Վիճակագրական կոմիտեն 2019 թ. նոյեմբերին հրապարակեց այս տարվա առաջին ինն ամիսներին հանրապետությունում գրանցված իրավախախտումների մասին ամփոփ վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակած տվյալները՝ հասկանալու, թե հատկապես որ հանցատեսակներն են աճել և որոնք ունեն նվազման միտում։
Ընդհանուր պատկերը
Եվ այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է 18,865 հանցագործության դեպք, որը 6.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված հանցագործությունների թվից՝ 17,673 դեպք։
Հատկանշական է, որ աճել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ միջին ծանրության, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունները։
Հատկապես շատացել են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները։ Մասնավորապես՝ ծանր հանցագործությունների թիվն աճել է 18,3 տոկոսով. եթե 2018-ի առաջին ինն ամսում գրանցվել էր 2496 դեպք, ապա այս տարի՝ 2953 դեպք։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարի 215-ն է, ինչը նախորդ տարի գրանցված 162 դեպքից ավել է 32․7 տոկոսով։
Հրազենի կամ ռազմամթերքի կիրառմամբ կատարված հանցագործությունները ևս աճել են՝ 44 դեպքից դառնալով 50։
Անձի դեմ ուղղված հանցագործություններ
Ըստ ոստիկանության տվյալների՝ նկատելի է անձի դեմ ուղղված հանցագործությունների մոտ 16 տոկոս նվազում։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 3168 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 3766 դեպքի համեմատ։
Բռնաբարությունների և բռնաբարության փորձի դեպքերը նվազել են 32 տոկոսով։ 2019 թ. առաջին ինն ամիսներին արձանագրվել է 17 նման դեպք՝ նախորդ տարվա 25 դեպքի փոխարեն։
Անձի դեմ ուղղված այլ հանցագործությունները նվազել են ավելի քան 21 տոկոսով՝ նախորդ տարվա 2817 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 2216 նման դեպք։
Այս ամենին զուգահեռ՝ ավելացել են և՛ սպանությունների (12.5 տոկոս), և՛ սպանության փորձի (20 տոկոս), և՛ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (20.6 տոկոս) դեպքերը։
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ
Նախորդ տարվա առաջին ինը ամիսների համեմատ՝ 17,7 տոկոսով ավելացել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 8107 դեպքից հասնելով 9540 դեպքի։
Այս թվում առավել մեծ թիվ են կազմում անձնական գույքի հափշտակությունները, որոնք ավելացել են 20 տոկոսով։ Աճ են արձանագրել գողության (24,3%) և խարդախության (9.8%) դեպքերը։
Այս հանցագործությունների մեջ էականորեն նվազել են արձանագրված կողոպուտի դեպքերը (27.9%) և յուրացման կամ վատնման դեպքերը (18,2%)։
Հաշվետու ժամանակահատվածում մոտ 15 տոկոսով նվազել են նաև պետական կամ հանրային գույքի հափշտակությունները։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ
Ավելացել են նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել էր նմանատիպ 2671 հանցագործության դեպք, այս տարի դրանք ավելացել են մոտ 6,5 տոկոսով (2845 դեպք)։ Այստեղ հատկապես մեծ աճ են արձանագրել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը (18.3%) և խուլիգանությունը (37,3%)։ Ընդ որում՝ զենքի գործադրմամբ խուլիգանություններն ավելացել են ավելի քան 50 տոկոսով։
Ավելացել են նաև թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները։ Նախորդ տարվա առաջին 9 ամիսների հետ համեմատ՝ այս տարի դրանք աճել են 9,7 տոկոսով։
Այս տարի ավելի քան 20 տոկոսով նվազել են հրազեն ու ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու դեպքերը։
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ այս տարվա առաջին ինն ամիսներին աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, փոխարենը նվազել են անձի դեմ ուղղված հանցագործությունները։