնակցել: Մեր երկիրը չէր մասնակցել նաև մայիսին կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
ՀԱՊԿ–ին անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի բարձրագույն իշխանությունը բազմիցս է հայտարարել։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»,— փետրվարի 22-ին France 24-ին տված հարցազրույցում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նույն թեմայով ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ շարունակել էր՝ ընդգծելով․ «Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե ևս կսառեցնի»:
«Փաստերի ստուգման հարթակը» Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն ուղղված հարցմամբ հետաքրքրվել էր՝ կա՞ն քննարկումներ՝ որքան է շարունակվելու սառեցված մնալ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այսինքն՝ կա՞ն ծրագրեր ՀԱՊԿ-ին անդամակցությունը դե-ֆակտո սառեցված ձևաչափից դարձնել դե-յուրե։ «ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը», — ի պատասխան փոխանցել են ԱԳՆ-ից։
Մեր մյուս հարցին, թե որքա՞ն է կազմում ՀԱՊԿ-ին 2024 թվականի համար նախատեսված անդամակցության վճարը և արդյոք հայկական կողմը վճարել կամ պատրաստվում է վճարել այն, ԱԳՆ–ից արձագանքել են․ «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարություն, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ սահմանափակ ձևաչափով ընդունված որոշման ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել»։
Անդամակցության վճարի չափի մասին տեղեկություն ԱԳՆ–ն չի տրամադրել։ Սակայն, ըստ ռուսական աղբյուրների, Հայաստանի ֆինանսական վճարման մասնաբաժինը ՀԱՊԿ-ում 2024 թվականի համար կազմում է 53,22 մլն ռուբլի (շուրջ 603 հազար դոլար)։
ԱԳՆ–ից նաև տեղեկացրել են, որ ՀԱՊԿ բյուջեի առջև գոյացած պարտքի չմարման դեպքում ֆինանսական տույժեր սահմանված չեն։
ՀԱՊԿ կանոնադրության 24-րդ հոդվածը սահմանում է՝ կազմակերպության բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների կողմից բաշխված ներդրումներից:
Կազմակերպության բյուջեի նախագիծը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար մշակվում է քարտուղարության կողմից՝ անդամ պետությունների հետ համաձայնությամբ՝ Կազմակերպության բյուջեի ձևավորման և կատարման կարգի կանոնակարգին համապատասխան: Կազմակերպության բյուջեն հաստատվում է խորհրդի կողմից: Կազմակերպության բյուջեի ձևավորման և կատարման կարգի մասին կանոնակարգը հաստատում է Խորհուրդը:
Անդամ պետություններն ինքնուրույն են կրում իրենց ներկայացուցիչների և փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը Կազմակերպության շրջանակներում անցկացվող հանդիպումներին, Կազմակերպության մարմինների հանդիպումներին և այլ միջոցառումներին, ինչպես նաև մշտական ներկայացուցիչների գործունեության հետ կապված ծախսերը:
Իսկ կանոնադրության 25-րդ հոդվածը սահմանում է՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտայի պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Նկատենք՝ այս տարվա մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց․ «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»:
Ավելի ուշ, հուլիսի 13-ին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը մեկնաբանելով կազմակերպության բյուջեում Հայաստանի ներդրման հետ կապված իրավիճակը, հայտարարել էր, որ չնայած ՀԱՊԿ անդամավճարն այս տարի չվճարելու Երևանի որոշմանը՝ 2025թ. անդամավճարի գումարը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին։
ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի դժգոհությունները հիմնականում պայմանավորված են այն փաստով, որ Հայաստանը չի ստացել անհրաժեշտ աջակցություն, որը պետք է տրամադրվեր Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար, հատկապես երբ Ադրբեջանի հետ սահմանային լարվածությունը սրվեց: Հայաստանի որոշումը՝ սառեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ֆինանսավորումը դադարեցնելը արտացոլում է կազմակերպության արդյունավետության վերաբերյալ խորը մտահոգությունները:
Վերջին ամիսների իրադարձությունները, ՀՀ բարձրագույն իշխանության հայտարարությունները, կուլիսային տրամադրությունները ցույց են տալիս, որ երկիրը շարժվում է ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին մեր հստակեցնող հարցին ի պատասխան, ՀՀ ԱԳՆ-ից փոխանցել են․ «Հայաստանյան կողմի պաշտոնական դիրքորոշման մասին, ըստ անհրաժեշտության և սահմանված կարգով, կապահովվի հանրային իրազեկում որոշման նախագծի քննարկումների վերջնականացումից հետո»։
Սյուզաննա Համբարձումյան