Այս տարվա փետրվարին Ազգային ժողովը հավանության արժանացրեց նոր կառավարության ծրագիրը, որում կարևոր տեղ էր հատկացվել ներքին անվտանգությանը։ Մասնավորապես, ըստ կառավարության ծրագրի՝ «ներքին անվտանգության ապահովման ոլորտում առաջնային խնդիրներից է հանցավորության մակարդակի շարունակական նվազումը»։
Տեսնենք, թե որքանով է կառավարությանը հաջողվել իրականացնել իր ծրագրային դրույթներով ամրագրված խոստումն այս տարվա առաջին կիսամյակում։
Վիճակագրություն
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 12 250 դեպք, որը 9 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված հանցագործությունները։
Այստեղ մեծ է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը, որոնք կազմել են, համապատասխանաբար, 16 և 35.3 տոկոս նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, այս տարի արդեն իսկ արձանագրվել է 1 812 ծանր և 134 առանձնապես ծանր հանցագործության դեպք այն դեպքում, երբ նախորդ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում գրանցվել էր համապատասխանաբար 1 562 և 99 դեպք։
Հանցագործություններից առավել նշանակալի աճ են արձանագրել պետական, հանրային և մասնավոր գույքի գողության դեպքերը։ Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված պետական և հանրային գույքի գողության դեպքերն աճել են մոտ 2.5 անգամ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ընդամենը 30 նմանատիպ հանցագործություն։
Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է մասնավոր գույքի գողության 4779 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.2 տոկոսով, այդ թվում՝ բավականին շատ են եղել բնակարանային գողության դեպքերը՝ 710 դեպք։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տեսակի հանցագործությունն աճել է 38.7 տոկոսով։
Այս տարվա առաջին կեսում գրանցվել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 99 դեպք, նախորդ տարվա առաջին կեսի՝ 75 դեպքի համեմատ։
Բավականին շատ են նաև պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը՝ 165 դեպք, նախորդ տարվա առաջին կիսամյակի 109 դեպքի փոխարեն, կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը՝ 190 դեպք, նախորդ՝ 159 դեպքի փոխարեն։ Ավելի քան 24 տոկոսով ավելացել են նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը։ Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 685 նման հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 552 դեպքի փոխարեն։
Դրական դինամիկան
Չնայած հանցագործությունների ընդհանուր թվի աճին, այս տարվա առաջին կեսին որոշ հանցագործություններ նվազման միտում ունեն։ Մասնավորապես, բավականին նվազել են անձի դեմ ուղղված հանցագործությունները։ Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 2012 նման հանցագործություն՝ նախորդ տարվա 2417 դեպքի համեմատ։ Այստեղ բավականին նվազել են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես՝ բռնաբարությունը և բռնաբարության փորձը։ Այս տարվա առաջին կեսին արձանագրվել է ընդամենը 8 նմանատիպ հանցագործություն՝ նախորդ տարվա 14 դեպքի համեմատ։
2019-ի առաջին կիսամյակում բավականին նվազել են նաև հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության դեպքերը (361 դեպք նախորդ տարվա 445 դեպքի փոխարեն) և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները (464 դեպք նախորդ 512-ի փոխարեն)։
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ հանրապետությունում հանցավորությունը նվազման միտում չունի. դրական տեղաշարժ կա միայն մի քանի կետերի առումով, մինչդեռ բավականին մեծ տեմպերով աճել են որոշ վտանգավոր հանցատեսակներ։ Փաստացի, ըստ կառավարության ծրագրի՝ մենք պետք է ականատես լինեինք հանցավորության մակարդակի շարունակական նվազման, մինչդեռ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, իրականությունն այլ է։