Խոսելով Հանրապետական կուսակցության փորձի մասին՝ Վիգեն Սարգսյանը Ազատություն ռադիոկայանի եթերում ասում է, որ հենց այդ փորձի շնորհիվ է այս տարիների ընթացքում երկիրը զարգացել, եղել է խաղաղություն, եղել է սահմանների անվտանգություն, եղել է հաջող արտաքին քաղաքականություն՝ իր արդյունքներով։
Մի կողմ թողնելով այս տարիների ընթացքում երկրի արձանագրած առաջընթացի, խաղաղության և սահմանների անվտանգության վիճելի պնդումները՝ անդրադառնանք Վիգեն Սարգսյանի մատնանշած հաջող արտաքին քաղաքականությանը։
Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո արտաքին քաղաքականության օրակարգ բերեց երկու խոշոր նախաձեռնություն, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում բացարձակապես կամ մասնակիորեն ձախողվեցին։
Առաջին նախաձեռնությունը հայ-թուրքական արձանագրություններն էին։ Պատմաբանների միջպետական խորհրդի ստեղծման արդյունքում Հայաստանը, ըստ էության, կասկածի տակ դրեց Ցեղասպանության եղելիության փաստը։ Սակայն, ինչպես ներկայացվեց հանրությանը, պատմաբանների խմբի ստեղծումը հետապնդում էր ավելի մեծ նպատակ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում և ի վերջո՝ Հայաստանը շրջափակումից հանելու գերխնդիր։ 2018 թվականի մարտի 1-ին Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց ստորագրված արձանագրությունները՝ վերջակետ դնելով 10 տարի առաջ սկսած իր նախաձեռնությանը։
Երկրորդ, թերևս, ամենակարևոր արատքին քաղաքական նախաձեռնությունը ցուցաբերվեց 2010 թվականին, երբ մեկնարկեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։ 3.5 տարի Հայաստանի ողջ պետական համակարգը աշխատեց Ասոցացման պայմանագրի նախապատրաստման համար, սակայն 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն ընտրում է Եվրասիական տնտեսական միությունը: Արդյունքում ՀՀ և ԵՄ միջև սկսվեց նոր բանակցային գործընթաց, որի արդյունքում արդեն 2017 թվականի նոյեմբերին ստորագրվեց Երևանի և Բրյուսելի միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որը, սակայն, շատ ավելի թույլ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ըստ աշխարհահռչակ Ecorys կազմակերպության հետազոտության, ԵՄ հետ ասոցացման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն մի քանի տարի հետո կունենար լրացուցիչ 2,3 տոկոսանոց աճ, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային լրացուցիչ 146 միլիոն դոլարով: Ըստ նույն հետազոտության, 15 տոկոսով ավելանալու էին նաև Հայաստանից արտահանման ծավալները։
Ըստ զեկույցի, Հայաստանի ներսում շուկայական մրցակցության ուժեղացումը հանգեցնելու էր նաև աշխատավարձերի 2,7 տոկոսանոց լրացուցիչ բարձրացման, իսկ աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակն ավելանալու էր լրացուցիչ 7 տոկոսով: Աղքատությունը, ինչպես ծայրահեղ, այնպես էլ՝ ընդհանուր, էական սղաճ կապրեր։ Այլ կերպ ասած՝ արտաքին քաղաքական այս ձախողումը, համաձայն այս հետազոտության, մուլտիպլիկատիվ ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի տնտեսական զարգացման վրա։
Ուշագրավ է, որ Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Ազատությանը» տված հարցազրույցի տեսանյութի մոնտաժված տարբերակով, որում հեռացված են հարցազրույցի «անցանկալի» հատվածները։
Ավելի վաղ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, Վիգեն Սարգսյանը կշտամբել էր հաղորդավարին, որ վերջինս մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին, քվե ստացել, այնուհետև չի գնացել ավագանի՝ խաբել է ընտրողին։
Այս մասով հարկ է հիշցնել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական ցուցակը կրկին գլխավորում էր Վիգեն Սարգսյանը, որը, սակայն, չգնաց խորհրդարան, այլ մնաց պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս համատեքստում մեղադրել լրագրող Պետրոս Ղազարյանին, որ նա չի գնացել Երևանի ավագանի, կարծում ենք՝ ազնիվ չէ։
Ռաֆայել Աֆրիկյան