Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի առանձին հաղորդումների շրջանակներում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինին, Վիտալի Միլոնովին և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Այս հարցազրույցները հանրայինի եթերում հեռարձակվեցին ռուսերենով, առանց համաժամանակյա թարգմանության կամ ենթագրերի, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։
«Փաստերի ստուգման հարթակը» անդրադառնալով այս հաղորդումներին՝ փաստեց, որ Հանրայինը խախտել է «Լեզվի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքները, քանի որ դրանց համաձայն՝ Հայաստանում հեռարձակվող հաղորդումները պետք է լինեն հայերեն կամ ապահովվեն դրանց հայերեն թարգմանությունները (կրկնօրինակում, հնչյունավորում և (կամ) ենթագրեր):
Թեմայով պարզաբանում էինք խնդրել նաև Հանրային հեռուստաընկերության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից։
Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից «Փաստերի ստուգման հարթակին» տրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։
- Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի «Առաջին ալիք» և «Լրատվական ալիք» տեսալսողական ծրագրերի եթերում սույն թվականի փետրվարի 25-ին ժամը 21:15-ին, մարտի 2-ին ժամը 20:50-ին և մարտի 3-ին ժամը 20:45-ին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» օտարալեզու հաղորդումները հեռարձակվել են առանց հայերեն ընկալման միջոցներն ապահովելու:
- «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կողմից առերևույթ չեն պահպանվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2 րդ մասի բ) կետով ամրագրված պահանջները։
- Հանրային հեռարձակողի խորհուրդը կատարված խախտման վերաբերյալ ստացել է հեռուստաընկերության պարզաբանումը, որտեղ նշված է. Ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հարցազրույցները հեռացվել են Հանրային հեռուստաընկերության և Առաջին լրատվական ալիքի կայք-էջերի հայերեն բաժիններից և տեղափոխվել ռուսերեն բաժիններում: Վերահաստատում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը մշտապես հետամուտ է եղել և կլինի «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջին:
Վստահեցնում ենք, որ նման դեպքերի բացառման ուղղությամբ կարվի հնարավորը՝ համատեղելով օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու հանձնառությունը և օրենքի տառին հետևելու պահանջը։
Հանրային հեռարձակողի խորհուրդը հեռուստաընկերության ղեկավարությանը հորդորել է սահմանել լրացուցիչ կանոնակարգ՝ ժամանակի սղության պայմաններում օտարալեզու հաղորդումները հայերեն ենթագրերով ապահովելու վերաբերյալ։
Հավելենք, որ Հանրայինի «Լուրերի» տնօրինությունից նշված երեք խախտումների դեպքում թարգմանության բացակայությունը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ։ Արդեն մարտի 18-ին հեռարձակված, ըստ էության նույն ռեժիմով նկարահանված հաղորդման մեջ Պետրոս Ղազարյանն իր անգլախոս հյուրին հարցերն ուղղում է հայերենով, իսկ ստացված պատասխանը թարգմանված է։
Սևադա Ղազարյան